Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը:
Հայաստանցիների մեծամասնությանը այս տեղեկությունը դժվար թե որեւէ բան ասի. օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մերոնք այնքան էլ չեն հետաքրքրվում Եվրոպայի հետ պաշտոնական հարաբերություններով, հատկապես՝ տարբեր հանդիպումներով ու ծրագրերով։ Սակայն երեկ մեկնարկած բանակցությունները, հաջողության դեպքում, էականորեն կազդեն Հայաստանի բնակչության մեծամասնության վրա։ Ասոցիացման համաձայնագիրն, իրոք, որակապես նոր փուլ է բացում Հայաստան-Եվրոպա հարաբերություններում։ Նշենք, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է մեկ տարով։ Ներկայումս գործող այդ համաձայնագիրը փոխարինվելու է Ասոցիացման համաձայնագրով, որում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները:
ՀՀ շարքային քաղաքացիների համար հատկապես կարեւոր է ազատ տեղաշարժի հնարավորությունը, որը թույլ կտա առանց խոչընդոտների շրջագայել Եվրոպայում։ Սակայն ամենակարեւոր բաղադրիչը, թերեւս, տնտեսականն է։ Ասոցիացված համաձայնագրի բաղկացուցիչ մաս է հանդիսանում, այսպես կոչված, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը հայ գործարարների համար կբացի եվրոպական շուկաների դռները։ Եվրոպան այսօր Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է։ Չնայած համաշխարհային ճգնաժամի պատճառով առեւտրաշրջանառության տեմպերը նախորդ տարի անկում ապրեցին, այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստան-ԵՄ երկրներ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 1.2 միլիարդ դոլարը` կազմելով ընդհանուր առեւտրաշրջանառության 30%-ը։ Վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունն աճել է 2.5 անգամ։ Եվ դա այն պարագայում, երբ ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի հետ առեւտրի դեպքում զրոյական մաքսատուրքեր չեն գործում, կան բազմաթիվ տեխնիկական եւ փաստաթղթային խոչընդոտներ, տեղեկացվածության ցածր մակարդակ եւ այլն։ Մինչեւ 2009թ. Հայաստանն օգտվում էր ԵՄ-ի «Արտոնությունների Ընդհանրացված Համակարգ» (GSP) առեւտրային ռեժիմից, որը 2009թ. հունվարի 1-ից փոխարինվեց GSP+ առեւտրային ռեժիմով։ Այն հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկաներ արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով։ Այս ռեժիմը գործելու է մինչեւ 2011թ. ավարտը։ 2007թ. Եվրոպական հանձնաժողովը ուսումնասիրություն կատարեց՝ եզրակացնելով, որ ժամանակն է կնքել խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր։ Այն պետք է ներառի բոլոր ոլորտները (ապրանքների եւ ծառայությունների առեւտուր, ներդրումներ, մրցակցություն, գնումներ), դրան գումարած` պարունակի նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ 2009թ. Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելությունը Հայաստանում ուսումնասիրեց բոլոր այն մարմինները, որոնք ներառված կլինեն ապագա համաձայնագրի մեջ, եւ ներկայացրեց իր առաջարկները, որոնց ուղղությամբ Հայաստանը պետք է քայլեր կատարի։
Փաստորեն, Եվրոպան սկզբունքորեն դեմ չէ Հայաստանի հետ հավասարը հավասարի պայմաններով համագործակցել։ Ավելին, չեն բացառում նաեւ մեր հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։ Սակայն դնում են պայմաններ՝ եթե ցանկանում եք մաս կազմել եվրոպական ընտանիքին, ուրեմն՝ պետք է համապատասխանեք մեր չափանիշներին ամենատարբեր ոլորտներում՝ կրթություն, արդարադատություն, բիզնես, իրավական համակարգ եւ այլն։ Ընդ որում, ոչ միայն պայմաններ են դնում, այլ աջակցում, որ մենք որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում մոտենանք այդ չափանիշներին։ Օրինակ, 2009-ից ՀՀ-ում իր աշխատանքը սկսեց ԵՄ խորհրդատվական խումբը, որի փորձագետները ամենատարբեր ոլորտներում կցված են տարբեր նախարարությունների՝ կոնկրետ խնդիրների լուծմանը աջակցելու, կարողություններ ձեւավորելու համար։
Այսինքն՝ ամեն ինչ կախված է առաջին հերթին մեզանից. կանենք իրական քայլեր՝ Եվրոպան կբացի իր դռները մեր առաջ, չենք անի՝ ուրեմն ոչ ոքի մեղադրել չենք կարող։ Շատ տրամաբանական է, որ Եվրոպան ցանկանում է տեսնել հավասար գործընկեր, նույն արժեքներով։ Թվում է, թե դա այդքան էլ մեծ խնդիր չէ, քանի որ մենք մեզ համարում ենք եվրոպացի ու մասնակցում Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը։ «Հայաստանի անկախությունից ի վեր, եվրոպական ուղղությունը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը հեռանկար է բացում ԵՄ-ի հետ նոր որակի պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար, մասնավորապես՝ Ասոցիացման համաձայնագրի միջոցով, որի մեկնարկն ենք նախաձեռնել այսօր»,- ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Սակայն հակառակ այս պնդման՝ անկախության ձեռքբերումից ի վեր, տարբեր համաձայնագրերի ու կոնվենցիաների տակ ստորագրելուն զուգահեռ, Հայաստանն իր գործնական քայլերով շատ է հեռացել Եվրոպայից։ «Որքան որ հին է եվրոպական մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի եւ հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ակամայից հիշում ես հայտնի կատակը՝ երբ հայերը թատրոն ունեին, մյուս ազգերը ծառից ծառ էին թռչկոտում։
Ամեն դեպքում, բանակցությունների մեկնարկը տրված է։ ՀՀ-ի կողմից բանակցային գործընթացի կազմակերպման նպատակով 2010թ. հուլիսի 15-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին», ըստ որի՝ ՀՀ-ի կողմից բանակցությունների համակարգողն է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ գլխավոր բանակցողը՝ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Տնտեսական, ֆինանսական ոլորտներում համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է ֆինանսների փոխնախարար Մուշեղ Թումասյանը:
Ըստ մասնագետների, այսպիսի բանակցությունները ձգվում են 1-2 տարի։ Հաշվի առնելով նախկին 20 տարիների փորձը, մարդու հավատը չի գալիս, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանում լուրջ բարեփոխումներ կլինեն եվրոպական չափանիշներին մոտենալու ուղղությամբ։ Այնպես որ, մեր բանակցող պաշտոնյաների խմբին դժվարին փորձություն է սպասվում՝ չեղածը եղածի տեղ անցկացնելով՝ համոզել, որ մենք եվրոպացիներից ավելի եվրոպացի ենք դարձել։