Նոտար. «իրավաբանական», բայց ո՛չ «օրինական անձ»

20/07/2010

2010թ. հունիսի 4-ին հանձնել եմ ՀՀ Արդարադատության նախարարության` նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման համար հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով թարգմանությունների քննություն:

Քննությունը ստուգող մասնագետը` ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, իմ թարգմանություններից յուրաքանչյուրը գնահատել է 13 միավոր (հնարավոր 20 միավորից) եւ գրել. «Հայերենից թուրքերեն եւ թուրքերենից հայերեն թարգմանության մեջ ձեւակերպումները սխալ են (հայերենին եւ թուրքերենին անհարիր), առկա են քերականական եւ ուղղագրական սխալներ»:

Սակայն մասնագետը չէր նշել, թե առկա՞ են, արդյոք, թարգմանական սխալներ, իսկ հայերենից թուրքերեն կատարած թարգմանության մեջ չէր արել եւ ոչ մի նշում: Այսինքն` չկար ոչ մի ապացույց, որ հայերենից թուրքերեն իմ թարգմանության մեջ ձեւակերպումները սխալ են, թուրքերենին «անհարիր», առկա են քերականական եւ ուղղագրական սխալներ: ՀՀ Արդարադատության նախարարին դիմում գրեցի 28.06. 2010թ.` խնդրելով իր պատկան կառույցի միջոցով նշանակել հանդիպում իմ քննությունը ստուգող մասնագետի հետ` թարգմանություններիս վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով: Դիմումիս հիման վրա Սաֆարյանին հանձնարարվել էր վերստին ստուգել իմ քննությունը եւ տալ համապատասխան բացատրագիր: Իսկ 06.07. 2010թ. իր բացատրագրում Սաֆարյանը տարակուսանք եւ նույնիսկ զարմանք էր արտահայտում առ այն, որ նախքան իմ վերոնշյալ դիմումը գրելը, ես չեմ «հետաքրքրվել» եւ ստուգել թարգմանություններիս մեջ առկա «բազմաթիվ» անճշտություններն ու «կրկնվող վրիպումները»: Եթե նա չզլանար դա անել սկզբում, գուցե իմ այդ դիմումի կարիքն անգամ չլիներ: ՀՀ Արդարադատության նախարարության միջոցով ես նրան վճարել եմ 25.000 դրամ, որպեսզի նա պատշաճորեն կատարեր Նախարարության կողմից եւ ՀՀ Կառավարության «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու մասին» թիվ 193 որոշմամբ իրեն հանձնարարված պարտականությունը: Իսկ նա թերացել էր եւ տեղիք տվել բազմաթիվ կասկածների:

Սաֆարյանն իր բացատրագրում նաեւ նշել էր, որ թուրքերեն մի տերմինը արեւելահայերենում պետք էր թարգմանել «իրավաբանական անձ» եւ ոչ թե «օրինական անձ», ինչպես ես էի թարգմանել, ու հավելել էր, որ Հայաստանում նոտարական թարգմանիչ լինելու համար հարկավոր է ունենալ նաեւ «արեւելահայերենի եւ համապատասխան (իրավաբանական) եզրաբանության իմացություն»: Սակայն ՀՀ պետական լեզուն հայերենն է (տես` ՀՀ Սահմանադրություն` Գլուխ 1, Հոդված 12, եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենք` Հոդված 1), որը «սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները» (տես` «Լեզվի մասին» ՀՀ օրենք` Հոդված 1), եւ պաշտոնական լեզուն գրական հայերենն է (տես` «Լեզվի մասին» ՀՀ օրենք` Հոդված 1). այսինքն ՀՀ պետական եւ պաշտոնական լեզուն միայն արեւելահայերենը չէ: Չնայած որ Հայաստանում արեւելահայերենն է լայնորեն օգտագործվում, վերոնշյալ հոդվածներից ակնհայտ է, որ արեւելահայերենը եւ արեւմտահայերենը հավասար իրավաբանական ուժ ունեն ՀՀ-ում: Ես այդ թուրքերեն տերմինը թարգմանել էի «օրինական անձ»` հիմք ընդունելով քննության ընթացքում իմ օգտագործած թուրքերենից հայերեն բառարանը, որը տպվել է Ստամբուլում, իսկ պատրաստվել Վիեննայում` Մխիթարյան ուխտի կողմից: Այս բառարանում կիրառվող հայերենը, բնականաբար, արեւմտահայերենն է, ուստի քննության ընթացքում իմ օգտագործած «օրինական անձ» տերմինը, Հայաստանում լայն կիրառում չունենալով հանդերձ, այնուամենայնիվ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Լեզվի մասին» օրենքին, եւ հետեւաբար՝ չէր կարող սխալ համարվել:

Սաֆարյանն իր բացատրագրի մեջ նաեւ նշել էր, որ ես` լինելով թուրքերենի կրող, նույնիսկ հայերենից թուրքերեն իմ թարգմանության մեջ թույլ եմ տվել այնպիսի տարրական սխալներ, որոնք, ըստ իր արած ակնարկի, անգամ թուրքերենի առաջին կուրսի ուսանողները դժվար թե թույլ տային` անգամ առաջին կիսամյակում: Սակայն «սխալի» եւ «վրիպումի» միջեւ կա մեծ տարբերություն, եւ ես լավ ծանոթ եմ Սաֆարյանի ղեկավարած ամբիոնի ոչ թե առաջին կուրսի ուսանողներին, այլ շրջանավարտներից շատերի հետ, ներառյալ՝ ներկայում որպես նոտարական թարգմանիչ աշխատողներին, եւ լինելով թուրքերենի կրող, քաջ տեղյակ եմ նրանց թուրքերեն լեզվին «տիրապետելու» մակարդակին: Ավելին, իմ` հայերենից թուրքերեն թարգմանության մեջ Սաֆարյանի կողմից արված նշումներից մեկից ինձ համար պարզ դարձավ, որ չնայած նա բարձրակարգ թուրքագետ է, այնուամենայնիվ, թուրքերենի կրող չէ, եւ հետեւաբար չի տիրապետում թուրքերեն լեզվի մի շարք նրբերանգներին:

Մինչ այժմ հանելուկ է մնացել, թե ես ի՞նչ հիմունքներով եմ ստացել 13 եւ ոչ 14 կամ 15, կամ նույնիսկ 11 միավոր` այս երկու թարգմանություններից: Ինչպիսի՞ն է Սաֆարյանի նիշային գնահատման համակարգը:

Իսկ թուրքերեն քննությունից ուղիղ մեկ օր առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունում հանձնել եմ նաեւ անգլերեն լեզվի քննություն, որն, ըստ իս, ավելի բարդ էր, քան թուրքերեն քննությունը: Սակայն անգլերեն քննությունը հանձնել եմ հաջողությամբ եւ ստացել «Անգլերեն լեզվից թարգմանչի որակավորում» եւ Նախարարությունից համապատասխան տեղեկանք: Ըստ Սաֆարյանի տրամաբանության (արեւելահայերենի եւ իրավաբանական եզրաբանության իմացություն)` անգլերենի (եւ հատկապես անգլերենից հայերեն) քննությունը ես նույնպես պետք է որ «անհաջող» հանձնեի: Իմ ցանկությամբ եւ թուրքերեն քննությանս դառը փորձից ելնելով, ծանոթացել եմ նաեւ անգլերեն քննության աշխատանքիս եւ տեսել, որ այս աշխատանքը ստուգող անգլերենի մասնագետը գոնե առաջին իսկ ստուգումից հիմնավորել էր չնչին առարկությունները եւ կատարել համապատասխան նիշային գնահատում` յուրաքանչյուր էական առարկությանը: Նա իրոք պատշաճորեն կատարել էր իր աշխատանքը:

Իմ այս գրությամբ ես չեմ պահանջում հայերեն-թուրքերեն եւ թուրքերեն-հայերեն լեզուներով իմ թարգմանությունների քննության միավորների բարձրացում, կամ էլ այս քննության ստուգման համար ՀՀ Արդարադատության նախարարության միջոցով Ալեքսանդր Սաֆարյանին վճարածս 25.000 դրամի վերադարձ: Այս գրությամբ ես պարզապես ուզում եմ բացահայտորեն ապացուցել, որ ՀՀ-ում նոտարական գործողություններին մասնակցող թուրքերեն լեզվից թարգմանչի որակավորման համար անցկացվող քննությունների ստուգման համակարգն առնվազն կասկածանքի տեղիք է տալիս:

Սայաթ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի թարգմանիչ, ՀՀ քաղաքացի (նախկին պոլսահայ)