Ընտրության առջեւ
Ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը, մրցանակները հանձնվեցին, հյուրերը մեկնեցին, սակայն մնացին հարցերը: Համարձակվեք ասել, որ հարցերի ծնունդը նույնպես «Ոսկե ծիրանի» ձեռքբերումներից մեկն է (այնպես, ինչպես հայտնի ֆիլմերն ու լավ մասնագետներին ներկայացնելը): Հարցի առկայությունը ենթադրում է, որ խնդիրը նկատվել է, չի անտեսվել ու չի քողարկվել դատարկ խոսքերի ու մեդալների շնորհանդեսով: Եվ երբ տեսնում ես, թե ինչպես է «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանն ամեն կերպ փորձում ետին պլան մղել խնդիրներն ու հարցերին ընկերական (հյուրընկալ, մտերմիկ) մեկնաբանություն տալ, հասկանալի է դառնում, որ «Ոսկե ծիրանը» ակամայից շատ լուրջ խնդիրներ է բարձրացրել, սակայն դրանք լուծել ի զորու չէ:
Այսպես թե այնպես, կինոն ու կինոփառատոնը անմիջապես կապակցվում են Հայաստանում առկա ամենացավոտ պրոբլեմի հետ` ընտրության: Եվ նշանակություն չունի, թե ի՞նչ է ընտրվում (պետական աջակցություն ստացող ռեժիսորների՞ն, նախագահների՞ն, տարբեր պետերի՞ն, թե՞ ընդամենը մրցութային ծրագրերում մասնակցող ֆիլմերը), կարեւորը ընտրության բաց լինելու հանգամանքն է, որը եթե որեւէ կետում խախտվում է, ապա իր ետեւից բազմաթիվ «փակ» շրջանառություն ունեցող համակարգեր է ծնում: 7 տարի առաջ ստեղծված «Ոսկե ծիրանի» ներուժը պրոֆեսիոնալ կազմակերպիչներն ու ազատ ընտրելու սկզբունքն էր: Ազատությունը հիմնվում էր նաեւ այն փաստի վրա, որ մեծ հաշվով պետական կառույցները չէին միջամտում փառատոնի աշխատանքներին (թեեւ, իհարկե, նաեւ գումարով չէին օգնում): Իսկ հետո «Ոսկե ծիրանը» գրավիչ դարձավ ոչ թե որպես սոսկ կինոստուգատես, այլ` Հայաստանում անցկացվող մի տոն, որի մասը դառնալով` կարելի է բարձրացնել սեփական կշիռը (գլամուրային ու «vip» փայլ հաղորդելով մի փառատոնի, որի իրական փայլը պետք է դեմոկրատական պարզությունը լինի): Վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի դարձավ, որ տարբեր գերատեսչությունները, միավորումներն ու հայկական կինոյի կարկառուն դեմքերը ակտիվորեն մասնակցում են փառատոնի աշխատանքներին` ազդելով ոչ միայն միջոցառումների ֆորմատի վրա, այլեւ փորձ անելով բովանդակային փոփոխություններ անել: Շատացան մեդալները, հատուկ ընդունելությունները, տուրիստական երթուղիները, պետական այրերի ու տիկնանց հետ հանդիպումներըգ Այսինքն` «Ոսկե ծիրանը» դուրս եկավ կինոյի սահմաններից ու մտավ հայրենի իրականություն: Իսկ հայրենի իրականության դառը ու քաղցր կողմերը շատ հեղհեղուկ են: Թվում է, որ քաղցր կոնֆետ ես ուտում, սակայն միջուկը կարող է հեղձուցիչ դառնություն պարունակել: Համենայնդեպս, մրցութային ծրագրին ու հաղթողների անվան հետ ծանոթանալով, շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ «Ոսկե ծիրանն» այս տարի մեծ փորձության միջով է անցել, որից բարեբախտաբար կարողացել է առանց լուրջ կորուստների դուրս գալ: Նախորդ տարիներին հայրենի կինոգործիչներն անտեսում էին «Ոսկե ծիրանը», սակայն անցյալ տարվանից սկսած` շատերը (որոնք հասցրել էին ֆիլմ նկարահանել) մասնակցեցին «Ոսկե ծիրանի» միանգամից մի քանի անվանակարգերում: «Ոսկե ծիրանը» բոլորին ներկայացրեց (թեեւ, եթե ազնիվ լիներ` շատերին ծրագրից դուրս պիտի թողներ): Սակայն, քանի որ «Ծիրանն» իր վրա է վերցրել նաեւ հայկական կինոյի պրոպագանդումը, ապա հնարավորություն ստացավ ասել` ես ցուցադրում եմ, սակայն չեմ դատում: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը նկատեց. «Փառատոնի հաջողությունը պայմանավորված է 2 գործոնով` ի՞նչ է ներկայացված, եւ ո՞վ է այն դատում: Այսինքն, կարեւոր է ֆիլմերի ցանկն ու ժյուրիի անդամների կշիռն ու հեղինակությունը»: Շատ կինոքննադատներ նկատում էին, որ մրցութային ծրագրերում մասնակցող ֆիլմերը թույլ էին: Արդեն մի քանի տարի «Ոսկե ծիրանի» աշխատանքներին ակտիվորեն մասնակցող հոլանդացի կինոքննադատ Պիտեր վան Բյուրենի ուշադրությունից չէր վրիպել այն փաստը, որ պատվավոր հյուրերն ու արտամրցութային ֆիլմերը գնալով ավելի լավն են դառնում, սակայն մրցութային ֆիլմերի որակը չի աճում: Նա ասաց, որ երբ փառատոնը սակավ ուշադրություն է դարձնում մրցութային ֆիլմերի հեղինակների ներկայությանը փառատոնում, ապա լուրջ վտանգի առջեւ է կանգնում: «Այս տարի սեփական ֆիլմերը մրցույթներում ներկայացնող ընդամենը 4 ռեժիսոր է ժամանել Երեւան, ինչը, կարծում եմ, շատ վատ ցուցանիշ է, չէ՞ որ մրցույթը փառատոնի հիմքն է: Հասկանալի է, որ ֆինանսական խնդիրներ կան, սակայն մրցույթի որակի մասին չպիտի մոռանալ: Ուղղակի հիանալի է, որ այսքան հայտնի ռեժիսորներ են ժամանում, սակայն դա քիչ է փառատոնի կայացման համար»,- ասաց նա: «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նկատեց, որ իրենք բոլորին էլ հրավերներ են ուղարկել, սակայն հանգամանքների բերումով` մրցութային ֆիլմերի հեղինակներից շատերը չեն կարողացել Երեւան գալ:
Դա նույնպես ընտրության հարց էգ Եվ երբ գալիս է ընտրության պահը, «Ոսկե ծիրանը» փորձում է մանեւրել, չէ՞ որ, երբ ուշադրության կենտրոնում ես հայտնվում, սկսում ես առավել շատ շարժվել` երկու ոտքի վրա ամուր կանգնած մնալու համար: Եթե մի ոտքն արդեն ամուր դրվել է գլամուրի ոսկեզօծ հողի վրա, ապա որպես հակակշիռ, մյուս ոտքը պետք է դնել անկաշկանդ ցանցային մոդելի վրա: Ինչն էլ հաջողությամբ կիրառվեց այս տարի: Ոսկեզօծ մեդալաշատ հանդիպումների կողքին կազմակերպվում էին էկո-հանդիպումներ («Ակումբ» սրճարանի էկո-մթնոլորտում), եւ փառատոնի այն պատվավոր հյուրերը, որոնք շվարած էին երեւանյան շոգից ու գավառական գլամուրի առատությունից, այստեղ գտնում էին այն միջավայրը, որտեղ օդ ու շփում կար: Եվ հենց այստեղ էին ֆիլմերի հեղինակները անհամբեր սպասում քննարկումների, քանի որ գլոբալ իրադարձության մեջ լոկալ ցանցի մոդել էր ստեղծվել ու դրվելով շրջանառության մեջ` շատ մեծ արձագանք էր ստացել: Մեկ անգամ եւս հաստատվեց այն փաստը, որ ձեւը ազդում է բովանդակության վրա: Ձեւը թերագնահատել հարկավոր չէ: Այն ուռճացնելու ու որպես «ազգանվեր» ու «ազգանպաստ» գործ ներկայացնելու հարկ չկա, հերիք է պարզապես ամեն բան իր տեղը դնել ու ազատ ծով ուղարկել: Կամ ափ կհասնի, կամ էլ կխեղդվի, սակայն ամեն դեպքում` դա բնական ընտրություն կլինի:
Ընտրվածները
Այս տարի «Հայկական համայնապատկեր» մրցույթում գլխավոր մրցանակի արժանացավ Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը, երկրորդ մրցանակի` բելգիացի ռեժիսոր Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքեւում» վավերագրական ֆիլմը: Իսկ Բրիտանական խորհուրդն ու Հրանտ Մաթեւոսյանի հիմնադրամն իրենց նախապատվությունը տվեցին լիտվահայ Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին: Վստահությամբ կարելի է ասել, որ այդ բոլոր ֆիլմերը լավագույններն էին (մենք դրանց ավելի մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում) այս անվանակարգում, որը լի էր ամեն տեսակի ժանրերի, տեւողության, որակի ու ոճի ֆիլմերով: 3 մրցանակակիր ֆիլմերը «ազնիվ» հիմք ունեցող աշխատանքներ են: Դրանք մարդու մասին են, եւ ներգործում էին հանդիսատեսի վրա՝ որպես «մարդավարի» պատմություններ, այլ ոչ թե` ռեժիսորի ego-ն բավարարելու համար ստեղծված պաթետիկ հարթակներ: «Հայկական համայնապատկերի» ժյուրիի անդամ, գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը նկատեց, որ մրցանակակիր ֆիլմերից ոչ մեկը պետական աջակցությամբ չի նկարահանվել: «Դա փաստ է, որի վրա արժե ուշադրություն հրավիրել: Եվ եթե միջազգային ժյուրին պետական գումարով ստեղծած ֆիլմերն անտեսել է, ուրեմն դրանք բավարար մրցունակ չեն: Դա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ ֆիլմերի ճակատագրերը պիտի ոչ թե հիմնարկները, այլ` անկախ հանձնաժողովները որոշեն, որոնք էլ կկարողանան ապահովել անհրաժեշտ թափանցիկությունը: Իսկ ինչ վերաբերում է մրցանակներին, ապա մենք բոլոր մրցանակները լիասիրտ ենք հանձնել»,- ասաց նա: Իսկ ժյուրիի նախագահ Արմեն Մեդվեդեւը նկատեց, որ հետխորհրդային տարիների ընթացքում շահեկանորեն առանձնացող հայկական ֆիլմեր չկան: «Հայկական համայնապատկերի» բոլոր ֆիլմերում (անկախ նրանց որակից) նկատվում է, որ հայկական կինոն փորձում է ինքն իրեն գիտակցել: Իսկ դա հետաքրքիր է աշխարհին: Ի՞նչն է պակասում հայ կինոյին: Կարող եմ ասել, որ պակասում է հիմքը, սեփական ավանդույթների նկատմամբ ունեցած վստահությունը: Հիշում եք, ժամանակին Խրուշչովը փորձում էր սովորեցնել մարդկանց բանջարեղեն աճեցնել առանց հողի` օգտագործելով լուծույթները: Եթե չեմ սխալվում, այդ մեթոդը կոչվում էր հիդրոպոնիկա: Եվ այդ նույն մեթոդը նկատվում է նաեւ հայկական կինոյում: Հող չկա, հիմք չկա: Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ Մալյանի, Յավուրյանի, Դովլաթյանի ֆիլմերը հաճախ են ցուցադրվում: Դրանք են հիմքը»,- ասաց նա:
Մեր կինոն նման է զմռսված շշի, որի մեջ գոյացած ներքին ճնշումն այնքան է մեծացել, որ մոտ ժամանակներում ուղղակի պայթելու է: Եվ այդ պայթյունն ապաքինվելու միակ շանսն է: Երբ տարիներ շարունակ նույն մարդիկ են ֆիլմ նկարահանում, ու պարզ է դառնում, որ նրանց ֆիլմերը փակուղու (կամ զմռսված շշի) մեջ են հայտնվելու, հանդիսատեսի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե մեր կինոն այլ ճանապարհ չունի: Շատ էլ լավ ճանապարհ ունի, պարզապես ներքին ազնվություն է պետք` դա ընդունելու համար: Եվ եթե «Ոսկե ծիրանը» զմռսված կինոշշի խցանը փոքր-ինչ բաց է անում, ապա ամեն բան իր տեղն է ընկնում` ցուցադրելով մեր կինոգործիչների տկարությունը: Ատոմ Էգոյանը, ով ակտիվորեն աշխատում ու փառատոնի օրերին ուսանողների հետ հանդիպումներ էր ունենում, շատ հստակ ձեւակերպեց մեր կինոմտածողության գլխավոր ցավը. «Պետք չէ փորձել իմիտացիա անել, նկարահանեք այն, ինչն իրոք ճանաչում եք: Նկարահանեք, տնային կոմպյուտերով մոնտաժ արեք, հետո շտկումներ արեք ու նորից նկարահանեք` համարելով դա տնային աշխատանք: Կինո նկարահանել սովորում ես միայն տնային աշխատանքդ լավ անելով ու օգտագործելով այն նյութը, որը հարազատ է քեզ»:
«Ոսկե ծիրան-2010»-ում լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց ռուս Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմը, երկրորդ մրցանակի արժանացավ Վադիմ Ենդրեյկոյի «Հինգ փղերով կինը» ֆիլմը: Իսկ «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակը հանձնվեց թուրքական «Կոսմոս» ֆիլմին, «Արծաթե ծիրանը» բաժին հասավ ուկրաինական «Իմ ուրախությունը» ֆիլմին: Ռեահա Էրդեմի «Կոսմոսը» տարօրինակ ֆիլմ է` տարօրինակ հերոսով, որը միաժամանակ խենթ, հրաշագործ ու գող է: Նրա անունը Կոսմոս է, նա սիրում է ոռնալով լաց լինել ու ծառերի վրայով թռչկոտել: Փակ սահմաններ ունեցող քաղաքում նա բուժում է մարդկանց, հետո այդ մարդիկ մահանում են: Նա լաց է լինում, թռչկոտում ու հեռանում քաղաքից, այնպես, ինչպեսեւ հայտնվել էր` կամացուկ ու աննկատ: Կար մարդ, հետո չկա: Կար քաղաք, ու այն մնաց որպես վիզուալ ճամփորդություն: «Կոսմոսի» իրական հերոսը հենց քաղաքն է, ֆիլմը նկարահանվել է Կարսում` ձյունառատ ձմռան պայմաններում, ու քաղաքի նեղլիկ փողոցներն ու տները ֆիլմի ամենաուշագրավ հատվածն են կազմում: Մնացածը ունայն ու անհույս է: Իսկ «Իմ ուրախությունը» ֆիլմը «սեւ» պատմություն է, որի հիմքում «ամեն բան քգ է» բանաձեւն է: Առանց որեւէ լուսավոր կետի: Ազգությամբ բելառուս Լոզնիցան Ուկրաինայում ֆիլմ է նկարահանել ռուսական գավառական «հատակի» մասին: Ոմանք ֆիլմը մաքուր սարսափ ֆիլմ են անվանում, իսկ ոմանք էլ` հիպերիրականություն: Դա մռայլ ու անհույս պատմություն է Ռուսաստանի անծայրածիր տարածքի անկյուններից մեկի մասին, որտեղ ծայրահեղ աղքատ, հուսալքված, դաժան, հրեշներ դարձած մարդիկ են ապրում: Բոլորը պատրաստ են սպանել, խաբել, թալանել, եւ այդ ամենն անում են այնպես հանգիստ ու բնական, ինչպես շնչում են, արբում ու հայհոյում: Անխտիր բոլոր հերոսները գազանանման էակներ են, եւ երբ այդ միջավայրում հայտնվում է առաջին հայացքից նորմալ հերոսը (բեռնատարի վարորդը), ապա նրան մնում է կամ գիտակցությունը կորցրած «բանջարեղենի» նման ապրել, կամ` գազան դառնալ ու բոլորին կրակել: Ռեժիսորն իր ֆիլմը «ռուս իրականության դիագնոզ» է անվանել: Եվ այդ դիագնոզը փաստում է, որ հիվանդը մեռել է: «Ոսկե ծիրանի» ժյուրին իսլանդացի պայծառ կինոռեժիսոր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնի գլխավորությամբ` որոշել էր, որ այդ ֆիլմերը լավագույններն են: Ընտրության հարց էգ
Վերջաբան
Հայաստանյան կինոն, իհարկե, փակ համակարգ է եւ երկար տարիներ փակ լինելով` արդեն ներքին փտման պրոցեսի է հասել: Եվ փտումն ակնհայտորեն երեւում է համեմատության մեջ: Հիանալի մարդիկ են գալիս Երեւան` «Ոսկե ծիրանին» մասնակցելու, համեղ ուտելու, Հայաստանով մեկ շրջելու ու իրար հետ շփվելու համար: Նաեւ հայկական ֆիլմերի ու կինոարտադրման համակարգի հետ ծանոթանալու համար: Այս տարի «Ոսկե ծիրանում» հայկական կինոն շատ էր: Եվ պրոֆեսիոնալ ժյուրին դատեց այն (ի դեպ, պրոֆեսիոնալ քննադատների կարծիքի պակասությունից վերջերս շատ էր սրտնեղել մեր կարկառուն ռեժիսորներից մեկը): Եվ ակնհայտ է դառնում, որ չնկատելը նույնպես գնահատական է: Պրոֆեսիոնալ գնահատական: