Անհավասար քարոզչություն

09/10/2005

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր քարոզարշավի նպատակով
օգտագործում է նաեւ տեղական հեռուստաեթերի լրատվական ծրագիրը, մինչդեռ
հարկ է, որ այդ նպատակով նա եւս օգտվի վճարովի եթերից, այնպես, ինչպես
մյուս թեկնածուները: Սեպտեմբերի 30-ի եւ հոկտեմբերի 1-ի (նախորդ օրվա
լուրերի կրկնություն) «Մունետիկ» լրատվական ծրագիրը սկսվեց ռեպորտաժով`
քաղաքապետի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Հաղորդումը տեւեց
շուրջ 20 րոպե): Փաստորեն, քարոզարշավն ընթանում է անհավասար
պայմաններում, քանի որ քաղաքապետի մրցակիցներն օգտվում են վճարովի
եթերաժամից: Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» 4-րդ գլխի 3-րդ կետը
սահմանում է. «ԶԼՄ-ներից օգտվելու համար թեկնածուների եւ
կուսակցությունների համար երաշխավորվում են հավասար պայմաններ՝ եթերաժամ
կամ ծավալ, սակագին եւ այլն»: Նույն հոդվածի 4-րդ կետն էլ արգելում է
նախընտրական քարոզչություն կատարել պետական եւ ՏԻՄ մարմիններին, ինչպես
նաեւ` դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները
կատարելիս, մինչդեռ քաղաքապետի հանդիպումները որոշ դեպքերում տեղի են
ունենում նաեւ աշխատանքի ժամերին:

Այս տարի «Վանաձորի օր» ավանդական տոնը, որ նշվում է 5-րդ տարին,
յուրաքանչյուր հոկտեմբեր ամսվա սկզբին, ըստ էության, վերափոխվել էր
«Վանաձորի շաբաթվա»՝ այդ առթիվ սեպտեմբերի 23-ից սկսված 1 շաբաթյա
միջոցառումներով: Այն նշանավորվեց նաեւ նրանով, որ Վանաձորի Հայքի
հրապարակի մուտքի մոտի գովազդային վահանակին փակցվել էր քաղաքապետ Սամվել
Դարբինյանի մեծադիր դիմանկարը: Նշենք, որ նախագահական ոչ մի ընտրության
ժամանակ ՀՀ գործող նախագահների նկարներն այդ պատվին չեն արժանացել, եւ
«բավարարվել» են 1-ին հարկի լուսամուտներին կամ պատերին համեստ տեղ
գրավելով: Ի դեպ, հոկտեմբերի 1-ին տոնակատարության շրջանակներում Հայքի
հրապարակում տեղի ունեցած շքերթի ժամանակ հաղորդավարը «ձեռքի հետ»
քաղաքապետի օգտին քարոզչություն էր իրականացնում, համայնքային
ենթակայության կոլեկտիվների մուտքի ժամանակ հիշատակելով, որ «այդ
կոլեկտիվները մշտապես գտնվում են քաղաքապետարանի հոգածության ներքո»: