Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Վոլգոգրադում առաջին անգամ հանդիպել է «ռուսական Օբամային»` Ջոաքիմ Քրիմային:
Քրիման առաջին աֆրիկացին է, ով պաշտոնապես մասնակցել է Ռուսաստանի ընտրություններին: Անցած տարվա աշնանը սեւամորթ թեկնածուն երրորդ տեղն է գրավել Վոլգոգրադի Սրեդնյայա Ախտյուբա շրջանում անցկացված տեղական ընտրություններում: 38-ամյա Ջոաքիմ Քրիման Պորտուգալիայի նախկին գաղութ Գվինեա-Բիսաուից է, 1989 թվականից ապրում է Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացի է: Նա ապրում է Սրեդնյայա Ախտյուբայում` հայուհի կնոջ եւ տասնամյա որդու հետ: Քրիման ռուսական անուն է վերցրել` Վասիլի Իվանովիչ: Սեւամորթ ռուսաստանցին հայ աներոջ հետ զբաղվում է ձմերուկի բիզնեսով: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պուտինը ոչ միայն հանդիպել է Քրիմային եւ սեղմել նրա ձեռքը, այլեւ հրավիրել է նրան տարածաշրջանային զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի` Վոլգոգրադում անցկացված նիստին: Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ տարբեր հարցերի քննարկումից հետո Պուտինը դիմել է Քրիմային` հարցնելով. «Վասիլի Իվանովիչ, որտե՞ղ է լավ աշխատելը` Աֆրիկայո՞ւմ, թե՞ Վոլգոգրադի մարզում»: Սեւամորթ ռուսաստանցին, շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերված մեծ պատվի համար, ասել է. «Կարծում եմ, ավելի լավ է աշխատել ոչ թե հենց Աֆրիկայում կամ Ռուսաստանում, այլ դա կախված է մարդուց: Եթե մարդը իրոք ուզում է ավելի լավ ապրել, նա պետք է միշտ ձգտի ինչ-որ բանի»:
«Կեցցե՛ք: Շատ շնորհակալություն: Վասիլի Իվանովիչը շատ ճիշտ խոսքեր ասաց իրոք: Եթե մենք ուզում ենք ավելի լավ ապրել, պետք է ավելի լավ աշխատենք` դա է ամբողջ իմաստը»,- արձագանքել է Ռուսաստանի վարչապետը: