Քաղաքապետի եւ ավագանու թեկնածուները

09/10/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոկտեմբերի 16-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել
են քաղաքապետի 3 թեկնածուներ. քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ՀՀԿ անդամ,
«Ավտոմատիկա» ձեռնարկության տնօրեն Գագիկ Հովսեփյանը՝ անկուսակցական, եւ
«Հայկոմկուսի» Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
Ավագանու անդամների 15 տեղի համար թեկնածուների թիվը 42 է: Հոկտեմբերի 5-ի
դրությամբ վանաձորցիներին անհայտ էր, թե ովքեր են ավագանու բոլոր
թեկնածուները, քանի որ նրանց ամբողջական ցուցակը դեռեւս տեղական
պաշտոնական մամուլում չէր հրապարակվել: Քանի որ ավագանու անդամներից ոչ
բոլորը կարող են իրենց գովազդելու հնարավորություն ունենալ, հնարավոր է,
որ ընտրողները մինչեւ վերջին պահն էլ անտեղյակ լինեն ավագանու անդամների
ամբողջական կազմին (մասնակի կազմին տեղեկանում են շենքերի լուսամուտներին
փակցված նկարներից եւ գովազդներից (ի դեպ, դրանցում դեռեւս մատնանշված չեն
ավագանու թեկնածուների ցուցակային համարները): Թերեւս, ընտրողներին
կողմնորոշվելու համար կմնա միայն վերջին պահին քվեատուփի առաջ ցուցակը
ձեռքին մի քանի րոպե ունենալու հնարավորությունը: