«Կաուչուկա-չինական» եղբայրություն

18/07/2010

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախատեսում է սեպտեմբերին` «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին այցելել Չինաստան: Այդ մասին նա հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Վարչապետը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ էքսպո-2010»-ին եւ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը: Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակության համար: Նշենք, որ ինչպես բազմիցս է գրվել մամուլում, Տիգրան Սարգսյանը սերտորեն կապված է եւ «Նաիրիտի», եւ հայ-չինական հարաբերությունների հետ: Եվ ամենեւին՝ ոչ որպես վարչապետ: Նրա եղբայրներից մեկը «Նաիրիտի» փոխտնօրենն է եւ ըստ տարբեր տեղեկությունների՝ հենց նրա միջոցով է Տ. Սարգսյանը վերահսկում «Նաիրիտի», այդ թվում` վերջինիս անունով ստացվող տասնյակ-միլիոնավոր դոլարների միջազգային վարկերը: Իսկ Տիգրան Սարգսյանի մյուս եղբայրը Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: