Կանխատեսումները խամրել են

18/07/2010

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հրապարակել է երկրի տնտեսության վերաբերյալ կանխատեսումը: Ըստ Associated Press-ի` ԴՊՀ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եվրոպական ճգնաժամը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի ինչպես տնտեսության աճի, այնպես էլ քաղաքացիների աշխատանքի տեղավորման հեռանկարների վրա: ԴՊՀ-ն 2010թ. ակնկալում է ամերիկյան տնտեսության աճ` ՀՆԱ-ի 3-3,5%-ի սահմաններում: Այս ցուցանիշը ցածր է ընթացիկ տարվա ապրիլին հրապարակված ցուցանիշից, երբ ԴՊՀ վերլուծաբաններն ակնկալում էին 3,2-3,7% աճ: Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա կանխատեսումը 9,5%-ի մակարդակում է (ապրիլյան ցուցանիշը 9,1% էր): Մյուս կողմից, ԴՊՀ վերլուծաբանների կարծիքով, առավել ցածր է սղաճի հավանականությունը, եւ ակնկալվում է, որ 2010թ. գները կաճեն 1-1,1%-ով: Նշենք, որ ապրիլին կանխատեսվում էր գների բարձրացում` 1,2-1,5%-ի սահմաններում: Ամերիկացի փորձագետների կարծիքով` ամերիկյան տնտեսության վերականգնումը շարունակվում է, սակայն բնակարանային եւ ֆինանսական շուկաները դեռ բավական թույլ են: Նշենք, որ այս գործոնները գործազրկության բարձր մակարդակի հետ միասին կազդեն սպառողական ծախսերի մակարդակի վրա: