Երեկ մեկնարկել են Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական բանակցությունները` Գործակցության համաձայնագիր կնքելու շուրջ: Այդ նպատակով եվրոպական կողմից Բաքու է ժամանել բանակցային խմբի ղեկավար Ջոն Կրայերը: Ըստ ադրբեջանական APA գործակալության, պաշտոնական արարողությունը կանցկացվի Բաքվի ծովափնյա թաղամասերից մեկում` մայրաքաղաքի Բիզնես-կենտրոնում: Նշենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում գործընթացը մեկնարկեց նախօրեին, երբ Եվրամիությունը բանակցություններ սկսեց Վրաստանի հետ: Հաջորդ շաբաթվա սկզբին եվրոպացի պաշտոնյաները նույն նպատակով կայցելեն Հայաստան: Հայաստանում Եվրամիության պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` Գործակցության համաձայնագրերի հիմնական նպատակը Եվրամիության եւ հարավկովկասյան երեք պետությունների միջեւ ավելի սերտ քաղաքական կապերի հաստատումն ու աստիճանական տնտեսական ինտեգրումն է: Մինչեւ Գործակցության համաձայնագրի կնքումը եվրոպացիները հարավկովկասյան երեք երկրներին մի շարք պայմաններ կառաջադրեն` կողմերից պահանջելով ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգալից վերաբերմունք: «Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցույց են տվել իրենց հստակ ձգտումը` սերտացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- հինգշաբթի օրը Բաթումում հայտարարել էր Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով Վրաստանում էր` ԵՄ-Վրաստան բանակցությունների պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: Եվրոպայի հետ նման համաձայնագրի կնքումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար կհանգեցնի առեւտրի եւ մարդկանց տեղաշարժի ազատականացմանը: Այդ համաձայնագիրը սովորական քաղաքացիներին վիզային ռեժիմի դյուրացման, գործարարներին` տնտեսական կապերի խորացման հեռանկար է խոստանում, սակայն ոչ անդամակցություն Եվրամիությանը: Հիշեցնենք նաեւ, որ նման համաձայնագրեր կնքելու իր ցանկության մասին Եվրոպական Միությունը հայտարարեց անցած տարվա սեպտեմբերին: