Նույնիսկ ժպիտը՝ «MADE IN CHINA»

18/07/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ պաշտոնական լրահոսում, ի թիվս այլ լուրերի, տեղ էին գտել առաջին հայացքից միմյանց հետ ուղղակիորեն կապ չունեցող երկու տեղեկություններ։ Առաջինն այն մասին էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին եւ ողջունելով դիվանագետին` գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Իսկ երկրորդ լուրը վերաբերում էր փոխարժեքին. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»

ԲԲԸ-ում երեկ իրականացվել է 1.500.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 363 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, փակման գինը կազմել է 363։

Բնականաբար, ընթերցողին հետաքրքրում է, թե ի՞նչ կապ ունեն միմյանց հետ այս երկու իրադարձությունները։ Սակայն՝ ամեն ինչ հերթով։

Եվ այսպես՝ հայ-չինական հարաբերությունները, ըստ Տիգրան Սարգսյանի, դինամիկ զարգանում են։ Այդ համատեքստում կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին եւ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը։ Սակայն երկկողմ տնտեսական ամենակարեւոր բաղադրիչը եղել եւ մնում է արտաքին առեւտուրը։ Չինաստանը, չնայած հեռավորությանը, Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից է, որին բաժին է ընկնում մեր արտաքին ապրանքաշրջանառության 9.7%-ը (2010թ. հունվար-մայիս ժամանակահատվածի տվյալներով)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 7.4%։ Այսինքն՝ առեւտրային հարաբերությունների զարգացում իրոք կա։ Սակայն ուրախանալ չի ստացվում, երբ նայում ենք, թե երկկողմ առեւտրի մեջ որ կողմին որքան է բաժին ընկել։ Այսպես, առաջին 5 ամիսների ընթացքում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 171.8 միլիոն դոլար, որից 159.5 միլիոնը (92.8%-ը) կազմում է ներմուծումը Չինաստանից։ Ճիշտ է, արտահանումը նախորդ տարվա համեմատ 2 անգամ աճել է եւ կազմել 12.3 միլիոն դոլար, սակայն չինական ծագման ապրանքների ներմուծումն էլ տեղում չի դոփել եւ աճել է 70%-ով։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում երկար տարիներ կպահանջվեն, մինչեւ մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը Չինաստանի հետ դադարի բացասական լինել։

Չինացիները Հայաստան ներմուծում են գրեթե ամեն ինչ, եւ այնպիսի ցածր գներով, որ արտադրության հետ կապ ունեցող մարդիկ պարզապես ապշում են։ Ընդ որում, հակառակ տարածված կարծիքի, չինական արտադրանքը միշտ չէ, որ անորակ է. չինացիներին վստահում են եվրոպական ամենահայտնի ընկերությունները։ Հասկանալի է, որ չինական ծագման արտադրանքը լուրջ մրցակից է Հայաստանի՝ առանց այն էլ խղճուկ վիճակում գտնվող արտադրողների համար։ Մի ժամանակ Տիգրան Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ ներքին արտադրողներին խորհուրդ էր տալիս արտադրել այնպիսի ապրանքներ, որոնք չինացիները չեն արտադրում։ Սակայն դատելով չինական ներմուծման 70%-անոց աճից, կարելի է ենթադրել, որ մեր ներքին արտադրողներին դա այնքան էլ չի հաջողվում, եւ շուկան ողողվում է «Made in China» մակագրությամբ ապրանքներով։

Փաստորեն, հայ-չինական մրցակցությունն ակնհայտորեն մեր օգտին չէ, առեւտրի բացասական հաշվեկշիռը մեծանում է, չնայած դրան՝ վարչապետը գոհ է հայ-չինական հարաբերությունների զարգացումից։ Եթե մի քիչ պրագմատիկ նայենք, դա բնական է, քանի որ կառավարության համար կարեւորը բյուջեն լցնելն է, իսկ չինական ներմուծման մաքսազերծումից պետական գանձարանը քիչ գումար չի մտնում։ Իսկ ի՞նչ անի ներքին արտադրողը, որին հայրենի պետությունը օգնում է միայն բարոյապես՝ գեղեցիկ ելույթների ու ռազմավարությունների տեսքով։ Կաշվից դուրս է գալիս, պայքարում համատարած կոռուպցիայի ու հովանավորչության դեմ, «Մեզ օգնել պետք չի, թող միայն չխանգարեն» ասելով` դժվարությամբ փորձում գտնել իր տեղը շուկայում։ Սակայն պարզվում է` ուզածը շատ մեծ բան է՝ առանց խանգարել չի լինի։ Խանգարում է ոչ այնքան լավ մոռացված հին գործոնը՝ փոխարժեքը։

Դրամի արժեւորման՝ մարտ ամսվանից շարունակվող գործընթացը երեկ նոր ռեկորդ սահմանեց. դոլարի փոխարժեքը բորսայում հասավ 363 դրամի, իսկ առեւտրային բանկերը հաճախորդներից սկսեցին դոլարը գնել 360-361 դրամով եւ վաճառել 364-365 դրամով։ Նշենք, որ սա ռեկորդային ցածր ցուցանիշ է վերջին 12 ամսվա կտրվածքով։ Ինչպես երեւում է նկարում, դոլարի գինը նախորդ տարվա հունիսի վերջին կազմել էր 360 դրամ։ Հաջորդող 8 ամիսների ընթացքում՝ մինչեւ 2010թ. փետրվարը, դրամը սահուն արժեզրկվեց, եւ դոլարի համար ձեւավորվեց մի տեսակ կայուն գին՝ 380-385 դրամի սահմաններում։ Կենտրոնական բանկը հավաստիացնում էր, որ որեւէ կերպ չի միջամտում լողացող փոխարժեքին եւ ինտերվենցիաների կգնա միայն կտրուկ տատանումները կանխելու համար։ Ճիշտ է, մարտի սկզբին դոլարը հանկարծ կտրուկ արժեւորվեց՝ մի պահ գերազանցելով 410 դրամի սահմանագիծը եւ թեթեւ խուճապ առաջացնելով, սակայն արագ էլ ետ վերադարձավ իր նախկին դիրքին։ Սակայն, ի հեճուկս մի շարք տնտեսագետների կանխատեսումների, թե դրամը շարունակելու է արժեզրկվել, տեղի ունեցավ հակառակ պրոցեսը։ Դրամը սկսեց արժեւորվել, ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի արագ։ Եթե ապրիլի վերջին 1 ԱՄՆ դոլարն արժեր 384.85 դրամ, ապա մայիսի վերջին դարձավ 379, հունիսի վերջին՝ 368, իսկ երեկ՝ 363 դրամ։ Փաստորեն, երեքուկես ամսվա ընթացքում՝ մարտի վերջից մինչեւ հուլիսի կեսերը, դոլարն էժանացել է 9%-ով, եւ դեռ հայտնի չէ, թե այս գործընթացը մինչեւ երբ կշարունակվի։

Իսկ դրա հետեւանքների մասին, կարծում ենք, ընթերցողներն արդեն քաջատեղյակ են։ Ինչեւէ, եւս մեկ անգամ կրկնենք, որ դրամի 9% արժեւորումը նշանակում է՝ մի կողմից՝ ներմուծվող ապրանքների 9%-անոց ավտոմատ էժանացում (կամ՝ էժանացնելու հնարավորություն), մյուս կողմից՝ արտահանվող ապրանքների եւ օտարերկրացիների համար հայաստանյան զբոսաշրջության նույնքան թանկացում։ Մի խոսքով, հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումից գոհ լինել կարելի է, սակայն, միայն այն դեպքում, եթե մենք մեզ համարենք չինացիներ։ Հետեւաբար, չինացիների գոհունակությունը՝ ի դեմս իրենց դեսպանի, լիովին հասկանալի է։ Սակայն ինչ ուզում եք ասեք՝ մեր վարչապետի ժպիտն ավելի անկեղծ է։