Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել էր մայիսի 12-ին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Անկարա կատարած այցի ընթացքում: Համաձայնագիրը նախատեսում է Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում մինչեւ 2020 թվականը կառուցել 4 էներգաբլոկ: Ծրագրի արժեքը կազմում է 18-20 միլիարդ դոլար: Ծրագրի համաձայն, ատոմակայանի կառուցումն ու շահագործումն իրականացնելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը, որի ներկայացրած պաշտոնական առաջարկը Թուրքիայի էներգետիկ խորհուրդը հավանության է արժանացրել դեռեւս 2008 թվականի վերջին: Թուրքիան ատոմակայանի շինարարության ֆինանսավորմանը չի մասնակցի, կտրամադրի կառուցման համար տարածքը, իսկ կառուցման ծախսերը կհոգա ռուսաստանյան ընկերությունը: Թուրքիան պարտավորվում է 15 տարի այս ընկերությունից նախապես ֆիքսված սակագնով էլեկտրաէներգիա գնել, իսկ 15 տարի հետո ստանալու է զուտ եկամտի 20 տոկոսը: Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ: Ատոմակայանի կառուցման անհրաժեշտությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը աստիճանաբար աճում է, իսկ Իրանից եւ ՌԴ-ից ներմուծվող բնական գազի գինը բարձր է: Սակայն ատոմակայանի կառուցման ծրագրին ընդդիմանում են Թուրքիայի բնապահպանական կազմակերպությունները: Ակտիվիստները պահանջում են հրաժարվել այդ ծրագրից, քանի որ, ըստ նրանց, վայրը, որն ընտրվել է ատոմակայանի համար, սեյսմիկ վտանգ է ներկայացնում: