«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն անցյալ տարի պետական մակարդակով համարվեց տապալված: Հիշեցնենք, որ ծրագրի հետ կապված երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատն աղմկահարույց փաստեր հրապարակեց, ըստ որի` խոշոր գումարներ էին գրպանվել, եւ պետբյուջեին մեծ վնաս էր հասցվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների համար պետբյուջեից դուրս գրված գումարները շորթած այն կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք շահող էին ճանաչվել բնակարանները եւ փափուկ գույքը գնելու համար հայտարարված մրցույթի արդյունքում: Այնուհետեւ հսկայական չարաշահումների հետ կապված այս թեման համարվեց փակված: Մինչդեռ, ուսումնասիրելով ծրագրին ներգրավված ինչպես պետական, այնպես էլ` հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների փաստաթղթային շրջանառությունը` պետք է նկատել, որ դեռ ամեն ինչ չէ, որ բացահայտված է: Նախ նշենք, որ այս ընթացքում սեփական նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ձեռք է բերել մանկատների շրջանավարտների տվյալները եւ հետաքննություն է կատարել: «Եղել եմ Քանաքեռում գտնվող մանկատան շրջանավարտների պետության տրամադրած «բնակարաններում» եւ Աբովյան քաղաքում: Երկու դեպքերում էլ անթույլատրելի պայմաններում են ապրում: Պատերը՝ թաց, խոնավ, տանիքը կաթում էր, հավաբնի չափ սենյակ, իսկ զուգարաններում անգամ լվացարան չկար: Աղջիկները քնում էին երկհարկանի մահճակալներին, իսկ անկողին կոչվածը քուրջ էր: Հանրակացարանի նման շինություններ են, որոնք ոչ մի բնակարանի հարմարություն չունեն: Խոսել եմ այդ մարդկանց հետ, բոլորն էլ դժգոհ են, բողոքում էին առհասարակ պետության վերաբերմունքից, ու էդ երեխեքը… ես չգիտեմ ոնց բացատրեմ, թե ո՞նց է մեր պետությունը վարվում նրանց հետ: Էլ չեմ ասում, թե բյուջեի տողերով նրանց համար ինչքան փողեր են դուրս գրվել, բայց անգամ էդ հավաբները որպես սեփականություն ձեւակերպելու հարցում էլ է պետությունը` հանձինս կատարող կազմակերպության, նրանց գումարները լափել»,- ասում է Ա. Բախշյանը` վստահեցնելով, որ այս ընթացքում չի դադարել նամակներով հարցադրումներ հղել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մխիթար Մնացականյանին: Մինչդեռ ստացել է հակասական, ոչինչ չասող, «լղոզված» պատասխաններ: Նշենք կարեւոր մի հանգամանք. բացի բնակարանների եւ փափուկ գույքի գնումից, ՀՀ 2009թ. պետբյուջեով «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված է եղել 37մլն 730 հազար դրամ` մանկատների շրջանավարտների կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու համար: Այս ծրագրի բաղադրիչներից մեկի` «Բնակելի տարածքով ապահովում» վերնագրի տակ, «Գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպումներ» ենթավերնագրի դիմաց 2009թ. պետական բյուջեով նախատեսված է եղել 2 մլն 273 հազար դրամ, որը 2006-ից իրականացնում է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) հասարակական կազմակերպությունը (հ/կ): Այլ կերպ ասած` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ծրագրի մեկնարկին պայմանագիր է կնքել ՀՕՄ-ի հետ, որի նախագահն է դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Ըստ պայմանագրի` մանկատան շրջանավարտների համար գնված բնակարանների անհատույց օգտագործման հանձնման պայմանագրերի պետական գրանցումը, այսինքն` սեփականության իրավունքի վկայականի ձեռքբերման գործընթացն իրականացնելու է նշյալ կազմակերպությունը: Մինչդեռ, պարզվում է, տարիներ շարունակ պետբյուջեով նախատեսված հատուկ այդ տողով դուրս գրված գումարները նույնպես «կորել» են: Օրինակ` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ, այս ծրագրի ղեկավար Լալա Ղազարյանի կողմից միայն վերջերս Ա. Բախշյանին տրամադրած տեղեկանքը բավականին հետաքրքիր փաստեր է պարունակում: ՀՀ 2009թ. պետբյուջեով նախատեսված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում մատուցվող ծառայությունների տեսակների, նախատեսված միջոցների եւ փաստացի ծախսերի մասին տեղեկանքի համաձայն` 54 շրջանավարտների բնակելի տարածքով ապահովելու եւ գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպումն իրականացնելու համար ծախսվել է 1,651.9 գումար: Ասել է թե` ըստ նախարարության ներկայացուցչի տվյալների` ՀՕՄ-ը միայն 2009թ. իրականացրել է 54 շահառուի կադաստրային ձեւակերպումը: Մինչդեռ Ա. Բախշյանի հարցադրմանն ի պատասխան` ՀՀ Վերահսկիչ պալատը տեղեկացրել է, որ
ՀՕՄ-ն իրականացրել է ընդամենը 2 շահառուի նոտարական ձեւակերպում: «Ես կրկին դիմել եմ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Ստացել եմ բավականին մանրամասն տվյալներ: Էսքան կեղծիք կարո՞ղ է լինել մի ծրագրի մեջ, որն ամեն անգամ ուսումնասիրելուց կրկին մի կեղծ փաստաթուղթ ու գումարների փոշիացում կարելի է գտնել: Ոչ մի թիվ չի համապատասխանում իրար, ո՞վ պիտի պատասխան տա էս կեղծիքի համար, սրանք պետական փաստաթղթեր են ի վերջո»,- ասում է Ա. Բախշյանը: ՎՊ-ի տրամադրած փաստաթղթի համաձայն` «Մանկատների շրջանավարտների բնակապահովման ծրագրերի» իրականացման եւ բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման, նրանց սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացման, շահառուների հետագա կյանքի պայմանների վերահսկողության ապահովման նպատակով ՀՀ Սոցապ նախարարությունը ՀՕՄ հ/կ-ի հետ կնքել է ամենամյա պայմանագրեր` 19.02.2007թ.` 39.158.000 դրամի, 29.01.2008թ.` 42.905.000 դրամի, 30.01.2009թ.` 37.727.000 դրամի. «Լալա Ղազարյանն ասում է` ՀՕՄ-ն իրականացրել է 54 շահառուի նոտարական վավերացում, իսկ Վերահսկիչ պալատն ասում է` Լալա Ղազարյանը ղալաթ է արել, իրականացվել է ընդամենը 2 շահառուի նոտարական վավերացում: Եթե ՀՕՄ-ն իրականացրել է ընդամենը 2 շահառուի նոտարական ձեւակերպում, ապա ո՞ւր են դուրս գրված գումարները»,- ասում է Ա. Բախշյանը: Հարկ է նշել, որ նոտարական ձեւակերպում ստացած մանկատան շրջանավարտների ցուցակը նույնպես հակասական է: Նույնիսկ ոչ արժանահավատ այդ տեղեկանքին հավատալու դեպքում էլ` պարզվում է, որ 2009թ. ձեւակերպվել են նախորդ տարիներին բնակտարածությամբ ապահովված շահառուները: Հետեւաբար հարց է առաջանում, բայց չէ՞ որ նախորդ տարիներին բյուջեով հատուկ գումարներ են նախատեսվել եւ դուրս գրվել: «2006-ից ՀՕՄ-ն այդ գործով զբաղվում է, իսկ ինչո՞ւ այդ տարիներին` 2006, 2007, 2008թթ. չի արել, որ 2009-ին նախորդ տարիներին տրված բնակարաններն է սեփականաշնորհել: Ամեն տարվա կատարողականներում գրվել է, որ արվել է, չէ՞»,- ասում է Ա. Բախշյանը` պնդելով, որ գրանցում չունեցող շրջանավարտներն այդ խնդրի պատճառով անգամ չեն կարողանում ձեռք բերել իրենց հաշմանդամության թոշակը, ընտանեկան նպաստի իրավունքը եւ ամրագրել այլ իրավունքներ, որոնք փաստացի գրանցում են պահանջում: Ի դեպ, մանկատան սաները հաշվառվում են մանկատների հասցեներում, իսկ մանկատներից դուրս գալուց հետո` իրենց հարազատների բնակավայրերում: Նրանցից շատերը, բնականաբար, չունեն հարազատներ, հետեւաբար` չունեն գրանցվելու վայր եւ իրավունքը հաստատելու հնարավորություն։ «Չունեն կրթություն, առողջություն, ընտրություն…, եւ այդ տողերով տրվող գումարներն, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ` չեն ծախսվում նրանց վրա»,- պնդում է «Ժառանգության» պատգամավորը:
Ի դեպ, Ա. Բախշյանը նաեւ պնդում է, որ թեեւ այդ ծրագիրը «սառեցվել» է, այդուհանդերձ, 2008-2009թթ. բյուջեով գումարները դուրս են գրվել, հետեւաբար պարզ չէ, թե առհասարակ գոյություն չունեցող ծրագրի գումարներն ո՞ւր են գնացել. «Էլ չեմ ասում առողջապահություն, մասնագիտական կողմնորոշում, բուժօգնություն տողերով ինչ հսկայական թվեր են գրված, որոնք չեն կատարվում, որովհետեւ դրանք միայն ձեւակերպումներ են, իսկ կատարման մեխանիզմների մասին պարզաբանումներ գոյություն չունեն»:
Հիշեցնենք, որ համաձայն ՎՊ 2009թ. զեկույցի՝ 2009թ. դրությամբ ՀՀ մանկատների 1991-2009թթ. շրջանավարտների թիվը կազմում է 507, այդ թվում 322-ը որպես անօթեւաններ են հաշվառվել: Նրանցից 100-ը շարունակում են բնակվել մանկատներում, 40-ը բնակվում են հ/կ-ների նախաձեռնությամբ գործող ժամանակավոր կացարաններում, 69-ը բնակվում են պատահական վայրերում, վարում են անօթեւան կյանք: Շուրջ 20 շրջանավարտներ բնակվում են կիսակառույց օբյեկտներում, իսկ 15-ը` բենզալցակայաններում եւ ավտոլվացման կետերում: