Երեկ ավարտվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցույթի խաղարկային ֆիլմերի ցուցադրությունը: Ինչպես եւ ծիրանը Հայաստանում, այնպես էլ բարձրարժեք ֆիլմերը մրցութային ծրագրում այս տարի քիչ էին: Հետեւաբար, «Ոսկե ծիրան» մրցանակն էլ մրգի նման թանկ է այս տարի: Ո՞ւմ կշնորհեն այդ մրցանակը ժյուրիի 5 անդամները` իսլանդացի Թոր Ֆրիդրիքսոնը, ամերիկացի Նիլսոնը, բրազիլացի Կակովը, ռուս Լավրենտեւը եւ թուրք Կապլանօղլուն:
Դատելով հանդիսատեսի վրա թողած տպավորությունից եւ ֆիլմերի հեղինակների ցուցաբերած պրոֆեսիոնալ մոտեցումից` այս տարի երեւանյան կինոմրցանակն ամենայն հավանականությամբ կուղեւորվի Թուրքիա: Թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմն իր «Կոսմոս» ժապավենում մարդկային բարդ ու անկանխատեսելի հարաբերությունները պատկերել է թուրքական գյուղի ազգային արժեքների եւ գերբնական հատկություններով օժտված մարդու պրիզմայով: «Ծիրանի» իրական հավակնորդներ են նաեւ բոսնիացի երիտասարդ կին ռեժիսորի «Ճանապարհին» եւ չինուհի Սյաոլու Գոյի` եվրոպական արտադրության «Նա` չինուհին» ժապավենները: Երկու կանայք էլ իրենց ֆիլմերում զգացնել են տալիս ազգային մշակույթի հմայքն ու բացասական կողմը: Միայն թե, եթե առաջին ժապավենում ռեժիսորը քննարկման է դնում հավատքի ուժն, ապա «Նա` չինուհին» ֆիլմը մարդկային ճակատագրի հիանալի պատմություն է:
Կինոփառատոնի միջազգային մրցույթի խաղարկային ֆիլմերից կարելի է առանձնացնել նաեւ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» եւ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմերը: Այս տարի Կաննում տապալված «Իմ ուրախությունը» վերջնականապես տապալվեց նաեւ Կաննից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հայաստանում: Այս փառատոնի դաժանագույն ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը երկար ծափահարում էր… միայն թե նրա համար, որ ֆիլմը վերջապես ավարտվեց: Հասկանալի է, որ ոչ մի հանդիսատես այլեւս չի ուզում մարդու ստոր (սակայն` իրական) էության մասին ֆիլմեր դիտել: Ինչ վերաբերում է Չալդրանյանին, ապա նրա պատկերած «մաեստրոները» հարցականի տակ են դնում ինչպես «Ոսկե ծիրանի», այնպես էլ աշխարհի ցանկացած այլ կինոփառատոնի գոյության անհրաժեշտությունը:
Ինչեւէ, սպասենք ժյուրիի խոսքին: