Մայիս Մխիթարյանի տուն-արվեստանոցն իրականությունից կտրված մի աշխարհ է, որտեղ յուրաքանչյուր դետալ իր որոշակի դերակատարումն ու պատասխանատվությունն ունի: Երաժշտությունը, վառ ու խիտ գույներով հագեցած կտավները եւ նկարչի յուրօրինակ հանդերձանքը ստեղծում են իսկական թատրոն, որի անմիջական մասնակիցն է դառնում մարդը:
– Թատրոնը հենց ինքը՝ կյանքն է, որտեղ ծագում են մի շարք հարցեր, թե, օրինակ, մարդ ի՞նչ է զգում, ի՞նչ է տալիս: Երբ մենք գնում ենք թատրոն, ուզում ենք, որ մեզ անպայման խաբեն: Եթե այնտեղ մեզ չեն խաբում, մենք սկսում ենք ձու, լոլիկ նետել: Իսկ կյանքում մենք չենք ուզում խաբված լինել: Կյանքը ռեալ թատրոն է, որտեղ ամեն անգամ փորձում ենք հասկանալ, թե որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Մինչ օրս ինձ անհանգստացնում է, թե ես մորս արգանդում ի՞նչ էի անում կամ ինչո՞ւ այս աշխարհ գալուց հետո ես լացեցի:
– Ու այդ հարցերի պատասխանները սկսեցիք փնտրել կտավի տարածություններո՞ւմ:
– Իրականում շատ դժվար է պատասխաններ գտնել: Ցավոք, մենք արդեն դադարել ենք զարմանալ: Մենք չենք զարմանում, որ արեւն ամեն օր դուրս է գալիս: Ահա սա է թատրոնը: Ես միշտ նշում եմ այս օրինակը` Սարյանը, 1915թ. Ցեղասպանությունը տեսնելով, խենթացավ, բայց էլի շարունակում էր նկարել ծաղիկներ: Կոնտրաստն այնքան մեծ է: Արվեստն աստվածային է, ու արվեստագետը պետք է միայն բարություն տարածի:
– Բայց իրականությունը երբեմն չարացնում է մարդկանց, ինչպեսեւ արվեստագետներին:
– Ես չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց պատկերացնում եք, երբ արվեստագետը կտավին փոխանցի իր հաց ու ջուր չունենալը: Դա մի քանի տարի հետո ո՞ւմ կհետաքրքրի: Այսինքն` արվեստագետը ծառայում է գեղեցիկի՞ն, թե՞… Հենց այս թե-ի պատասխանը պետք է գտնել: Մինչդեռ ավելի մեծ ուժեր ու գաղափարներ կան, ինչպես, ասենք, Աստծո ներկայությունը մարդու մեջ:
– Ձեր նշած գեղեցիկի մասին արվեստն արդեն ակտուալ չէ այսօր: Արվեստագետներից շատերը պնդում են, որ արվեստում կոնցեպտուալ գաղափարներ պետք է դրվեն, այլ ոչ թե այն, որ արվեստը պետք է արտացոլի գեղեցկությունը:
– (Ծիծաղում է.- Մ.Մ): Երբ Թիֆլիսից դեռ նոր էի տեղափոխվել Երեւան, Վերնիսաժում պատահաբար հանդիպեցի մի թափառաշրջիկ կնոջ: Նա հղի էր: Այդ տարիներին` 1996-97թթ. հղի կանայք շատ քիչ էին, ու կնոջս հետ միշտ հիացմունքով էինք նայում փողոցում հղի կին տեսնելիս: Ինչեւէ, երբ այդ թափառաշրջիկ կնոջը հանդիպեցինք, ես ուզում էի օգնել նրան որեւէ կերպ: Եվ մտածեցի, որ ամենաճիշտ տարբերակը նրան վարդեր նվիրելն է: Նա վերցրեց ծաղիկները, մեծ զարմանքով նայեց ինձ` չհասկանալով, թե ինչո՞ւ եմ ծաղիկներ նվիրել իրեն: Ես այդ պահին հազիվ էի զսպում արցունքներս: Շատ հուզիչ տեսարան էր: Այսօր ասում են` ժամանակակից արվեստ, բայց այդպիսի հասկացություն չկա: Այսինքն` եթե ես, օրինակ, «Խորհրդավոր ընթրիքում» սառնարան կամ ինքնաթիռ պատկերեի, կդառնայի ժամանակակի՞ց: Կամ կասեիք` ի՞նչ հետաքրքիրն է, երեւում է հացն ու գինին սառնարանում էին պահել: Սա աբսուրդ է: ժամանակակից արվեստը հորինվածք է: Կա արվեստ կամ չկա արվեստ: Դուք ժամանակակից սեր տեսե՞լ եք: Մենք պարզապես ձեւացնում ենք: Էքզյուպերին կամ Վագները ժամանակակից չե՞ն: Երբ նկարիչը մակագրում է իր գործը, այն արդեն դառնում է ժամանակից դուրս:
– Այնուամենայնիվ, Ձեր գործերից հատկապես հատկանշական է «Խորհրդավոր ընթրիքը»: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս թեման:
– Միգուցե շատ անհավանական հնչի, բայց «Խորհրդավոր ընթրիքը» տեսիլքի միջոցով եկավ: Ես ընդամենը գործիք էի: Այդ ժամանակ Երեւանում իմ անհատական ցուցահանդեսն էր, եւ այն կիսատ թողնելով` անմիջապես մեկնեցի Թիֆլիս, որտեղ էլ սկսեցի նկարել:
– «Խորհրդավոր ընթրիքի» Ձեր տարբերակում «հերոսներն» ավելի տրագիկ են, որոնք ունեն նաեւ երաժշտական գործիքներ: Ինչո՞ւ նրանց տվեցիք երաժշտական գործիքներ:
– Մարդ ինքն էլ գործիք է, որին ոչ մի երաժշտական գործիք չի հասնի: Սա այն պահն է, երբ Հիսուսն ասում է, որ աշակերտներից ինչ-որ մեկն իրեն մատնելու է: Երաժշտական գործիքների միջոցով ես նաեւ բնավորության գծեր եմ հաղորդել աշակերտներին, որոնցից, բնականաբար, առանձնանում է Հուդան, որովհետեւ նրա գործիքի վրա լարեր չկան: Իսկ այն, որ նրան պատկերել եմ սեւ գույնով, դա հիմք չի տալիս մտածելու, որ սեւը վատ գույն է: Բնավ, ոչ: Գույնից կարեւոր է մարդու կատարած գործը: Նույն հաջողությամբ Հուդային կարող էի պատկերել սպիտակ կամ կարմիր գույնով: Ընդհանրապես գույնը պետք է ձգողականություն, լույս ունենա:
– Դուք կերպարներին հաղորդում եք, այսպես ասած` մաթեմատիկական հստակ գծեր: Մի՞թե արվեստում նման բան ընդունելի է:
– Հետաքրքիր է` այդ հարցը ինձ ոչ մեկը դեռ չի ուղղել: Ազատությունն էլ պետք է ունենա իր սահմանները: Երբ կտավի վրա փորձում ես ինչ-որ դետալ ծածկել, գործը միանգամից կքանդվի (ձեռքով ծածկում է կտավի վրա ինչ-որ հատված.- Մ.Մ): Կերպարվեստը ճշգրիտ գիտություն է, որտեղ դադարում է գոյություն ունենալ նկարչի «այդպես եմ ուզում» արտահայտությունը, որովհետեւ կտավն ինքը թույլ չի տա: Արվեստում երկխոսում են նյութն ու արվեստագետը:
– Կարծես վախենում եք կտավի սպիտակ տարածությունից, այո՞:
– Իսկապես, ամեն անգամ ինձ թվում է, որ ես առաջին անգամ եմ վրձին վերցնում: Դժվարը կետ գտնելն է այդ մեծ տարածությունում: Կցանկանայի, որ մի օր սպիտակ տարածությունում միայն ստորագրեի, բայց դրան հոգեպես դեռեւս պատրաստ չեմ: Դա իմ գլուխգործոցը կլինի, որին չգիտեմ՝ կհասնե՞մ, թե՞ ոչ: Ամենակարեւորը` անտեսանելին տեսնելն է: