Սահմանը կբացվի՞

15/07/2010

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժանքներին կմասնակցեն նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները: Այդ մասին գրել է թուրքական «Radikal» օրաթերթը` նշելով, որ որպեսզի զորավարժանքներին մասնակցելու նպատակով թուրքական ռազմական շարասյունն առանց խոչընդոտների Հայաստան հասնի, հնարավոր է` ժամանակավորապես բացվի հայ-թուրքական սահմանը: Սպասվում է, որ զորավարժանքներին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 19 անդամ եւ գործընկեր երկրների զինվորականներ: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել վարժանքներին: Հայաստանում վարժանքներ անցկացնելու մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի անդամ երկրների, այդ թվում` Թուրքիայի կողմից։ Վարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը: Ըստ դիվանագիտական աղբյուրների, սահմանի ժամանակավոր բացումը ընդամենը կապահովի մարդասիրական նպատակով զինվորական շարասյան մուտքը, եւ դա չի նշանակում, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանը պաշտոնապես հայտարարվում է բացված: Նշվում է, սակայն, որ դա կհանգեցնի Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների մեղմացմանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվում է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագի մատուցում, եւ կարծիքներ են հնչում, որ այդ կապակցությամբ նույնպես ժամանակավորապես կբացվի հայ-թուրքական սահմանը: