Մանանեխ` ճաշից հետո՞

09/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջին ժամանակներս շատ է խոսվել «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ գործունեության
մասին, որը նաեւ ՀՀ Ձորաղբյուրի մարզաբազայի սեփականատերն է: Ազգային
ժողովի վերջին նիստում ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների
զարգացման նախարարը փաստել է, որ այս ընկերությունը դիմել է
կառավարությանը՝ պայմանագրի ժամկետները հետաձգելու խնդրանքով:

Խոսքն ընկերության առաջին ծրագրի՝ Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նախկին
«Ղարաբաղ» հյուրանոցի վերակառուցման մասին է, որը նախատեսված էր սկսել
2001 թվականին: Այստեղ, ըստ պայմանագրի, պետք է կատարվեր 986 մլն դրամի
ներդրում եւ կառուցվեր ժամանակակից պահանջներին համապատասխան
հյուրանոցային համալիր:

Նույն տարի սկսվեցին համապատասխան աշխատանքները. վերակառուցվեց նախկին
շենքը, սկսվեց նոր շենքի շինարարությունը (նախկին շենքի հետեւի մասում):
Սակայն, տարիներ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ պետք է ավարտին հասցվեր,
պարզվեց, որ նախկին «Ղարաբաղ» հյուրանոցի շենքը ենթակա է քանդման:

ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման
նախարարությունից տեղեկացանք, որ ընկերությունը մինչեւ ընթացիկ տարվա
հուլիսի 1-ը կատարել է 271,2 միլիոն դրամի ներդրում: Ամենայն
հավանականությամբ, կհետաձգվի պայմանագրի ժամկետը, ըստ որի, մինչեւ
տարեվերջ պետք է ներդրվի եւս 170 մլն դրամ, իսկ 2006-ին` 490 մլն դրամ:

Հյուրանոցի քանդման պատճառների եւ հետագա ճակատագրի մասին զրուցեցինք
ընկերության փոխտնօրեն Հայկ Ջավադյանի հետ: «Պայմանագրով նախատեսված
ժամկետում «չտեղավորվելն» ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Նշեմ, որ նոր
շենքի կառուցմանը զուգահեռ` կատարում էինք նաեւ հին շենքի վերանորոգումը:
Երբ արդեն պետք է սկսեինք վերանորոգման ներքին աշխատանքները, դիմեցինք ՀՀ
Սեյսմիկ ծառայության մասնագետներին, որպեսզի գնահատական տան շենքի
սեյսմակայունության մասին: Մասնագետները տեղում ստուգումներ կատարեցին եւ
եկան այն եզրահանգման, որ շենքն անկայուն վիճակում է եւ ենթակա է
քանդման»,- մեր զրույցի ժամանակ նշեց Հ. Ջավադյանը: «Իսկ ինչո՞ւ մինչեւ
շենքի վերակառուցումը չեն դիմել Սեյսմիկ ծառայությանը»՝ մեր հարցին նա
պատասխանեց, որ շենքերի կառուցման համար հրավիրված համապատասխան
մասնագետները պարզապես չեն պահանջել, որ ուսումնասիրվի նաեւ շենքի սեյսմիկ
վիճակը, իսկ ընկերության բիզնեսմեն եւ բարերար ղեկավարների մտքով,
հնարավոր է, դա չի անցել:

Ներկայում նախկին հյուրանոցը քանդված է, եւ մեր տվյալներով՝ փոխարենը շենք
չի կառուցվի: Խոսելով հյուրանոցում կատարվող աշխատանքների մասին, Հ.
Ջավադյանը փաստեց, որ նորակառույց շենքը կձեւափոխվի, իսկ ներքին
աշխատանքները կսկսվեն դեկտեմբերի վերջին: Ի դեպ, շինարարական աշխատանքներն
իրականացնում են ինչպես` Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանից հրավիրված
մասնագետները:

Հայկ Ջավադյանի խոսքերով, նորակառույց հյուրանոցը կունենա մոտ 88 սենյակ, ձմեռային եւ ամառային ռեստորան, մարզադահլիճ եւ այլն:

Հայաստանի Ձորաղբյուրի մարզաբազայում նախատեսվող ներդրումների եւ
համապատասխան աշխատանքների հետաձգման թեման բազմիցս արծարծվել է Հայաստանի
տարբեր լրատվամիջոցներում: Այս առնչությամբ պարոն Ջավադյանը նշեց, որ
հետաձգումն իրենց մեղքով չէ, քանի որ սեփականության վկայականն
ընկերությանն ուշ են տրամադրել: «Այժմ այդ հարցն էլ է լուծվել:
Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են եւ մինչեւ 2007 թվականի սկիզբը
Ձորաղբյուրի մարզաբազան պատրաստ կլինի: Հարկ է նշել, որ մարզաբազան
նախատեսված է համարյա բոլոր մարզաձեւերի համար: Կկառուցվեն ֆուտբոլի,
բասկետբոլի, վոլեյբոլի դահլիճներ, բաց եւ փակ լողավազաններ, թենիսի կորտեր
եւ այլն»,- ավելացրեց Հ. Ջավադյանը: