Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովին, որտեղ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ այդ գործընթացի` ադրբեջանցիների կողմից շահարկմանը: Նա քննադատել է ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր, անհանգստացած հայ-թուրքական հնարավոր հաշտեցումից, վերջերս նույն շարժառիթով գնացել են Թուրքիա: Նա զգուշացրել է նրանց. «Ադրբեջանից գալիս են Թուրքիա ու սխալ քաղաքականություն են իրականացնում: Նրանք սխալ են անում: Մեր կուսակցությունը իշխանության գալուց ի վեր ադրբեջանցի եղբայրներին երբեք միայնակ չի թողել: Շատ բաց եմ խոսում: Այս պահին թե՛ հայ-թուրքական, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները կապված են միմյանց եւ զուգահեռ են ընթանում: Սրանից դուրս այլ բան մտածելը՝ նշանակում է՝ Թուրքիայի եւ մեր կուսակցության հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել»: Անդրադառնալով ԼՂ խնդրին` նա նշել է, որ իրենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ ՌԴ-ին միշտ հիշեցրել են խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին եւ հիմա էլ հետեւողական են խնդրի հետ կապված զարգացումներին: «Իհարկե, տարածաշրջանում վստահություն եւ կայունություն ապահովելու եւ խաղաղություն հաստատելու համար մեր ձեռքից եկած ամեն բան անելու ենք»,- ասել է Էրդողանը։