Պատմությունը կրկնվում է

15/07/2010

Նախօրեին Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն նախարարների մակարդակով «Քաղաքական երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Համաժողովին Թուրքիան ներկայացրել են երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Թուրքական «Yeni Safak» պարբերականի փոխանցմամբ` համաժողովի ընթացքում քննարկվել են Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված եւ սեպտեմբերի 12-ին համաժողովրդական հանրաքվեի դրվելիք Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը, Թուրքիա-ԵՄ անդամակցությանը, Մերձավոր Արեւելքին, Արեւմտյան Բալկաններին, Կովկասին, Միջին Ասիային եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ Թուրքիայի պետնախարար եւ ԵՄ անդամակցության հարցերով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է. «Սեպտեմբերի 12-ը շրջադարձային է լինելու Թուրքիայի համար Եվրամիության հետ ամբողջացման տեսանկյունից: Պատմությունը կրկնվում է: Մեր պատմության մեջ բիծ հանդիսացող սեպտեմբերի 12-ը վերածվելու է տոնախմբության: Հասնելու ենք ԵՄ չափանիշներին համապատասխանող Սահմանադրության: Իսկ այս հարցում ինչպիսի գործելաոճ կորդեգրի մեր ընդդիմությունը, չի կարող գուշակել անգամ ութոտնուկ Պաուլը: Սակայն մենք վճռական ենք, որովհետեւ վստահում ենք ժողովրդին»: Իր հերթին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Թուրքիայի Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթին եւ անհամբերությամբ սպասում հանրաքվեին: «Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Ուզում եմ ընդգծել, որ ԵՄ անդամ պետությունները ողջունում են այս բարդ ոլորտում իրականացված ջանքերը»,- ասել է Ֆյուլեն: