Առեղծվածային մահ

09/10/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Նա շատ զգայուն էր, ամեն ընկերոջ մահվան հետ նա մահանում էր, շատ ծանր էր
տանում ընկերների մահը: Երկրաշարժի ժամանակ իր գրող ընկերներից շատերը
մահացան, Գյումրիում էր, շատ էր տառապում: Երազում հայտնվում էր գրող
Տանյա Հովհաննիսյանն ու Վահանին բռունցք էր թափ տալիս:

Նա տանջվում էր, որ չի կարողացել օգնի ընկերներին եւ այդ երազներից վախենում էր»,- ասում է արձակագիր Վահան Թամարյանի այրին՝

Շիրակուհի Թութխարյանը: Վ. Թամարյանի մոտ շուտով սկսվում են
ուշագնացության դեպքեր: Ամուսիններն իրենց հանգստացնում են, թե Վահանի մոտ
ուղեղի մթագնում է, սակայն բժիշկն ասում է, որ նա տառապում է
էպիլեպսիայով: Նոպաներից հետո Վ. Թամարյանի մեջ տարօրինակ վախ է մտնում.
վախենում է նույնիսկ կնոջից:

Օգոստոսի 21-ի առավոտյան արձակագիր Վահան Թամարյանին հայտնաբերել են իր
բնակարանում, մահացած: Վ. Թամարյանի գլխի ետնամասում հայտնաբերվել են բութ
գործիքով հարվածի հետքեր: Վարկած կա, որ նա ոչ թե մահացել է, այլ նրան
սպանել են: Թեեւ հետքերի առկայությունը ոմանք կապում են Թամարյանի
հիվանդության՝ էպիլեպտիկ նոպայի հետ, այնուամենայնիվ, նրա մահվան հետ
կապված որոշ հանգամանքներ առեղծվածային են:

Դեպքից օրեր առաջ Շիրակուհին՝ նրա տիկինը, տեղափոխվել է քրոջ տուն, քանի
որ առողջական խնդիրներ է ունեցել եւ գերադասել է, որ միառժամանակ
ամուսիններով իրարից հեռու լինեն: Այն ամենն, ինչ Շիրակուհին գիտի
ամուսնու մահվան մասին, պատմել է Թամարյանի գյումրեցի նկարիչ ընկեր
Հովհաննես Աղեկյանը: Վերջինս օգոստոսի 20-ին Օպերայի շրջակայքում հանդիպել
է Վահանին: Վահանը գունատ է եղել, իսկ Աղեկյանը կարծել է, թե նա սոված կամ
հարբած է, առաջարկել է գնալ իրենց տուն: Վահանն անխոս հնազանդվել է:
Վահանը ոչինչ չի կերել եւ ոչինչ չի խոսել, միայն կարմիր գինի է խմել:
Ավելի է թուլացել: Աղեկյանին ասել է, որ իրեն տուն հասցնի: Հասնելով Սուրբ
Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ ապրում էր Վ. Թամարյանը, շատ է վատացել, չի
կարողացել ոտքի վրա կանգնել: Աղեկյանը մի կերպ, անցորդների օգնությամբ,
Վահանին հասցրել է բնակարան: Նրա գրպանից բանալին վերցրել է, դուռը բացել,
մի կերպ պառկեցրել է անկողնու վրա: Նկատել է, որ Վահանն արդեն քնել է, մի
երկտող է գրել՝ «Ամոթ քեզ Վահան»՝ կարծելով, որ Վահանի վատ
ինքնազգացողությունը խմելու հետեւանք է: Հաջորդ օրն առավոտյան եկել է
տեսնելու, թե ինչպես է նա իրեն զգում: Ինչ դիրքով Վահանին պառկեցրել է,
նույն դիրքով նրան հայտնաբերել է մահացած: Հարեւանն է եկել,
ոստիկանություն, Շտապօգնություն, կնոջն են զանգահարել, իսկ նա այդ ժամանակ
քրոջ տանը չի եղել: Շիրակուհին այդ ժամանակ գնացել է շուկա գնումների:
Արեւածաղկի սերմ վաճառող կինը, որին նա ծանոթ է՝ կանչել-ասել է, որ երեկ
ամուսնուն շատ վատ վիճակում տուն են բերել: Շիրակուհին մտածել է, որ
Վահանը հարբած է եղել եւ արդեն սթափված կլինի, շտապել է գործով այլ տեղ
գնալ, որից հետո նոր պիտի այցելեր Վահանին: Գնալով քրոջ տուն, քույրը
հայտնել է, որ զանգել-ասել են, թե Վահանը մահացել է: Կենտրոն-Նորք
համայնքի դատախազությունն առ այսօր հարկ չի համարել Շիրակուհուն
հարցաքննել, հետեւաբար քննվել է միայն գործով վկա Հովհաննես Աղեկյանը:
Շիրակուհին մեզ պատմեց իր կասկածների մասին: Այն, որ Շիրակուհու
բացակայության ընթացքում Վ. Թամարյանի հետ քանիցս տուն է եկել Հասմիկ
Կյուրեղյանը: Շիրակուհու հավաստմամբ՝ Հասմիկը գյումրեցի է, Վահանի առաջին
կնոջ ընկերուհին է եւ ժամանակ առ ժամանակ ամուսինների միջեւ
վիճաբանություններ է առաջացրել իր հեռախոսազանգերի պատճառով: Նա հաճախ է
լինում «Նոր-Դար» ամսագրում, եւ այդ խմբագրությունում Հասմիկին լավ են
ճանաչում: Թամարյանի մահից հետո Շիրակուհին գրասեղանի դարակից հայտնաբերել
է Հասմիկի գրած երկտողը: Տիկին Շիրակուհին լավ չէր հիշում գրության
բովանդակությունը, սակայն երկտողն այսպիսին է եղել՝ «Դու ինձ իզուր ես
ուլտիմատում տալիս եւ դու դեռ տղամա՞րդ ես համարվում»: Հասմիկ Կյուրեղյանն
օրեր առաջ զանգահարել է Շիրակուհուն, պարզ չէ՝ ինչ ակնկալիքով, նրան ասել
է, թե դա սպանություն է, գործն այդպես չթողնես, դու լավ գիտես, որ Վահանն
ինչքան էլ խմած լիներ` իրեն չէր կորցնում: Իսկ երկտողի համար Շիրակուհուն
պատճառաբանել է, թե Վահանն իրենից փող է ուզել եւ ինքը չի տվել, դրա համար
էլ գրել է, մինչդեռ քննիչին մեկ այլ բան է ասել՝ իբրեւ Վահանն իրեն փող էր
պարտք: Երբ Շիրակուհին Հասմիկին ասել է՝ «Դու պատասխան կտաս, ես քո
գրությունը դարակից գտել եմ», Հասմիկը շտապել է տեղեկացնել, որ ամսի 27-ին
գնալու է Ռոստով: Այդուհանդերձ, Հասմիկը հանդիպել է քննիչի հետ, թեեւ
վերջինս նրան չի կանչել, ու ասել է, որ իր եւ Թամարյանի միջեւ ուրիշ
հարցեր են եղել, իսկ թե ինչ հարցեր՝ պարզ չէ: Տիկին Շիրակուհին ասում է՝
«Նա ոչ միայն կասկածելի վարքի տեր, այլեւ կասկածելի զբաղմունքի տեր կին է:
Մի քանի ամիս առաջ Վահանի հետ նրա մասին էինք խոսում, Վահանն ասաց, որ
Հասմիկը հետախուզման մեջ է: Վահանը չմանրամասնեց: Դրանից առաջ ՆԳ
աշխատակիցները նրան բռնել էին, բայց չգիտեմ ինչ գործով: Ես միայն հիշում
եմ Վահանի եւ իր հեռախոսազրույցը: Ըստ էության, Հասմիկն ինչ-որ մեկին
կասկածում էր, հարցնում էր` հնարավո՞ր է, որ այսինչ մարդն ինձ մատնած
լինի, Վահանն ասում էր՝ հո հիմար չե՞ս, նա ի՞նչ գործ ունի քո գործերի հետ,
կամ ինչի՞ պիտի տեղյակ լինի քո գործերին, որ մատնի: Հասմիկն էլ ասում էր՝
ես ինչքան գիտեմ` ինքը տեղյակ է, թե ես ինչ գործով եմ զբաղվում: Վահանն
ինձ ոչինչ չասաց: Մի երկու անգամ այդ ընթացքում նա զանգահարեց, բայց ես
նրան վիրավորեցի: Հետո ես ու Վահանը վիճեցինք, ես գիտեի, որ հանդիպում
են»: Տիկին Շիրակուհին հստակ չի կարողացել իմանալ, թե Հասմիկն իրականում
ինչ գործով է զբաղվում, բայց ենթադրում է, որ կավատ է կամ արտասահման
գնացողների համար գործարքներ է կազմակերպում: Նա պատմում է, որ տարիներ
առաջ Հասմիկի եւ Վահանի միջեւ սիրավեպ է եղել, իսկ ներկայումս, իր
բացակայության ժամանակ, թե ինչ է կատարվել՝ չգիտի: Շիրակուհու խոսքերով՝
Հ. Կյուրեղյանը նույնիսկ Թամարյանի բնակարանի բանալին ուներ եւ
ինքնուրույն ելումուտ էր անում այնտեղ: Հասմիկի հետ շփումը նրա համար
տարօրինակ ու մութ պատմություն է, քանի որ նրանց միջեւ սիրային կապը
վաղուց մարել էր Վահանի հիվանդության պատճառով: Տիկին Շիրակուհին բացառում
է նաեւ , որ Թամարյանի գլխի հարվածների հետ կապ կարող է ունենալ նկարիչ Հ.
Աղեկյանը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ բութ
հարված է եղել: Բժիշկն ասել է, որ հարվածը կարող էր ընկնելու ժամանակ
լինել, բացի այդ, բժիշկը բացատրել է, որ հարվածելիս դիակը կապտում է, իսկ
Թամարյանի դիակը կապտած չի եղել: Հարվածը կպել է գանգոսկրին եւ արյան
զեղում է առաջացել:

Նա գնում էր ինքնասպանության

1996 թվականից սկսած արձակագիր Գուրգեն Խանջյանն աշխատել է Վահան
Թամարյանի հետ «Նոր-Դար» ամսագրում: Այնուհետեւ, երբ ամսագրի
աշխատակազմում հայտնվեցին մարդիկ, որոնք ըստ Գ. Խանջյանի չպետք է
հայտնվեին, խմբագրությունը սկսեց ճաքեր տալ, տարաձայնություններ,
լճացումներ առաջացան, որի պատճառով Գ. Խանջյանն ու Վ. Թամարյանն ազատվեցին
աշխատանքից եւ հիմնեցին «Սատիրիկոն» ամսաթերթը: Քանի որ թերթը տպագրվում
էր միայն պետական գումարներով, Վ. Թամարյանը չկարողացավ գոյատեւել այնտեղ
եւ վերադարձավ «Նոր-Դար»: Գ. Խանջյանը օգոստոսին ծովափ էր մեկնել,
վերադառնալու օրվա գիշերն արդեն Վ. Թամարյանը մահացել էր: Գ. Խանջյանի
պատմելով՝ մահվանից դեռ երկու ամիս առաջ Վահանի կինը թողել-հեռացել էր, եւ
նա մենակ էր ապրում: Ըստ նրա, այդ մենակությունը շատ է ծանրացրել Վ.
Թամարյանի հոգեվիճակը: Սպանության մասին առկա վարկածի մասին խոսելիս,
Գուրգեն Խանջյանը նշեց, որ այդ հոգեվիճակում գտնվող մարդն ուշ թե շուտ
մեռնելու էր: «Նա գնում էր ինքնասպանության, որովհետեւ ծանր դեպրեսիայի
մեջ էր,- ասում է Գ. Խանջյանը: -Թամարյանը շատ էր խմում, ի զորու չէր
ազատվել այդ թնջուկից: «Սատիրիկոնում» աշխատելիս երբեմն փող չէր ունենում
եւ չէր կարողանում խմել, բայց վերջերս կրկին տեղափոխվելով «Նոր-Դար»՝
սկսեց շատ խմել»: Գյումրեցի նկարիչ Հովհաննես Աղեկյանը, ով հայտնաբերել է
Վ. Թամարյանին մահացած վիճակում, օրեր առաջ սրճարանում մոտեցել է Գ.
Խանջյանին, որպեսզի անպայման նրան պատմի կատարվածը: Աղեկյանը պատմել է, որ
ամսի 20-ի կեսօրին եղել է Վ. Թամարյանի հետ: Թամարյանը շատ վատ է զգացել,
չի կարողացել նույնիսկ խոսել: Աղեկյանը նրան տարել է իր քրոջ տուն, այնտեղ
կերել-խմել են, բայց Թամարյանը ոչինչ չի կերել եւ չի խոսել, միայն խմել է,
ապա Աղեկյանին ասել է, որ իրեն տուն տանի: Հետաքրքիր է, որ Աղեկյանը
Շիրակուհուն ասել է, թե Թամարյանին իր տուն է տարել, իսկ Գ. Խանջյանին
ասել է, թե քրոջ տուն է տարել: Ի դեպ, Աղեկյանն ասել է նաեւ, որ այդ
ժամանակ Թամարյանի գլխին տեսել է հարվածի հետքեր, բայց կարծել է, որ
էպիլեպտիկ նոպայի ժամանակ նա ընկել է եւ գլուխն ինչ-որ տեղ է խփել: «Կարող
է նոպայից է եղել, կարող է եւ խփել են, սա ընդամենը վարկած է, դեռ ոչինչ
պարզ չէ»,- ասում է Գ. Խանջյանը: Նաեւ ասում է՝ «Նա ծանր նոպաներ էր
ունենում, առաջին անգամ սարսափեցի, չգիտեի հիվանդության մասին, նոպա
սկսվեց, քիթ-բերանի վրա եկավ վրաս: Մի անգամ էլ Գրողների միության շենքի
մոտ, նորից նոպան սկսվել էր, ընկել էր, ակնոցները փշրվել էին աչքերի վրա:
Երկու-երեք ամիսը մեկ անգամ նոպա էր ունենում, եւ նրան խստիվ արգելել էին
խմելը, մի գրամ խմել չէր կարելի»:

Այստեղ առեղծված կա

Ինչեւէ, գրողի կնոջ համար մութ է այս պատմությունը. «Ես չեմ հասկանում, թե
Վահանը մինչեւ Աղեկյանին տեսնելը որտեղ է եղել, այդ ընթացքում տեսնելով,
որ նա չափազանց վատ է զգում, ինչո՞ւ է Աղեկյանը քարշ տվել այստեղից այնտեղ
ու շտապ օգնություն չի կանչել: Իմ գտած երկտողն ի՞նչ է նշանակում, չէ՞ որ
«ուլտիմատում» բառը հենց այնպես չեն օգտագործում եւ ի վերջո ոստիկանները
դիակը հայտնաբերելուց հետո ինչո՞ւ մեր բնակարանը չեն կնքել, չէ՞ որ, եթե
անգամ սպանություն եղած լիներ, կարող էին հետքերը վերացնել, որովհետեւ
դուռը բաց է եղել եւ գուցեեւ մտել են բնակարան: Ես վախենում եմ, որ գործն
այդպես էլ կփակվի»,- ասում է գրողի այրին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Դատախազության քննիչ Վահե
Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործը գտնվում է նախաքննության
փուլում, եւ մինչ գործի ավարտը որեւէ տեղեկատվություն չի հրապարակվելու:
Պրն Հարությունյանը միայն ասաց, որ նախնական տվյալների համաձայն՝ դժբախտ
պատահար է տեղի ունեցել, սակայն սա վերջնական պատասխան չէ: