Հայերս մեր ազգի շարունակականությունը պայմանավորում ենք կարեւոր մի հատկանիշով` կենսունակությամբ, եւ վստահ ենք, որ կենսունակության ռեսուրսն անսահմանափակ է, այսինքն` որքան էլ տվյալ ժամանակաշրջանը մեր ժողովրդի համար անբարենպաստ լինի, միեւնույն է, կհաջողացնենք գոյատեւել հերթական անգամ: Բայց արդյո՞ք գոյատեւելը սփոփող վիճակ է հատկապես 21-րդ դարում: Այսինքն` բավակա՞ն է մեր միայն ֆիզիկական ներկայությունը տարածաշրջանում, տվյալ ժամանակահատվածում: Ունե՞նք հավակնություն, որը կարդարացնի մեր գոյությունը: Այս հարցերին թերեւս ոչ ոք ճանաչված մշակութաբան, հրապարակախոս Ռուբեն Անգալադյանից լավ չէր պատասխանի:
– Պարո՛ն Անգալադյան, այսօր հայ ժողովրդին ուղղված են բազում մարտահրավերներ, որոնք բնութագրվում են որպես սպառնալիք` մեր լինել-չլինելուն: Մենք, չունենալով կշռադատված, համակարգված մոտեցում աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մեր հույսն ավելի շուտ կապում ենք մեր կենսունակության բնազդի հետ:
– Նախեւառաջ հիշենք, որ յուրաքանչյուր առավելություն ազգի համար կարող է դառնալ թերություն: Ի՞նչն է պատճառը, որ մեր կենսունակ լինելը, մեր առողջ, արթուն միտքը դարեր շարունակ մեզ փրկել է առանձին-առանձին` ընտանիքներով, ու ջախջախել` որպես ազգ, սակայն մենք հպարտանում ենք` գումարելով առանձին բախտեր:
– Բայց այդ առանձին բախտերը` միավորվելով, դարձել են հայ ժողովուրդ: Այսինքն` պահել են ազգի շարունակականությունը:
– Չէ՛, դա ընդհանուր կենսագրություն չէ, դա պատմություն չէ, դա ֆրագմենտալ ճակատագրերի հավաքածու է: Գիտության մասին խոսելիս` ասում ենք` մեծ մարդիկ ենք տվել, բայց 19-րդ դարում ոչ մի գիտական խոշոր միտք չենք ունեցել: Ի՞նչ է, հայերը 20-րդ դարում խելացի՞ դարձան: Չէ՛: Ուղղակի մտան մեծ համակարգ, որը կոչվում էր Սովետական Միություն: Ցեղասպանություն ապրած ազգը արդարություն է փնտրում, եւ ԽՍՀՄ-ում ինչ-որ առումով գտավ սոցիալական արդարություն:
– Ասացիք` ցեղասպանություն տեսած ժողովուրդը փնտրում է արդարություն: Ով փնտրում է, գտնում է, բայց մենք չենք գտել: Գուցե չե՞նք փնտրել:
– Իհա՛րկե, եթե մեր անկախ պետության մեջ ունենք օլիգարխներ: Ես ուղղակի Աստծուց խնդրում եմ, որ նավթ, գազ չունենանք: Թե չէ 3-4 հոգու ձեռքը կլինի, 5-6 հոգի կօգտվի, ու վերջ: Մեզ մոտ ազգային ընտրությունը լկտիությունն է. լկտիությունն է հաղթում եւ ոչ թե խելքը, բարությունը, գաղափարներով վեհ մարդը: Մեր ազգային շուկայում մարդկային ո՞ր հատկանիշներն են թանկ վաճառվում` գող-ավազակություն, թայֆի մեջ լինել: Եթե մեկի հետ լավ հարաբերությունների մեջ եք, ուրեմն կարգին մարդ եք:
– Նման ընտրությունը հատուկ է սոցիալական ինչ-որ խմբի՞ն, թե՞ ազգային մասշտաբ ունի:
– Մեր ընտրական համակարգի մեջ, բարձրագույնը, որը բերում է նյութական հաջողության, լկտիությունն է. կենցաղային միտքը: Եթե խոշոր բիզնեսմենին ասում ես. «էս գիրքը կարդացե՞լ ես», զարմանում է քո նաիվության վրա. կարեւորը շուստրիությունն է:
– Դուք ներկայացրեցիք, թե որ տիպի մարդիկ են ակնածանք վայելում` լկտի, ճարպիկ, կենցաղային մտքով, սակայն աշխարհն այլ արժեքների է նախապատվություն տալիս, իսկ դա նշանակում է, որ խաղի կանոնների մեջ մենք, փաստորեն, չենք տեղավորվում: Առնվազն` ճաշակի հարցում:
– 3-րդ հանրապետությունը համակարգ է, ունի իր թույլ եւ ուժեղ կողմերը, եւ մեր պատմության բեռն այս հանրապետության համակարգի վրա է: Մենք շրջապատված ենք ոչ բարեկամ երկրներով: Այս փաստը նորմալ վերլուծողի թույլ է տալիս ասել, որ պետք է համախմբված ուժ լինի` խնդիրներին դիմադրելու համար: Իրականում կատարվում է հետեւյալը. էներգիայի մեծ դեֆիցիտ է: Չկա էներգիա, որ այս համակարգն աշխատի:
– Այդ էներգիան որտեղի՞ց պետք է ստանանք. ո՞րն է աղբյուրը:
– Մարդկանցից: Յուրաքանչյուրը ծնվում է մեծ մարմնի մեջ, որը կոչվում է ժողովուրդ: Այդ ժողովուրդը մասամբ Հայաստանում է: 1997-2000 թթ. հայ ժողովրդի պատմության մեջ կատարվեց վտանգավոր փոփոխություն. էթնիկական տարածքներում ինքն այսօր ունի շատ ավելի քիչ էթնոս, քան ունեցել էր մինչ այդ: Մենք 2000 թ. դրությամբ լքել ենք մեր էթնիկական տարածքները` Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում: Այսօր Հայաստանում էթնոսի 30 տոկոսն է ապրում, 70 տոկոսը դրսում է: Տեսնում ենք, թե ինչ սթրես է ապրում ազգը` գնալով այլ երկրներ եւ իր բախտն այլեւս Հայաստանի հետ չկապելով: Ի՞նչն է պատճառը` չկա ճշմարիտ գնահատական ներսում։ Եթե Հայաստան պետությունում արդարություն, ճշմարտություն լինի, արտագաղթն այս չափերը չի ունենա: Բարի ազգը ճշմարիտ գնահատական տվող ազգն է: Եթե դու տաղանդավոր մարդու գլխին խփում ես ու ասում ես. «Ի՜նչ ես մտածում, պետք չէ, գնա պահակ աշխատի», հասկանալի է, մարդը արագ կփախչի երկրից:
– Բայց այն, ինչ ասում եք, դարերի պատմություն ունի: Վերցրեք յուրաքանչյուր հայ մեծի կյանք. բոլորը հալածվել են:
– Այո, բայց սովետական կարգերից որ ազատագրվեցինք, կար փոքրիկ շանս` ստեղծել արդար, նորմալ հարաբերությունների երկիր, ուր հարմար ձեւով, մի քիչ աղքատ, մի քիչ զուսպ, բոլորս միասին կապրեինք` դիմադրելով` մինչեւ լավ ժամանակներ: Բայց իրականում ստացվեց այլ պատկեր: Մարդիկ իրենց փողով զենք էին առնում ու գնում կռվելու: Այսօր այլ պատկեր է: Այն վստահությունը, որ պիտի լինի արդար, մարդիկ չունեն: Եվ սա կապված չէ ներքին մեխանիզմի հետ` իշխանություն, ընդդիմություն: Սա կապված է ազգային մտածողության հետ: Ազգային բնավորության հետ: Մենք յուրաքանչյուրս պիտի ուղղվենք:
– Ինչո՞ւ նույն մարդը 88-ին զենք կառներ, կգնար կռվելու, այսօր՝ ոչ: Ստացվում է, որ պատճառն անհատի մեջ չէ, այլ համակարգի:
– Անհատից է: Սովետական Միությունը բոլորին կրթում էր, կային սոցիալական արդարության պահեր, եւ դա տվյալ անհատն իր վրա զգացել, ընկալել էր: Եվ այդ ելակետից բխեցնելով որոշումները` իր գնած զենքով գնում էր կռվելու: Այդպես նաեւ մտածում էր` սա մեր Երեւանն է: Բայց այն սիրուն Երեւանը քայքայեցին, ոչնչացրեցին: Երեկ Հանրապետության հրապարակում կանգնած` նայում էի հրապարակին: Ամբողջ վերեւի սիլուետը փչացրած է: Դա համաշխարհային մակարդակի հրապարակ է, աշխարհում իր տեսակի մեջ երկրորդը չունի: Մեր ճարտարապետները հայկական փողով, հայ պատվիրատուի լկտիությամբ քաղաքի աչքը հանեցին: Եվ ամեն ինչի մեջ է այսպես: Բոլորն ասում են` պետք է սիրենք մեր երկիրը եւ վերադառնանք ավանդույթներին: Ավանդույթներին վերադառնալով` չե՞նք վերադառնա նորից ցեղասպանության՝ այն պատճառով, որ այն ավանդույթները, այն ընտրությունը, որ անում էին այն ժամանակ, սխալ էր: Ավելին ասեմ. հայկական բանակը, որը Սարդարապատում էր, հետամնաց մտածողության բանակ էր, թեեւ հաղթել է: Կարող եք ասել` թուրքական բանակն ավելի հետամնաց էր: Բայց մենք կարող էինք, չէ՞, ունենալ ոչ հետամնաց բանակ: Ասում ենք, չէ՞, գնացել են տարբեր երկրներ, կրթություն են ստացել: Բայց, պարզվեց, այդպես չէ: Մինչ օրս, ուղիղ 20 տարի, ասում եմ` գրենք Հայաստանի քաղաքական պատմություն, ընդ որում, ունենանք մի քանի տարբերակ, որ ընտրենք, տեսնենք` որն է ծավալով ու մտքով ճիշտ: Ոչ մեկին պետք չէ:
– Եթե գրվեր նման պատմություն, ապա մեր օրերին վերաբերող էջերը պիտի ճերմակ մնային:
– Այո, որովհետեւ չենք ընկալում` ի՞նչ է իրականում կատարվում աշխարհում: Մեր խնդիրների շուրջ կարո՞ղ ենք ստեղծել համակարգված մտածողություն, որի մեջ կարող է լինել նաեւ օտարի շահը: Ահա ա՛յդ դեպքում դու կներխուժես համաշխարհային քաղաքական կյանք, կդառնաս նրա մի մասը: Հիմա փոքրիկ ինչ-որ տեղաշարժեր տեսնում եմ, բայց մեծ խաղ, որի մեջ կարող ենք մտնել ու խաղալ, չեմ տեսնում: Մեր կյանքը բաժանված է երկու մասի` մեկը` ինչպիսին ենք մենք դրսում, երկրորդ` ինչպիսին ենք ներսում: Մեր տնտեսությունը թույլ է: Ազգային ֆենոմենն այն է, որ ազգը, բոլոր դեպքերում, պաշտպանում է Հայաստանի ներքին կյանքը: Այսինքն` ուղարկում է գումարներ, չի զլանում, չի զայրանում, չի հրաժարվում, ասում է` պատրաստ ենք օգնել: 20 տարի տեսնում ենք դա։ Բայց այդ գումարները տնտեսության մեխանիզմ չեն դառնում: Օդից եկող այդ գումարները դառնում են ուտելիք, հագուստ: Հայաստանը, փաստորեն, բան չի արտադրում: Ընդ որում, անմիջապես կարող են ասել` արտադրի` ո՞ւր տանի: Այնպիսի բան պիտի արտադրի, որ հեշտ լինի վաճառել: Նախ` միջնորդական ծառայությունները. աշխարհում միջնորդը մեծ պահանջարկ ունի, որովհետեւ ինֆորմացիոն դաշտը շատ լիքն է ու խճճված:
– Միջնորդ՝ ո՞ւմ եւ ո՞ւմ միջեւ:
– Տարբեր երկրների: Պարտադիր չէ, որ Հայաստանի հետ կապված լինի: Դու` Հայաստանում գտնվող մարդ, եթե նորմալ հասկանում ես` ի՞նչ են տեխնոլոգիաները, կարող ես լինել միջնորդ տարբեր երկրների վաճառողների միջեւ: Առուծախն ունի անսահման հնարավորություններ: Մենք ապրանքը նյութական ենք տեսնում եւ ասում ենք` ճանապարհ տուր, որ հանենք, գիտե՞ք, ծա՜նր չուգուն է: Հիմա` գիտական միտքը: Չունենք գիտություն. Հայաստանում գիտությունը մահացել է: Մնացել են 5-7 գիտնական: Նրանք կա՛մ հնարավորություն չունեն դուրս գալու, որ մնացել են մեր երկրում, կա՛մ կարող է` գտել են ֆինանսավորման եղանակ: Սակայն գիտական միտքը մթնոլորտ է պահանջում, աշխարհընկալման բազային միտք: Այստեղ մենք անդրադառնում ենք մեկ այլ շուկայի, որը կոչվում է՝ բուհական ընդունելություն: Այդ շուկան եւս մի ցանց է, որը պատրաստում է գիտնականների, կրթված մարդկանց: Տեսնում ենք, որ ամեն տարի այդ պայքարը թեժանում է, այդ մանիպուլյացիաները բերում են նրան, որ քննությունների արդյունքն արդար չի լուծվում. ինչ-որ մաս ստիպված է լինում թողնել երկիրը: Հասարակության համակարգն աշխատում է մարդու դեմ, ընդ որում` որսում է ամենատաղանդավորին, խելացիին, բայց հնարավորություն չունեցողին: Նա դառնում է աուտսայդեր: Աուտսայդեր է դառնում նա, ով պիտի լինի լիդեր: Աբսուրդ է: Բայց խելք ծնվում է ոչ բոլորի մոտ: Մեր տիպի 10 միլիոնանոց ազգը մոտավորապես 60 հոգի մաքուր միտք ծնող է: Եթե այդ 10 միլիոնն էլ Հայաստանում լինեին, 10 հոգի կունենայինք: Ի՞նչ ասեմ, մեր կյանքը մեր երկրում տափակ է:
– Բայց մեր կյանքը մենք ենք ստեղծում: Ինչո՞ւ ենք մեզ արժանի համարում հատկապես տափակ կյանքի:
– Մենք տափակ ենք կյանքը պատկերացնում: Այն լիդեր ուժը, որը կազմակերպում է ընտրական համակարգը (ընտրություն` բառիս լայն իմաստով), առաջարկում է հենց տափակ կյանք: Հնարավորություններն ի ծնե տարբեր են, բայց հասարակությունը արդարության, ճիշտ գնահատման մեխանիզմներով յուրաքանչյուրին դնում է իր տեղում: Սա էլ թույլ է տալիս, որ կյանքը, որից թանկ բան չկա, հանձնեն, վստահեն իշխանական կառավարման համակարգին: Ովքե՞ր են մտնելու այդ համակարգ` կիսատ-պռատնե՞րը, թե՞ օբյեկտիվորեն այդ որակին համապատասխան մարդիկ:
– Այն, ինչ ասում եք, ծանր դիագնոզ է. համակարգը հիվանդ է, եւ կարծես` անբուժելի:
– Միանշանա՛կ. ներսում ունենք հիվանդ համակարգ:
– Այդ դեպքում գուցե ճի՞շտ է հույսը դնել ոչ թե ռացիոնալ մտքի, ինքնակարգավորման մեխանիզմի վրա, այլ հենց մեր կենսունակության, որը բնազդ է, եւ ոչ մի ճիգ` ճանաչել, սովորել, գիտենալ, չի ենթադրում:
– Մեր կենսունակությունը կարող է մեզ փրկել` որպես անհատների. հայ ժողովուրդը աշխարհից չի վերանա, իսկ պետությունը, որը շատ կարեւոր օղակ է, պետք է ստեղծի այն ողնաշարը, չափանիշները, որի միջոցով նաեւ Սփյուռքն՝ իր թերություններով ու առավելություններով, կդառնա միաձույլ: Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ հակասություններ հիմնական հարցերում չկան` բացառությամբ լեզվի եւ Թուրքիայի հարցերի: Կարծում եմ, որ շատ կարճ քաղաքական միտք ունենք, բոլորովին լավ չենք հասկանում այն, ինչ կոչվում է համակարգ ստեղծելու մեխանիզմ: Ինչպե՞ս պետք է ստեղծենք այդ համակարգը. ապրում ենք կույր` չհասկանալով, որ եթե այսպես վատացնենք մեր ներքին կյանքը Հայաստանում, վաղ թե ուշ կարող ենք կորցնել ամեն ինչը այնպես, ինչպես եղավ Արեւմտյան Հայաստանում: Մեզ չի փրկի ՄԱԿ-ում լինելը: Նախաձեռնությունը, որն արվել է եւ շարունակում է ուժի մեջ մնալ, համարում եմ ճիշտ. հայ-թուրքական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այսօր այն, ինչ կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ, ճիշտ ուղու վրա են:
– Բայց Թուրքիան հստակ նախապայման է դրել` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրած պահել` մինչեւ Արցախի խնդրի լուծումը: Դա ենթադրում է տարածքների զիջում:
– Ես այդպես չեմ ընկալում: Իրականում, եթե առանց որեւէ պայմանի Թուրքիան մեզ հետ հարաբերությունների մեջ մտնի, ինչ-որ բան ստորագրենք, չի նշանակում, որ ինչ-որ բան ենք զիջում: Ոչ մի բան չի զիջվում: Սկսվում է դիվանագիտական, երկարատեւ խաղը:
– Բայց Թուրքիան չի պատրաստվում ստորագրել արձանագրությունները:
– Այդտեղ սկսվում է ուրիշ փուլ. այնպես պիտի մտնենք միջազգային կյանք, որ մեր շահերի մեջ կլինեն օտար երկրների շահերը: Տեսե՛ք, Իրանին ցույց տվեցինք, որ դո՛ւ, Իրա՛ն, վատացնում ես մեզ հետ հարաբերություններդ: Գիտեք, Իրանը բարձրացրել է վիզայի հարցը հայաստանցիների համար, իսկ Ադրբեջանի եւ Վրաստանի համար` ոչ: Հետո` հայկական դիպլոմները չեն անցնում Իրանում: Սա որոշակի դեմարշ է մեր դեմ: Մենք պատասխանեցինք, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք պաշտպանել Իսրայելի դիրքորոշումն` ընդդեմ Իրանի:
– Ամեն դեպքում, արտաքին քաղաքականությունում հաջողելու համար անհրաժեշտ են առողջ, բարոյական, արդարամիտ հասարակություն եւ զուսպ, բարձր գիտակցությամբ, առողջ հավակնություններով ղեկավարներ: Չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը:
– Մեզ պետք է միտք: Միտքը թանկ բան է: Այս ազգը չի ուզում մեռնել: Իսկ շատ ազգեր մեռել են, որովհետեւ միտքը լքել է նրանց: Երբ միտքը լքում է, ազգը մեռնում է: Եթե մենք չենք ուզում մեռնել, պետք է արժանապատիվ ապրել եւ ոչ թե քարշ գալ: Գալիս ենք այն մտքին, որից սկսեցինք: Մեր կենսունակությունը բեռ է դառնում: Եթե ամեն գնով ուզում ես ապրել, կորցնում ես արժանապատվությունդ: Կորցնում ես արժանապատվությունդ, կորչում է ճշմարիտ գնահատելու ունակությունդ: Կորցրիր ճշմարտությունը, չես կարող գնահատել` ով է խելացի, ով` անխելք:
շարունակելի