Վաղուց այդքան անկեղծ չէինք խոսել

15/07/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

4-ամյա Էրիկ Սարգսյանի մոտ մասնագետները քաղցկեղ (ավշարային հանգույցների սարկոմա) հիվանդությունն են հայտնաբերել: Նա հաշվառված է «Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում», սակայն առողջական վիճակի կտրուկ անկման պատճառով Էրիկին ծնողները տեղափոխել են Մոսկվա:

Բժիշկները հույս են հայտնում, որ երեխայի կյանքը հնարավոր է փրկել, որի համար, սակայն, անհրաժեշտ են մեծ գումարներ: Մի քանի շաբաթ առաջ Էրիկի մասին տեղեկատվություն հայտնվեց Facebook սոցիալական ցանցում, որտեղ մի խումբ երիտասարդներ կոչ էին անում համախմբվել եւ բացված հաշվեհամարին փոքրիկ ներդրում կատարել: Այնուհետեւ մայրաքաղաքի շենքերի պատերին հայտնվեցին Էրիկի նկարներով պաստառներ` «Անտարբերությունն է սպանում կյանքը» մակագրությամբ: Քաղաքը տեղեկացավ մի երեխայի մասին, որն օգնության կարիք ունի եւ, որի ապրելու հավանականությունն ինչ-որ կերպ կախված է մեզանից յուրաքանչյուրից: «Հանուն կյանքի» նախաձեռնող խումբը, որի անդամները երիտասարդ-ակտիվիստներ են, սկսեցին օգտագործել բոլոր այն «խողովակները», որոնց միջոցով հնարավոր կլիներ Էրիկի բուժման համար գումար հավաքել: Դեռ անցյալ շաբաթ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի` Է. Սարգսյանի համար բարեգործական համերգ է կայանալու Երեւանի Տիկնիկային թատրոնում: Այնուհետեւ կայքէջերում հրավերների եւ տոմսերի վաճառքի մասին տեղեկատվության տարափ սկսվեց: Ընդհանրապես այս գործողությունների արագ տեմպը շատերի մոտ զարմանք եւ ոգեւորություն առաջացրեց, քանի որ տարբեր խողովակներով դրամահավաք կազմակերպող երիտասարդ նախաձեռնողները կայքէջերում պարբերաբար տեղեկատվություն-հաշվետվություն էին տեղադրում հավաքված գումարի չափի մասին:

Հուլիսի 13-ին Երեւանի Տիկնիկային թատրոնի դահլիճը կարծես մի մեծ տուն լիներ, որտեղ մարդիկ հավաքվել էին մի քիչ տխրելու, մի քիչ կիսվելու, մի քիչ ուրախանալու, մի քիչ էլ ապացուցելու, որ մեզ համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Հեղինակային երգը յուրահատուկ արտահայտչամիջոց է: Այն հոգու երաժշտություն է, որը ստեղծագործողի հոգուց տեղափոխվում է հանդիսատեսի մեջ եւ զգայական տարածություն ստեղծելով` վերցնում, կլանում է ամբողջ դահլիճը: Ռուբեն Հախվերդյանի, Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմինե Հովհաննիսյանի, Վախթանգ Հարությունյանի, Էդվարդ Զորիկյանի եւ մի քանի այլ հեղինակային երգիչների գլխավերեւում` էկրանին հայտնվեց Էրիկի լուսանկարը: Այնուհետեւ հնչեց մի ձայնագրություն, որտեղ Էրիկն ասում է. «Երբ մեծանամ՝ բժիշկ եմ դառնալու, որ ինձ նման երեխեքին բուժեմ»: Երգիչ-երաժիշտներն ամբողջ համերգի ընթացքում բեմի վրա նստած էին, որտեղ սրճում, հյութ էին խմում, զրուցում էին եւ այդ ընթացքում մեկը մյուսին հրավիրում էր երգելու: Երգ ներկայացնելու այս ֆորմատը շատ արտասովոր եւ ջերմ էր: Նրանց գլխավերեւում ամբողջ համերգի ընթացքում ժպտացող Էրիկն ինքնատիպ մթնոլորտ էր ստեղծել: Նա եւ մեզ հետ էր, եւ մեզ հետ չէր: Բոլորս, սակայն, զգում էինք, որ Էրիկը մեզ բոլորիս ընտրել եւ բերել է մի տեղ, որտեղ ոչինչ պատահական չի լինում: Բոլոր կատարողներն Էրիկի մասին ջերմ ու հարազատ խոսքեր էին ասում, իսկ դահլիճը նույնքան սրտացավությամբ ընդունում եւ կիսում էր այդ խոսքերը: Համերգասրահում համատարած մի զգացմունք էր «թափառում». մեզնից յուրաքանչյուրն Էրիկին համարում էր իրենը եւ այդ խոսքերն անցկացնում էր իր միջով: Երգն ու խոսքն այնքան համահունչ ու իրար լրացնող էին, որ համերգն ավելի շատ զրույցի էր նման, մանավանդ, որ հեղինակային երգի տեքստերը պատմություններ են, որոնց մեջ ամեն մեկս մեզնից մի բան գտնում ենք: Համերգի ժամանակ բեմից դեպի դահլիճ խոսեցինք սիրուց, մարդկությունից, բարեգործությունից, նույնիսկ` ՀՀ կառավարությունից: Բոլորս մի տեսակ զգացմունքային, հանդուգն ու համարձակ էինք դարձել, որովհետեւ էդ դահլիճում ազատություն կար: Էդուարդ Զորիկյանը երգեց գոմաղբի բզեզի մասին, որի մասին Ռուբեն Հախվերդյանը նախապես մի քիչ բացատրություն տվեց` ասելով, որ երգը մոտավորապես մեր այն հայրենակիցների մասին է, որոնք Հայաստանից թողնում-գնում են, բայց հետո, երբ վերադառնում են, սկսում են «շաղակրատել», թե` աշխարհում իրենք շատ հայտնի են, շատ կարողություն ունեն, բայց հայրենասիրությունից դրդված՝ վերադարձել են Հայաստան: Ասել է թե` վերադառնալով Հայաստան, մեզ ծառայություն են մատուցել: Հետո Ռ. Հախվերդյանը զայրույթին չդիմանալով` գոմաղբի բզեզին անվանեց` «քաքի ճանճ»: Միակ բանը, որ համերգի ընթացքում բոլորի մոտ դժգոհություն առաջացրեց, բեմի կենտրոնում դրված` երգչի համար նախատեսված աթոռն էր: Ռ. Հախվերդյանը մի լավ «փնթփնթաց» բարձր ու «ներկայանալի» այդ աթոռից եւ իսկույն լիկվիդացրեց այն` սովորական աթոռի վրա տեղավորվելով ու երգը շարունակելով: Հախվերդյանը իր երգերից մի քանիսը «տափակ երգեր» է անվանում. ասում է, որ մինչ օրս չի հասկանում, թե մարդիկ ինչո՞ւ են դրանք սիրում: Հետո էլի «փնթփնթաց»` նեղսրտելով, որ իր երգերն իր հոգու արտացոլանքն են, իր միջից են դուրս գալիս ու գրվում եւ, երգը կատարելիս` «ոնց որ սթրիփթիզ ցույց տաս…»: Ռ. Հախվերդյանը ներկայացրեց Կարեն Մամիկոնյանին, ով, թեեւ մասնագիտությամբ անասնաբույժ է, այդուհանդերձ շատ լավ երգեր է գրում: Կ. Մամիկոնյանի երգերից հետո դահլիճը ցնծության մեջ էր: «Ինքն անասնաբույժ ա, ես իրա մոտ շատ եմ լինում: Կինս մեկ-մեկ ինձ էդ անունով էլ… Երբ իրա մոտից գալիս եմ տուն, կինս ասում ա` հը՞, հո սրսկելու, բանի կարիք չեղա՞վ»,- իր ու Կ. Մամիկոնյանի ընկերության մասին մի քիչ կիսվեց Ռ. Հախվերդյանը: Քիչ անց կրկին բոլորը սկսեցին խոսել եւ երգել սիրո մասին: Վախթանգ Հարությունյանը բեմից հայտարարեց, որ, եթե բոլորս միասին մի բան շատ ցանկանանք, ապա այն անպայման կկատարվի: Բոլորս այդ պահին շատ ցանկացանք, որ Էրիկն առողջանա, ու հավատացինք, որ մեր ցանկությունն անպայման կատարվելու է: «Արձագանք» խմբի Եղիշեն եւ Արտավազդն իրենց երգերով հեգնեցին նյութապաշտությունը, մարդկային ագահությունը ու արատավոր երեւույթները: Վահան Արծրունին մի երգ երգեց, որի մեջ «մաքուր-մաքուր» բառեր կային ու երգն էլ մաքուր բաների մասին էր: Բոլորս մի պահ տխրեցինք` ներքուստ հասկանալով, որ մեր օրերում վաղուց արդեն մոռացել ենք մաքուր բաների մասին մտածելն ու խոսելը: Էրիկի աչքերն էլ էնքան մաքուր էին, որ երգի բառերի հետ միասին մխրճվում էին մարդկանց հոգու մեջ:

Այդ օրը` հուլիսի 13-ին, Տիկնիկային թատրոնի սրահում փոքրիկ Էրիկի շնորհիվ երգի ու խոսքի միջոցով չափազանց կարեւոր եւ, ցավոք, մոռացված երեւույթների, զգացմունքների մասին հիշեցինք, վերապրեցինք, տխրեցինք…: Ի դեպ, դահլիճի վերջնամասում նստած մի երիտասարդ, ով որպես հեղինակային կատարող, բացի Ռ. Հախվերդյանից, այլ երգչի չէր ճանաչում` զարմացած հարցրեց. «Էս մարդիկ ինչի՞ հեռուստաեթերում չկան: Էսքան լավ երգիչներ կան, բայց չենք ճանաչում: Էս ինչ լավ խոսքեր են գրում: Էդ ուռոդներից, էդ ուռոդ շոու-աստղերից զզվել ենք, չե՞ն հասկանում դրանք: Մեզ այ սենց խորը մարդիկ են պետք»:

Երբ բոլորս դահլիճից հեռանում էինք, Էրիկն էկրանից դեռ ժպտում էր: Նա այդ օրվա հերոսն էր, որի բուժման պատրվակը մեր քաղաքի տարբեր մարդկանց համար դարձավ իրար հանդիպելու, մտորելու մեծ առիթ: 4-ամյա այս երեխան իր ցավոտ պատմությամբ՝ կարողացավ չինովնիկից` մինչեւ անգամ շարքային քաղաքացի` մարդկային, հոգեւոր արժեքների մասին կրկին անգամ մտածելու «սերմեր» նետել: Վերջում բոլորս էլ հասկացանք, որ վաղուց այդքան անկեղծ չէինք խոսել:

Հ.Գ.
Համերգի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ բարեգործական համերգից գոյացել է 720.000 դրամ: Նրանց համար, ովքեր կցանկանան Էրիկի բուժման համար օգնության ձեռք մեկնել` ներկայացնում ենք «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարները. ՀՀ դրամի դեպքում` 22 300 40 39 994. ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993, Լուսինե Կամոյի Բեգլարյանի (Էրիկի մայրն է) անունով: