«Շունը խնամք պահանջող հավերժական երեխա է»

15/07/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հուլիսի 15-16-ը Երեւանում կանցկացվի թափառող կենդանիների խնդիրներին նվիրված համաժողովը, որն առաջինը կլինի Կովկասում։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցող այս երկօրյա համաժողովին կմասնակցեն կենդանիների բարեկեցությանը ուշադրություն դարձնող անձինք եւ կազմակերպությունները՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, որոնց համար դասախոսություններով հանդես կգան բրիտանական մասնագետները։

Համաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն թափառող կենդանիների բազմացման վերահսկումը, առողջապահական խնդիրները, կրթական ծրագրերը, ինչպես նաեւ՝ օրենսդրական փոփոխությունների կարիքը։

Համաժողովի նախաձեռնողներից մեկը բրիտանական «Pro Paws Armenia» կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ազիզյանն է, ով իր կազմակերպության անվանումը շատ սիմվոլիկ է վերծանում։ Անվանումը թարգմանվում է որպես «Կենդանիների թաթերի հետքերով» եւ առաջին հերթին հասցեագրված է երեխաներին, որոնք իրենց առաջին քայլերը չորեքթաթ են անում։ Եվ որոնք իրենց զգացական աշխարհով շատ ավելի մոտ են բնությանը, քան նույնիսկ իրենց ծնողներին։

Թվում է, որ սոցիալական ու տնտեսական դժվարին պայմաններում հայտնված Հայաստանում թափառող կենդանիների խնդիրները հրատապ ու կենսական չեն, սակայն կենդանիների հանդեպ ունեցած հասարակության վերաբերմունքը, որպես կանոն, շատ ցայտուն ցուցանիշ է, որի շնորհիվ կարելի է գնահատել տվյալ հասարակության ներդաշնակությունը։ Էլսիկ Ազիզյանն, օրինակ, վստահ է, որ մարդը՝ «մարդավարի» պիտի վերաբերվի կենդանիներին, այլապես՝ էլ ի՞նչ մարդ։ Փողոցներով շրջող հուսալքված, աղբանոցներում փորփրող, քաղցած ու հիվանդ շները, ինչպես նաեւ՝ վրաերթի ենթարկված կենդանիների դիակները մեր քաղաքային դիմանկարի մասն են դարձել։ Եվ սարսափելին այն է, որ մենք այդ դիմանկարին սովորել ենք։ Սովորել են մեր երեխաները։ Եվ պետք չէ մոռանալ, որ կեղտոտ ու կատաղած (կամ արյունլվա) շուն կամ կատու տեսնելով՝ ցանկացած երեխա սթրես է ապրում։ Կամ էլ՝ իր ծնողների օրինակին հետեւելով՝ քարով խփում ու քշում է շներին։ Երկու դեպքերում էլ հոգեբանական խզում է առաջանում: Ի դեպ` Էլսիկ Ազիզյանը նշում է նաեւ, որ թափառող կենդանիները միայն անտուն ու անտեր շներն ու կատուները չեն, այլեւ այն կենդանիները, որոնք ազատ զբոսնում են քաղաքների փողոցներով ու պուրակներում եւ որոնք (նույնիսկ տեր ունենալու պարագայում) իրենց պաշտպանված զգալ չեն կարողանում, քանի որ կենդանիների ազատ զբոսանքը կարգավորող ու քաղաքացիների անվտանգությունը երաշխավորող օրենքներ չկան: Համաժողովի մասնակիցները լրջորեն են նախապատրաստվել` հավաքելով վիճակագրական տվյալներ ու խնդիրը լուծելու առաջարկներ մշակելով:

– Տիկին Էլսիկ, Դուք կարծում եք, որ թափառող կենդանիները լուրջ վտա՞նգ են ներկայացնում։

– Խնդիրն այնքան լուրջ է, որ Երեւանի քաղաքապետարանը փորձում է այդ խնդիրը լուծել երկարաժամկետ ծրագրերի օգնությամբ։ Եթե 2003թ. ի վեր ամեն բան ճիշտ կազմակերպվեր, ապա Հայաստանում թափառող կենդանիներ չպիտի լինեին։

– Մենք կրակելով ենք սպանում փողոցային կենդանիներին, սակայն կան նաեւ այլ ուղիներ։ Ո՞րն է ամենաարդյունավետը։ Եվ ո՞ր կազմակերպություններն են զբաղվում այդ խնդրով։

– Փորձը ցույց է տալիս, որ ոչնչացնելով կենդանիներին, խնդիրը չի լուծվում, քանի որ յուրաքանչյուր սպանված կենդանու փոխարեն՝ գալիս են նորերն, ու թափառող կենդանիների քանակը չի նվազում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ էգ շունը, 6 տարվա ընթացքում կյանք է տալիս 67 հազար ձագերի (հաշվի առնելով այդ շան «թոռներին» ու «ծոռներին»)։ Այնպես որ, մեկ սպանված կենդանու տեղը նոր կենդանիներն են զբաղեցնում: Լավագույն ելքը էգ կենդանիների ստերջացումն է։ Ստերջացումը ենթադրում է, որ թափառող կենդանիներն այլեւս արտադրություն չպիտի ունենան: Ստերջացված կենդանին կրկին վերադարձվում է քաղաք, ու մի որոշ ժամանակ անց (ապրելով բնության տված կյանքը) բնականոն անհետանում է քաղաքից: Իհարկե, դա ժամանակատար ուղի է, որը հասարակությունից համբերություն է պահանջում, սակայն այն միակ արդյունավետ ուղին է: Սկզբնական փուլում Հայաստանում կենդանիների սպանդ էր կիրառվում, իսկ հետո՝ այն ուղեկցվեց նաեւ ստերջացումով։ Սակայն վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում կենդանիների աճը չի իջնում, ինչը թույլ է տալիս ասել, որ աշխատանքների ուժգնությունն ու մեթոդները բավարար կանոնակարգված չեն եղել։ Երեւանում գործում է կլինիկա, որն էլ շահելով քաղաքապետարանի հայտարարված տենդերը՝ կենդանիների ստերջացում է կատարում։ Սակայն այդ կլինիկայի աշխատանքը հաջող չէ, քանի որ արդյունք չկա։ Կա նաեւ Նունե Մեհրաբյանի կացարան-կլինիկան, որտեղ նույնպես ստերջացում է իրականացվում։ Սակայն այդ աշխատանքները համակարգված չեն։ Այդ հարցում բոլորս պիտի միանանք ու կամք ցուցաբերելով՝ աշխատենք, այլապես՝ երբեք արդյունքի չենք հասնի։ Հույս ունեմ, որ մեր համաժողովից հետո ծրագրեր կմշակվեն ու ամեն բան կկարգավորվի։ Վերջիվերջո, մենք բոլորս էլ մեր ոգու խորքում շատ բարի ենք (ես ընդհանրապես վստահ եմ, որ չար հայ չկա), ու պարզապես իրավունք չունենք դաժան լինել կենդանիների նկատմամբ։ Իսկ կենդանիներին բարձիթողի վիճակում թողնելը հենց դաժանություն է նշանակում։

– Երեխաները սովորաբար կենդանիների եւ ընդհանրապես բնության մասին տեղեկություն են ստանում կենդանաբանական այգի այցելելով։ Դուք եղե՞լ եք մեր այգում։ Հենց այնտեղ է պարզ դառնում, որ մարդկային անտարբերությունը, նաեւ՝ դաժանությունը սահման չունեն։

– Կենդանաբանական այգին պիտի կրթական ու գիտական կենտրոն լինի։ Կենդանիները նման այգիներում բանտարկյալներ են, եւ մարդիկ պարտավոր են այդ բանտարկյալների համար գոնե նվազագույն հարմարություններ ստեղծել։ Երեւանի կենդանաբանական այգում կենդանիներն այնքան փոքր վանդակներում են ապրում, որ նրանց ուղղակի կարելի է խղճալ։ Իրականում այն բոլոր ծրագրերը, որոնք փորձում ենք իրականացնել, արվում են երեխաների համար։ Ինձ համար կենդանիներն ու երեխաները ամենակարեւոր էակներն են։ Նրանց ձայնը հասարակության մեջ չի լսվում, եւ նրանք չեն կարող իրենց իրավունքները ինքնուրույն պաշտպանել։ Այդ պատճառով էլ մեր օգնության կարիքն ունեն:

Տեսնելով, թե ինչպես է երեխան վերաբերվում շանը, կարող ես պատկերացում կազմել նաեւ այն մասին, թե ինչպես է այդ երեխային վերաբերվում իր մայրը։ Դաժանությունը հենց այնպես չի ծնվում, դրա հիմքում ընդօրինակումն է։ Եվ թող մեր երեխաները լավ բան տեսնելով՝ դաստիարակվեն։

– Կենդանիների խնդիրը բավական էմոցիոնալ արձագանք է ստանում։ Սակայն այն նաեւ գումարներ է պահանջում` կլինիկաների գործունեության համար:

– Գումար գտնելը դժվար գործ չէ։ Եթե իրականում խելամիտ ծրագիր ու կամք ունես, ապա գումար կգտնես։ Մարդիկ կան, որոնք նպատակ են դնում թանկարժեք զարդեր կամ մեքենաներ գնել, ու ջանք չեն խնայում անհրաժեշտ գումարը գոյացնելու ու իրենց նպատակին հասնելու համար: Եվ հիմա պատկերացրեք, որ նույն եռանդով այդ մարդը փորձում է իր երեխայի համար ներդաշնակ ապագա ստեղծել։ Արդյո՞ք չի գտնի միջոցները։ Վստահ եմ` կգտնի։ Եվ մենք շատ ենք կարեւորում քարոզչության դերը։ Հարկ է զգացականից վեր բարձրանալ ու պարզապես ասել` պետք է:

– Շատ հաճախ տարբեր բարեգործական ծրագրերի կատարմանը փող հատկացնող քաղաքացիները զգում են, որ իրենց հանգանակությունները տեղ չեն հասնում եւ ուղղակի որոշ մարդկանց գրպանում են հայտնվում։ Դա հիասթափեցնում է ու նրանց դրդում է սեփական ավտոմեքենա կամ զարդ գնել, այլ ոչ թե, ասենք, այգի կամ շների կացարան կառուցելու համար գումար տրամադրել։

– Միգուցե այդպիսի բաներ եղել են, սակայն չպետք է մոռանանք, որ օրենքի հսկողություն կա։ Ավելի ճիշտ` պետք է լինի։ Պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ՝ կենդանիների հետ աշխատող կազմակերպություններին լիցենզիա տրամադրելու համար օրենք է պետք։ Իհարկե, շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ խնդիրները հաղթահարելու համար, նախեւառաջ պետք է խնդիրը ուրվագծել, եւ հետո միայն լուծումներ գտնել։ Այսօր Հայաստանում 10 հազար թափառող կենդանիներ կան, որոնց թիվը տարեցտարի աճում է։ Օրենսդրության բացակայությունը թույլ չի տալիս հաշվարկել նաեւ սահմանամերձ գոտիներում տեղի ունեցող շների միգրացիան։ Վերջին տարիների ընթացքում, օրինակ, Վրաստանից բազմաթիվ հիվանդ շներ են ներգաղթել Հայաստան։ Դա էլ է ուսումնասիրության խնդիր։ Եվ խոսքը միայն փողոցային շների ու կատուների մասին չէ։ Եթե, օրինակ, դուք քայլելով փողոցում՝ որեւէ շուն եք հանդիպում, պետք է իմանաք՝ թե դա ի՞նչ շուն է՝ տեր ունի՞, թե՞ ոչ։ Ստերջացվա՞ծ է, թե՞ ոչ։ Առո՞ղջ է, թե՞ ոչ։ Օրենքը թույլ է տալիս կենդանիների տերերին պատասխանատվության կանչել՝ քաղաքի աղտոտման, հարձակումների դեպքում։ Շուն պահող շատ հայաստանցիներ անգամ չեն էլ մտահոգվում իրենց կենդանուն կապով ուղեկցելու մասին։ Եվ եթե մենք փողոցում տեր ունեցող ու առանց կապի վազող շուն ենք հանդիպում, ապա գոնե պետք է վստահ լինենք, որ տերը հսկում է իր շան վարքագիծը։ Սակայն շատ դեպքերում մենք չունենք այդ վստահությունը։ Կենդանուն հանդիպելիս՝ մարդը չպիտի անհանգստություն կամ վախ զգա: Շատ երկրներում, օրինակ, ստերջացված շները հատուկ նշան են կրում, ասենք՝ ականջի վրա դաջվածք է արվում, որպեսզի անցորդն այդ շանը հանդիպելով՝ չվախենա ու վստահ լինի, որ շունը առողջ է։ Կենդանի պահելը մշակույթ է։ Շունը ոչ գործիք է, ոչ էլ խաղալիք է։ Ոչ էլ երեխա է, որը մեծանում, ամուսնանում ու տնից հեռանում է։ Շուն պահելը մեծ պատասխանատվություն է։ Շունը մինչեւ իր կյանքի վերջ իր տիրոջ հետ է ապրում ու միշտ էլ խնամք պահանջող երեխա է մնում։ Ես իմ կյանքի ընթացքում շատ շներ եմ պահել, ու կարող եմ վստահ ասել, որ դա մեծ երջանկություն է: Հայտնի է, օրինակ, որ սրտի վիրահատություն տարած մարդն ավելի արագ է ապաքինվում, երբ շուն է պահում։ Եվ այստեղ ոչ մի միստիկ բան չկա, շուն պահող մարդը օրական երկու անգամ պետք է իր շան հետ զբոսանքի դուրս գա։ Այսինքն` պարտադրված զբոսանքը (նաեւ իր շան ետեւից կեղտը հավաքելը) օգնում է մարդուն կոփել սիրտն ու արագ վերականգնել առողջությունը։ Ես համագործակցում եմ անգլիական մանկական հիվանդանոցների հետ, եւ իմ շան հետ հիվանդ երեխաներին այցելելով՝ տեսնում եմ, թե որքան լավ է ազդում երեխաների վրա շան հետ ունեցած շփումը։ Շատ հաճախ շունը ավելի լավ է վերաբերվում մարդուն, քան մյուս մարդը: Վերջիվերջո, պետք է միշտ հիշել, որ շունը միակ կենդանին է, ում համար սեփական կյանքը երկրորդական նշանակություն ունի, առաջնայինը մարդու կյանքն է։ Հիշենք, թե շները որքան մարդկային կյանք փրկեցին երկրաշարժից հետո։ Եվ տեսեք, թե ինչպես են մարդիկ այսօր քարը վերցնում ու ուժգնությամբ հարվածում շներին։

– Փաստորեն, մարդու ու կենդանիների իրավունքները շաղկապվա՞ծ են:

– Իհարկե, եւ շատ բան կախված է մեր անձնական վերաբերմունքից: Որքան հասցրել եմ տեսնել, Հայաստանում բոլորը սովոր են պատասխանատվությունը պետության վրա դնել ու գանգատվել՝ այս չկա, այն չկա։ Այդպես չի լինի։ Հո պետությունը չի՞ ասում՝ պլաստիկ շշերը փողոցում գցիր կամ աղբը տանդ պատուհանից շպրտիր։ Դա անձնական մեր որոշումն է, որի արդյունքում աղբակույտեր են գոյանում ու փողոցային կենդանիներ են ավելանում։ Եկեք ընտելանանք այն գաղափարին, որ ապրում ենք 21-րդ դարում, եւ փորձենք փոխել մեր արժեքային համակարգը։ Ամեն բան չէ, որ գումարով է արժեւորվում։ Մարդը կարող է միլիոնանոց զարդեր կրել, բայց իր շրջապատի համար անպիտան լինել ու վանել բոլորին` այն պահից սկսած, երբ կբացի բերանն ու կխոսի։ Ոչ մեկս մեր շրջապատից անմասն լինել չենք կարող։ Արդեն չի ստացվի։ Եվ որքան արագ հասկանանք դա, այնքան ավելի շուտ երջանիկ լինելու հնարավորություն կստանանք։ Վերջին տարիների ընթացքում մեր մոլորակն այնքան աղետներ է տեսել, որ արդեն հոգնել է ու կարծես ամեն առիթով մեզ ասում է՝ բավական է, ուշքի եկեք։ Շները (ինչպես նաեւ՝ երեխաները) մեղք չունեն, որ աղտոտված միջավայրում են ապրում։ Դրանում մեղավորը մենք ենք։ Ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ վայրը Հայաստանն է, ես մեծացել եմ հայրենիքի մասին երազելով։ Եվ իրապես ուզում եմ, որ իմ հայրենիքում գնահատվի մարդը։

– Եվ ստացվում է, որ ինքնագնահատականը բարձրացնելու համար մարդը պետք է գնահատի կենդանիներին։

– Անշուշտ։ Եթե տեսնում ես լացող ու սովամահ լինող շներին, չես կարող հանգիստ ապրել։