Վերադարձ

09/10/2005

Սեպտեմբերի լույս 22-ի գիշերը Եկատերինբուրգ-Երեւան չվերթով Երեւան է
ժամանել ծնունդով Արցախցի 17-ամյա Դավիթ Հարությունյանը: Չորս տարեկան
հասակում Դավիթը հոր հետ հեռացել է Հայաստանից, տարիներ շարունակ մայրը՝
Ժասմինա Հարությունյանը, որդու մասին ոչ մի լուր չի ունեցել: 13 տարի առաջ
հայրը չորսամյա որդուն Արցախից Երեւան է բերել վիրահատության նպատակով,
այնուհետեւ Երեւանից անմիջապես մեկնել են Ռուսաստան՝ այդ մասին նախապես ոչ
ոքի չտեղեկացնելով, անգամ երեխայի մորը:

Տարիներ շարունակ Ժասմինա Հարությունյանը դիմել է համապատասխան
մարմիններին՝ փորձելով գտնել երեխային, սակայն ապարդյուն: Եվ արդեն երբ
հաշտվել էր երեխայի կորստի հետ, անակնկալ լուր է ստանում նրանից:

Մայիսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է
ստանում ՌԴ Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա
Մերզլյակովայից: Վերջինս տեղեկացնում է, որ Նիժնի Տագիլ քաղաքի Սոցիալական
կենտրոնում գտնվում է անչափահաս մի հայ պատանի՝ Դավիթ Հարությունյան
անունով, եւ խնդրում է գտնել տղայի ընտանիքն ու կապ հաստատել: Գործով
զբաղվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Արագ արձագանքման խումբը
(խմբի ղեկավար` Գայանե Հարությունյան): Նախ, Քաջարանում գտնում են տղայի
հորաքրոջը, որի միջոցով էլ` մորը՝ Ժասմինա Հարությունյանին։ Վերջինս
բնակվում է ԼՂՀ Շուշի քաղաքում: Ստանալով մոր համաձայնությունը՝
կազմակերպում են երեխայի վերադարձը Հայրենիք: «Երեխայի վերադարձը պետք էր
անհապաղ կազմակերպել,- ասում է Արագ արձագանքման խմբի մասնագետ Վաչագան
Հարությունյանը,- քանի որ նոյեմբերին Դավիթը դառնալու է 18 տարեկան,
չափահաս դառնալուց հետո ավելի լուրջ դժվարություններ կունենար»: Այս
խնդրով Նիժնի Տագիլի Սոցիալական կենտրոնը դիմել է ՌԴ-ում Հայաստանի
դեսպանատուն, գործը, սակայն, ավելի արագ ընթացք է ստացել Լ. Ալավերդյանի
միջամտությունից հետո, եւ չափահասությունից ամիսներ առաջ, փաստորեն,
Դավիթին հաջողվել է վերադարձնել Հայրենիք: Պատանուն Եկատերինբուրգից
ուղեկցել է Տ. Մերզլյակովան, իսկ Հայրենիքում դիմավորել են մայրը եւ Լ.
Ալավերդյանն` իր աշխատակազմով:

Ի դեպ, տղայի հայրը դեռեւս մեկ տարի առաջ դատապարտվել է 4 տարի 9 ամիս
ազատազրկման՝ նույն Սվերդլովսկի մարզում: Մեզ չհաջողվեց կապ հաստատել
Դավիթ եւ Ժասմինա Հարությունյանների հետ: Այլ մանրամասներ՝ տղայի եւ հոր`
Հայրենիքից գաղտնի հեռանալու մասին, չհայտնեցին նաեւ օմբուդսմենի
աշխատակազմից: «Մենք պատշաճ չենք համարել նման հարցեր քննարկել երեխայի
կամ մոր հետ, ի վերջո, մեր խնդիրն այլ է»,- ասացին նրանք: Գործով զբաղված
խմբի մասնագետ Վ. Հարությունյանի հավաստմամբ՝ մայրը, մինչ տղայի
վերադարձը, երկու ամիս շարունակ հեռախոսակապ է ունեցել որդու հետ:
«Կարծում եմ նրանց միջեւ հոգեբանական լուրջ խնդիրներ չեն լինի»,- հուսով է
Վ.Հարությունյանը: Միակ դժվարությունն այն է, որ Դավիթը հայերեն չի
խոսում: Տղան Հայաստանի քաղաքացիություն կստանա, կսովորի հայերեն եւ
կզորակոչվի: Զորացրվելուց հետո միայն իրավունք կունենա ցանկության դեպքում
Հայրենիքից դուրս գալ: Իսկ այդպիսի ցանկություն, ասում են, Դավիթն ունի.
Նիժնի Տագիլում նրան է սպասում սիրած աղջիկը:

Ն.Ա.