Այս տարվա «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը մեկնարկեց «Աստղերի ծառուղու» հիմնումով: «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բացվեցին Ռուբեն Մամուլյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի ու Համո Բեկնազարյանի անվանական աստղերը: Աստղերն իրենցից ներկայացնում են ոսկեգույն, իրար միահյուսված քառակուսիներ, որոնց համադրումը ութաթեւ աստղ է դառնում: Ըստ «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի` աստղերի նման կառուցվածքը ճարտարապետ Համլետ Խաչատրյանի ու Ոսկերչական գործարանի տնօրենի խորհրդով է ստեղծվել: Ութաթեւ աստղերի կառուցվածքը շատ տարբեր է հոլիվուդյան «աստղային» հավաքածուից եւ բավական շատ հարցեր է առաջացնում անցորդների մոտ: Արեւելյան քաղաքակրթության, քրիստոնեական սիմվոլների ու հայկական ճարտարապետության մեջ հանդիպող նման աստղերը բազմատեսակ մեկնաբանությունների հիմք են տալիս: «Ես շատ ուրախ եմ, որ աստղերի կառուցվածքը հարցեր է առաջացնում: Երբ հարց է ծագում` նշանակում է՝ պատասխաններ էլ կգտնվեն: Հարցը դրդում է ուսումնասիրել ու իմանալ պատմությունը»,- նկատում է Հ.Խաչատրյանը:
Նախատեսվում է հայկական կինոաստղերի ծառուղին ամեն տարի 3-4 նոր անվանական աստղերով համալրել: «Ոսկե ծիրանն» իր էությամբ համահայկական կինեմատոգրաֆիական դաշտի ուսումնասիրություն կատարող ստուգատես է: Եվ շատ հաճախ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ազգությամբ հայ կինոռեժիսորները հենց կինոփառատոնին մասնակցելու պատրվակով են առաջին անգամ գալիս Հայաստան: Այս տարի «Ոսկե ծիրանը» ֆրանսիական բույր ունի, քանի որ պատվավոր հյուրերից շատերը Հայաստան են ժամանել հենց Ֆրանսիայից: Ի դեպ` Հ. Խաչատրյանը նշեց, որ արդեն պայմանավորվածություն կա հաջորդ տարի ընդունել ֆրանսիական կինոյի աստղ Ժյուլիետ Բինոշին, ով վերջերս ավարտված Կաննի միջազգային կինոփառատոնին ներկայացել է Աբբաս Քիառոսթամիի ֆիլմում խաղացած դերով: Ֆրանսիական ներկայությունը զգացվեց հենց «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ (այս անգամ անգլերենն իր տեղը զիջեց ֆրանսերենին): Փառատոնը մեկնարկեց Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմով: Կինոփառատոնի բացմանը ներկա էր նաեւ Վերնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը, որը մեծ նրբանկատությամբ նշեց, որ երբ իր հայրիկին հարցնում էր` ի՞նչ է նշանակում՝ հայ լինել, Անրի Վերնոյը պատասխանում էր. «Մանչս, պարզապես հիշիր այդ մասին ու փորձիր չմոռանալ»:
Մեդալներն ու տարածքները
Ցանկացած իրադարձություն Հայաստանում ուղեկցվում է մեդալների, պատվոգրերի ու հատուկ շքանշանների հանձնումով: «Ոսկե ծիրանը» նույնպես բացառություն չէ, քանի որ, բացի մրցութային մրցանակներից, փառատոնը շնորհում է նաեւ հատուկ մրցանակներ (կինովարպետներին` «Փարաջանովի թալեր», իսկ փառատոնի աջակիցներին ու հովանավորներին` «Մանթաշյան ասպետ»): Այս տարի առաջին մեդալակիրը դարձավ իտալական կինոյի լեգենդար դերասանուհի, գեղեցկուհի Կլաուդիա Կարդինալեն, ում այդ օրը միաժամանակ մի քանի տարբեր մեդալներ հանձնվեցին: Եվ դերասանուհին խոստովանեց, որ իր կյանքի ընթացքում երբեք այսքան շատ մեդալներ չէր ստացել, որքան ստացավ Հայաստանում: Էլեգանտ ու հմայիչ դերասանուհին, ով հայ հանդիսատեսի կողմից առավել սիրելի է դարձել Ա. Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերակատարումից հետո, մինչ այսօր էլ ակտիվ նկարահանվում է: Նրա թիկունքում 130 ֆիլմերը, հայտնի ռեժիսորներն ու կինոպարտնյորներն են: «Կինեմատոգրաֆի հետ ունեցած իմ սիրավեպը որոշ չափով նման է տղամարդու հետ ունեցած սիրավեպի: Չէ՞ որ, երբ տղամարդուն «Ոչ» ես ասում, ավելի ես շարժում նրա հետաքրքրությունը: Եթե միանգամից «Այո» ես ասում, ապա ոչ մի լուրջ բան չի ստացվում: Եվ երբ երիտասարդական տարիներին ինձ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ էին անում, ես ասում էի` ոչ: Սակայն, որքան շատ էի մերժում, այնքան շատ առաջարկներ էի ստանում: Իմ քույրն, օրինակ, դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալ, սակայն չդարձավ: Ես դարձա, թեեւ երբեք այդ մասին չէի երազում»:
Կ. Կարդինալեն իր դերասանական կարիերայի հաջողության բանաձեւն այսպես ձեւակերպեց. «Դերասանը պետք է դառնա այն մարդը, որին ուզում է ստեղծել ռեժիսորը: Ես միշտ վստահել եմ իմ ռեժիսորներին: Եվ «Մայրիկ» ֆիլմում էլ ստեղծել եմ այն կերպարը, որը պետք էր Անրի Վերնոյին»:
Ինչպես ցանկացած ռեժիսորի անհրաժեշտ են հավատարիմ դերասանները, այնպես էլ կինոփառատոնի կազմակերպիչներին են պետք աջակիցները: Եվ շատ հաճախ այդ աջակցությունը ոչ միայն նյութական, այլեւ բարոյական է լինում: Այս տարի «Ոսկե ծիրանը» «Մանթաշյան ասպետ» արծաթե մեդալ շնորհեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանին, «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանին: Իսկ «Արտ բրիջ» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան-Կարապետյանն ու «Ակումբի» տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ստացան ՀՀ Մշակույթի նախարարության մեդալ` մշակութային ծրագրերին աջակցելու համար: Պետք է նկատել, որ ակումբային սրճարանի ֆորմատը, որը համախմբում ու իրականում հետաքրքիր իրադարձություններ է ներկայացնում, շատ մեծ դեր է կատարում այսօրվա Հայաստանում (որտեղ ամեն բան միջոցառումի է վերածվում): Ակումբները աշխատում են հակառակ ուղղությամբ` մարդկային շփումները հորիզոնական ուղղությամբ տարածելով ու արվեստի ճիշտ մթնոլորտ ձեւավորելով: Իսկ մթնոլորտն, ինչպես հայտնի է` օդ է: Ինչպես նաեւ արվեստը: Հայաստանում մաքուր օդի պաշարները ավելացնելու գործում անփոխարինելի է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանի ներդրումը: Նա արդեն մեդալների ու ասպետների կոչումների մեծ հավաքածու ունի: Իսկ հայաստանցիներն արդեն շատ լավ հասկանում են, որ փառատոնային հարթակներն այլեւս ընդարձակման կարիք ունեն: 1,5 կինոթատրոնը բավական չէ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացավ փառատոնի համար տարածք տրամադրել: Միգուցե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նոր կինոթատրո՞ն կկառուցի: Կամ էլ գոնե կինոթատրոն քանդելու որոշումից ե՞տ կկանգնի: