Ինչպե՞ս խնամել մազերը

15/07/2010

Այս հարցը մտահոգում է թե տղամարդկանց, թե կանանց: Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5սմ-ն: Որպես կանոն, տաք ամիսներին մազերն ավելի արագ են աճում, քան ձմռանը: Նախ եւ առաջ պետք է հիշել, որ սննդակարգը մեծապես անդրադառնում է մազերի որակի եւ նորմալ աճի վրա: Սնունդը պետք է լինի թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր եւ բազմազան, որպեսզի ձեր օրգանիզմը կարողանա ստանալ անհրաժեշտ վիտամինները: Մեծ քանակությամբ ալկոհոլը եւ ծխախոտը, ինչպես հայտնի է, վնասում են նաեւ մազերին: Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճը: Այս ամենը պահպանելուց հետո, երկրորդ տեղում, մազերի խնամքն է: Ոմանց թվում է, թե մազերը չեն աճում, այնինչ, դրանք պարզապես կոտրատվում են թերսնուցման, վատ խնամքի, քիմիական ներկերի պատճառով: Ժողովրդական միջոցները նման դեպքերում ոչ միայն լավագույն ազդեցությունն են ունենում, այլեւ բավական էժան են: Հատկապես օգտակար են տարբեր եթերայուղերով, բուսական յուղերով պատրաստված դիմակները, որոնց արդյունքն, իհարկե, վայրկյանական չի նկատվում, բայց հետեւողական օգտագործման դեպքում հրաշալի սնուցում են մազարմատները: Գլխի մազարմատները սնուցում, արյան շրջանառությունն ակտիվացնում են դարչինը, կոճապղպեղը (իմբիր), մանանեխը (գորչիցա), կարմիր պղպեղի թրմօղին (պերցովկա), կծու կարմիր պղպեղը, եւ այլն: Նշյալ բոլոր միջոցները պետք է խառնել մազերի համար պատրաստված դիմակներին: Այս բույսերով եւ համեմունքներով պատրաստված դիմակները մազերին, արմատներին քսելուց հետո պարտադիր պետք է գլուխը փաթաթել պոլիէթիլենե գլխարկով եւ պահել 20-60 րոպե (որքան կդիմանաք), այնուհետեւ լվանալ մազերը ոչ շատ տաք ջրով: Շատերի համոզմամբ` մազերի աճին շատ լավ նպաստում է կարմիր կծու պղպեղով թրմօղին, որը կարող եք նաեւ ինքներդ պատրաստել: Դրա համար կարմիր կծու պղպեղի պատիճները կտրատում եք բուսական յուղի (կամ ձիթապտղի յուղի) կամ օղու մեջ, 2-3 շաբաթ պահում եք մութ տեղում: Պղպեղի թուրմը տարբեր ձեւերով կարելի է օգտագործել` կախված ձեր գլխամաշկի զգայունությունից: Այն կարելի է օգտագործել բուսական տարբեր յուղերի կամ մազերի բալզամի մեջ լցնելով (բոլորը` 1-ական ճ/գ չափով): Որոշ մարդիկ պղպեղը պարզապես խառնում են ջրի կամ կեֆիրի հետ եւ քսում մազարմատներին (1ճ/գ ջրին կամ կեֆիրին խառնում են 2ճ/գ թրմօղի): Այս դիմակի մասին տարբեր մարդիկ տարբեր կերպ են արտահայտվում: Մի մասն ասում է, որ երկար չի դիմանում կծու պղպեղի այրոցին, մյուս մասն ասում է, որ որեւէ այրոց չի զգում: Պետք չէ վախենալ այրոցից. դա նաեւ ազդանշան է, որն ակնարկում է արյան շրջանառության ակտիվացման մասին, ինչն էլ խթանում է մազարմատների սնուցումն եւ մազերի աճը: Իհարկե, մանանեխով, կծու պղպեղով պատրաստված դիմակները չպետք է չարաշահել. այն կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ, ոչ ավելի, այն էլ, հիմնականում, կեֆիրի եւ որեւէ բուսայուղի (եղինջի, կեչու տերեւների բուսայուղի, եւն) հետ միասին: Մանանեխը կարմիր պղպեղի պես հրաշալի ազդեցություն է ունենում մազերի խնամքի եւ աճի վրա: 1ճ/գ մանանեխը (կամ դրա փոշին), 2 ձվի դեղնուցը եւ 250 մլ կեֆիրն իրար խառնեք, փոքր-ինչ` 1-2 ճ/գ բուսական յուղ ավելացրեք, եւ քսեք մազարմատներին եւ մազերի ծայրերին: Այս դիմակը խորհուրդ չի տրվում շաբաթը

1-2 անգամից ավելի կրկնել: Ավելիի դեպքում կարող եք վնասել, այրել գլխամաշկը, որի պատճառով թեփ կառաջանա:

Դարչինի փոշին ավելի քիչ է այրում գլխամաշկը, սակայն նույնպես դրական ազդեցություն է գործում` խթանելով մազերի աճը: Օրինակ, կարող եք անգույն հինան եւ դարչինի համեմունքն իրար խառնել եւ որպես դիմակ օգտագործել: Եթե ուզում եք փորձել կոճապղպեղով դիմակը, ապա պետք է նախապես իմանաք եւ հիշեք, որ չորացված-համեմունք կոճապղպեղը մի քանի անգամ ավելի շատ կարող է այրել մաշկը, քան բույսի` թարմ կոճապղպեղի քամած հյութը: Առհասարակ, դա վերաբերում է բոլոր կծու, չորացրած համեմունքներին. թարմ վիճակում այդ բույսերն այդքան կծու եւ այրող չեն, կարծես ջրով բացված լինեն: Հենց այդ պատճառով չոր կոճապղպեղի համեմունքը օգտագործելիս ավելի քիչ քանակությամբ պետք է վերցնել` 1/4-1/2 թեյի գդալի չափով: Այն պարտադիր պետք է խառնել բուսական որեւէ յուղի կամ կեֆիրի եւ ձվի դեղնուցի հետ: Թարմ կոճապղպեղը եւս խթանում է մազերի աճը եւ սնուցում է մազարմատները: Պետք մաքրել թարմ կոճապղպեղի կեղեւը (ի դեպ, կոճապղպեղի բույսը վաճառվում է Երեւանի մի շարք մթերային խանութներում. այն շատ նման է գետնախնձորին), քամել բուսահյութը եւ քսել լվացված մազարմատներին` չորացնելով մազերը: Կարող եք նաեւ քսել մազարմատներին` գլուխը լվանալուց 20-30 րոպե առաջ: Կոճապղպեղը նաեւ կանխում է մազաթափությունը: Միայն թե զգուշացեք, որպեսզի բուսանյութը աչքերի մեջ չընկնի:

Ժողովրդական բժշկության մեջ մազերի խնամքի եւ աճի համար, մազաթափության դեմ հաճախ են օգտագործվում նաեւ խմորիչները (դրոժի): 1ճ/գ խմորիչը խառնել կես թեյի բաժակ տաք ջրի կամ կեֆիրի հետ, ավելացնել 1ճ/գ բնական մեղր: Ստացված զանգվածը լավ խառնել, 20 րոպե թողնել, ապա քսել մազարմատներին: Մազերի աճը խթանում է նաեւ գլխամաշկի մերսումը, տաք եւ ոչ շատ սառը ջրով ցնցուղները, կոշտ խոզանակով մազերի սանրումը: Նշված դիմակներից ցանկացածը կարող եք քսել գլխին եւ ընթացքում մերսել մաշկը: Շատ լավ ազդեցություն է ունենում: Իհարկե, նաեւ կարող եք մազերի խնամքի ուղղությամբ մասնագիտացած պրոֆեսիոնալ կոսմետիկական տարբեր ընկերությունների դիմակներից գնել եւ քսել մազերին: Վերոնշյալ բոլոր դիմակները մեկ ամիս հետեւողական օգտագործելուց հետո արդեն իսկ կնկատվեն նոր աճող փոքրիկ մազիկները, մազերը նոր փայլ եւ տեսք կստանան: Ի դեպ, ցանկալի է` բուսական-բնական հիմքով բոլոր դիմակները քսել նախապես լվացված մաքուր մազերին: Մազերի համար շատ օգտակար են լորենուց (լիպա), երիցուկից (րոմաշկա), կռատուկի արմատներից (լոպուխ), կեչու տերեւներից (լիստյա բերյոզի), գայլուկից (խմել), խնկեղեգի արմատներից (կորնի աիրա), տատրակից (մատ-ի-մաչիխա), եղինջից (կրապիվա), արեւքուրիկից (զվերաբոյ), ձիաձետից (խվոսչ), սեւ բողկի քամած հյութից պատրաստված թուրմերը։ Այս բույսերով պատրաստված թրմաջրերը կարելի է մշտապես եւ տարբեր դիմակների մեջ օգտագործել: Այս բույսերի չորացրած մեկական փնջերի վրա պետք է եռացրած ջուր լցնել, թողնել 30 րոպե, եւ թուրմը պատրաստ է:

Փորձված դիմակներ

– 3 ճ/գ ալոէի տերեւների թարմ քամած հյութը խառնել 3 ճ/գ կոնյակի, 1 ճ/գ կարմիր կծու պղպեղի համեմունքի, 3 ճ/գ բնական մեղրի եւ 3 ձվի դեղնուցի հետ: Ստացված դիմակը լավ խառնել, քսել մազարմատներին, ձեռքերով մերսել գլուխը, պահել առնվազն 30-60 րոպե, ապա լվանալ գլուխը ոչ շատ տաք ջրով: Դիմակը կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամից ոչ ավելի: Այս դիմակը սնուցում է, մազերին փայլ է տալիս, պայքարում է մազաթափության դեմ, խթանում է մազերի աճը:

– 1 ճ/գ մեղրը, 1 ճ/գ կոնյակը, 1 ճ/գ ալոէի հյութը, 1 ճ/գ գերչակի յուղը, 1 ճ/գ երիժակի յուղը (րեպեյնոյե մասլո), 1 թ/գ կարմիր կծու պղպեղը, 1 ձվի դեղնուցը խառնել, քսել մազարմատներին եւ 40 րոպե հետո լվանալ: Առաջին շաբաթը կարելի է կրկնել նույնիսկ ամեն օր: Երկրորդ շաբաթը` շաբաթը 2 անգամ:

Այլ դիմակներ

– Նորմալ մազերի համար շատ օգտակար է գազարի հյութով դիմակը: 4 ճ/գ գազարի թարմ հյութը խառնել 2 ճ/գ կիտրոնի հյութի հետ, ավելացնել անանուխի թրմաջուր: 5 րոպե պահել եւ լվանալ մազերը:

– Մազաթափության եւ թեփի դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում հետեւյալ դիմակը. 2թ/գ բնական մեղրը խառնել երիժակի յուղի հետ, ավելացնել 2 ձվի դեղնուց: Դիմակը քսել, պահել 40 րոպե, ապա լվանալ ոչ շատ տաք ջրով: Մոտ 3 ամիս, շաբաթը 2 անգամ կրկնել:

– 2 փունջ ծոթրինը (տիմյան, չաբրեց) մանրացնել, վրան լցնել կես լիտր եռացրած հանքային ջուր, թողնել սառչի: Մազերի հերթական լվացումից հետո քսել մազարմատներին եւ գլուխը սրբիչով 15 րոպե փաթաթել:

– Երիցուկի 1 ճ/գ չորացրած բույսի վրա ավելացնել եղինջի եւ լորենու տերեւները, ավելացնել 1 թեյի բաժակ եռացրած ջուր: Կես ժամ հետո ստացված-սառեցված բուսաթուրմի մեջ ավելացնել մի քանի կաթիլ A, B1, B12, E վիտամիններ, եւ 15 րոպե անց քսել մազարմատներին: Գլուխը պետք է փաթաթել պոլիէթիլենե գլխաշորով: 1-1,5 ժամ հետո կարող եք լվանալ գլուխը:

– Միմյանց խառնել 1 ճ/գ կոնյակը, 1 ճ/գ մեղրը եւ 1 ձվի դեղնուցը: 20 րոպե անց լվանալ մազերը: Հեշտ եւ հարմար դիմակ է մազաթափության դեմ: 2 ճ/գ մեղրով եւ 2 ճ/գ ալոէի հյութով դիմակը եւս շատ հեշտ է եւ օգտակար:

– Խնկեղեգի 3 ճ/գ արմատները (կորնի աիրա) 0,5 լիտր

9%-անոց քացախով թույլ կրակի վրա եռացնել 15 րոպե, ապա թողնել սառչի: Ողողել մազարմատները` գլուխը լվանալուց հետո:

– Սեւ բողկի քամած հյութը քսել մազարմատներին, 30 րոպե պահել՝ գլխարկով ծածկելով մազերը, ապա լվանալ ոչ շատ տաք ջրով:

– Սովորական կեֆիրը շաբաթը 1 անգամ քսել մազարմատներին, գլխաշորով փաթաթել մազերը, պահել 1,5-2 ժամ: Առանց շաքարի պարունակության կեֆիրը նաեւ օգտակար է հաճախ ներկվող մազերի խնամքի համար:

– Մազաթափության համար 1 ճ/գ մանանեխի փոշին եւ 2 ճ/գ թունդ սեւ թեյի լուծույթը խառնել, վրան ավելացնել 1 ձվի դեղնուց: 30 րոպե պահել: Այրոցից պետք չէ վախենալ: Կրկնել շաբաթը 2-3 անգամ:

– Հավասար քանակությամբ` 2-ական ճ/գ ձիթապտղի յուղը եւ կիտրոնի հյութը խառնել, գիշերը քսել մազարմատներին, հագնել գլխարկը եւ քնել: Առավոտյան որեւէ բուսաջրով կարելի է լվանալ:

– Մազերի վնասված ծայրերի համար օգտակար են նուշի, ձիթապտղի, երիժակի, գերչակի յուղերը: Այս յուղերի վրա կարելի է ավելացնել կիտրոնի 1-2 ճ/գ հյութ, ձվի դեղնուց եւ ժամանակ առ ժամանակ ստացված զանգվածով տրորել մազերի ծայրերը:

– Հրաշալի սնուցող միջոց է գլուխ սոխի քամած հյութը: Թարմ քամած հյութից մի շարք դիմակներ կարելի է ստանալ: Օրինակ` խառնեք այն կեֆիրի, ձվի դեղնուցի եւ գերչակի յուղի հետ եւ քսեք մազերին` պահելով 30-50 րոպե:

– Գլուխ սոխը, 4 հատիկ սխտորը քերիչով կամ մսաղացով անցկացնել: 4 ճ/գ սոխի եւ 1 ճ/գ սխտորի զանգվածին ավելացնել 1 ճ/գ մեղր, քսել գլխամաշկին, պահել 1-1,5 ժամ, ապա լվանալ տաք ջրով եւ շամպունով: Շատ չոր մազերի դեպքում կարող եք նաեւ դիմակի մեջ ձիթապտղի յուղ ավելացնել: Սխտորի եւ սոխի քամած հյութերն օգտակար են մազերի խնամքի համար:

– Ամեն անգամ գլուխը լվանալուց հետո մազերը շփեք 4-5 ճ/գ խնձորի քացախից եւ գոլ ջրից պատրաստված լուծույթով: Այսպիսով կպայքարեք թեփի դեմ, մազերը կսնուցվեն, հրաշալի փայլ կստանան եւ կփափկեն: Բալզամի կարիք այլեւս չեք զգա:

– Կես թեյի բաժակ չորացրած եղինջը եւ 3 թ/գ անգույն հինան խառնեք իրար, ավելացրեք կեսից ավելի թեյի բաժակ եռջուր: Թողեք սառչի եւ ստացված զանգվածի վրա ավելացրեք ձվի դեղնուց: Դիմակը պահեք 1-1,5 ժամ:

– Անգույն հինայի վրա եռացրած ջուր ավելացնել, այնքան, որպեսզի թանձր զանգված ստացվի: 15 րոպե թողնել փակ տարայի մեջ: Այնուհետեւ բուսական որեւէ յուղ` փոքր-ինչ տաք վիճակում լցնել հինայի վրա եւ թողնել եւս 15 րոպե: Ավելացնել 2-3 թ/գ վիտամիններ A եւ E: Մաքուր մազերի վրա քսել, պահել 2 ժամ` գլխաշորով փաթաթված վիճակում: Կրկնել շաբաթը 2 անգամ: Ի դեպ, կարող եք այս դիմակը պահպանել փակված վիճակում` չոր տեղում:

– 30 գրամ խմորիչը խառնել 2 ճ/գ կարմիր պղպեղով թրմօղու հետ եւ քսել մազարմատներին, պահել 20 րոպե եւ լվանալ:

– Մազերի համար հրաշալի միջոց է նաեւ մայոնեզով, 1-2 ձվի դեղնուցով, ձիթապտղի յուղով պատրաստված դիմակը: Լավ քսել մազարմատներին, պոլիէթիլենե գլխարկ հագնել եւ 1-2 ժամ պահել: Սնուցում եւ փափկեցնում է մազերը:

– Շատ ուժեղ մազաթափության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դիմակը. 1 ճ/գ գերչակի յուղը խառնել 1 ճ/գ սոխի քամած հյութի հետ, 1 պտղունց կարմիր կծու պղպեղ ավելացնել, 1 ճ/գ մեղր, 1 ճ/գ կոնյակ, 1 ձվի դեղնուց: Քսել մազարմատներին, գլխաշորով կապել գլուխը, 1 ժամ պահել, ապա լվանալ: Շաբաթը նույնիսկ 1 անգամ` 2-3 շաբաթ հետեւողական կրկնելու դեպքում արդյունքը զգալի կլինի:

– Մազարմատների ամրացման համար հնում օգտագործել են նաեւ կերակրի կամ չմշակված աղը: Գլուխը լվանալուց հետո 10-15 րոպե տրորել են աղով: Սա եւս նպաստում է գլխամաշկի արյան շրջանառության ակտիվացմանը:

– Կարող եք դիմակ պատրաստել 3 ճ/գ սոխի հյութով, 2 ձվի դեղնուցով, մեղրով, եւ 2 ճ/գ կերակրի աղով: Ամրացնում է մազարմատները, խթանում է աճը:

Այս բոլոր դիմակները շատ օգտակար եւ շատերի կողմից փորձված են: Ընդ որում, դիմակների մեջ օգտագործվող բույսերը, բուսական յուղերը, մթերքը դժվար չէ ձեռք բերել, վաճառվում են եւ դեղատներում, եւ մթերային խանութներում: Դիմակների ընտրությունը մեծ է, պատրաստման ձեւը` հեշտ, արդյունավետությունը` ակնհայտ:

Սեբորեա, թեփ

Սեբորեան մաշկային հիվանդություն է, որն առաջանում է ճարպերի փոխանակության եւ նյութափոխանակության, ստամոքսի եւ աղիների գործունեության խախտումների հետեւանքով: Պատճառ կարող են լինել նյարդային եւ հոգեկան ծանր ապրումները: Այն հիմնականում առաջանում է սեռական հասունացման շրջանում: Մաշկը, գլխամաշկը թեփոտվում է, քոր է գալիս:

– Գլխամաշկի նման թեփի դեմ շատերն օգտագործում են կիտրոնաջուրը: 4 կիտրոնի կեղեւը մաքրել-լվանալ, 15 րոպե եռացնել 1լ ջրի մեջ եւ շաբաթը 1 անգամ գլուխը շփել այդ ջրով:

– Այդ թեփի դեմ օգտակար է նաեւ ճակնդեղի ջուրը: 3 լիտրանոց ապակե տարայի` բանկայի մեջ լցնել 1,5 լիտր սառը ջուր, դրա մեջ դնել կլպած-լվացված եւ կտրատված ճակնդեղը, պատուհանի գոգին դնել փակ վիճակում եւ թրմել 5-6 օր` մինչեւ ջուրը կբարձրանա մինչեւ վերջ` ապակե տարայի եզրով մեկ կանաչ բորբոս առաջացնելով: Երբ որ բորբոսը վերջնականապես կփակի տարայի բերանը, պետք է բամբակե թանզիֆի միջոցով քամել ճակնդեղի ստացված ջուրը եւ տաք ջրի մեջ խառնելով` դրանով լվանալ գլուխը: Կարող եք նաեւ ճակնդեղի այդ լուծույթի մեջ թրջել սրբիչը եւ 2 ժամ փաթաթել գլխին` նախապես մազարմատներն այդ ջրով խոնավացնելով: Վերջում մազերը կարող եք շփել խնձորի քացախով եւ ջրով պատրաստված թուրմով (3 ճ/գ քացախը` 1 լիտր ջրի մեջ): Ճակնդեղով պատրաստված ջրով գլուխը լվանալիս կարող եք նաեւ դրան խառնել սեւ հացից պատրաստված ջուր: Դրա համար պետք է 100-150 գրամ սեւ հացը կտրատել, վրան շատ տաք եռացրած ջուր լցնել: Ցանկալի է օճառի փոխարեն ձվի դեղնուց օգտագործել:

– Երիցուկի ջրով լվացումները եւս օգնում են սեբորեային:

– Սեբորեայի դեպքում լավ արդյունք է լինում մազերը օճառախոտով (միլնյանկա լեկարստվենայա) լվանալու դեպքում: 6 լիտր ջրի մեջ 10 րոպե եռացնել օճառախոտի արմատները, գիշերը թողնել, որ սառչի: Հաջորդ օրը փոքր-ինչ տաքացնել եւ 15 րոպեի ընթացքում մեծ թասի մեջ շփել մազերն այդ հեղուկով: Վերջում մազերը շփել կիտրոնաջրով կամ քացախաջրով: 

Առողջ եղեք: