Չուզողություն

09/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կարծես սովորել ենք, որ բոլորը, ում հնարավորություն է ընձեռվում, կարող
են խոսել պայծառ ապագայի, լավ-լավ ծրագրերի մասին, զարգացման ու
առաջընթացի մասին, եւ միեւնույն ժամանակ՝ այդ ուղղությամբ ոչինչ չանեն։
Որքան էլ ցավալի է, բայց մենք դա արդեն նորմալ ենք ընդունում։ Ու երեւի
արդեն չենք էլ սպասում, որ իշխանությունը, որը կոչված է մեզ ծառայելու
համար, մեզ որեւէ կերպ աջակցի. բավական է, որ չխանգարի։ Սակայն մեր
ուզածը, երեւի, չափից դուրս մեծ բան է, ու մտահոգիչ է, որ դրան էլ ենք
ընտելանում։ Խոսքերիս ապացույցը Էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների
մրցույթն էր, որի մասին խոսեցին, խոսեցին… ու մոռացան։

Մեր նպատակը հին խոսակցություններին, բողոքներին ու բամբասանքներին
անդրադառնալը չէ (ասենք` ով ում բարեկամն է, չինացիների հետ ինչ
առնչություն ունի, կամ որ նախարարն է օր ու գիշեր մտահոգվում չինացի
ժողովրդի ճակատագրի մասին)։ Պարզապես կարելի է մի անգամ եւս ետ նայել եւ
հասկանալ, թե ինչ շահեցինք կամ կորցրինք՝ թե սոցիալական, թե տնտեսական
առումով։

Սկսենք սոցիալականից։

Կառավարության որոշմամբ` 1999 թվականից էլեկտրաէներգիայի սպառման համար
գործում է երկսակագնային ռեժիմ՝ գիշերվա ժամերին՝ 23.00-ից մինչեւ 07.00-ը
սպառողն օգտագործած էներգիայի դիմաց վճարում է մոտ 40%-ով քիչ գումար։
Սակայն այդ արտոնությունից օգտվելը պրակտիկորեն անհնար է, եթե բնակիչը
չունի երկսակագնային հաշվիչ, որի միջոցով երեւում է գիշերային եւ
ցերեկային ժամերին սպառված էներգիայի քանակը։ 2005 թվականի դրությամբ
այդպիսի հաշվիչներ օգտագործողների տեսակարար կշիռը չափազանց փոքր է՝ չի
գերազանցում 80.000-ը։ Այսինքն, բնակչության ավելի քան 90%-ը 6 տարի
շարունակ վճարում է ավելին, քան պետք է։ Նորություն չեմ ասի, որ սրա
հիմնական պատճառը բնակչության սոցիալական վիճակն է։ Թեեւ ձեռքբերման համար
ծախսված գումարը հետագայում փոխհատուցվում է էներգիայի տեսքով, սակայն դա
առանձնապես չի ոգեւորում սպառողներին, որոնք ավելի նպատակահարմար են
համարում յոլա գնալ հին հաշվիչներով եւ այդ գումարը ծախսել այլ
նպատակներով։ Այս առումով, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդկանց
համար երկսակագնային հաշվիչների մասին մտածելն անգամ ճոխություն է,
մինչդեռ հենց նրանց 1 կիլովատտի դիմաց 25-ի փոխարեն 15 դրամ վճարելը
չափազանց կարեւոր է։

5 տարի առաջ Ճապոնիայի կառավարությունն օգնություն տրամադրեց Հայաստանի
էներգետիկ համակարգին: Հատկացված գումարներից 8,5 միլիոնը պետք է ուղղվեր
150 հազար անապահով ընտանիքներին անվճար հաշվիչներ տրամադրելուն, իսկ
արտադրող ընկերությունը պետք է որոշվեր միջազգային մրցույթով։

Եվ ինչ, մարդիկ 5 տարի սպասում են, թե վերջապես որ ընկերության հաշվիչն են
«պատիվ ունենալու» օգտագործել, եւ հանկարծ պարզվում է, որ… դա ներկա
պահին նպատակահարմար չէ… ավելի նպատակահարմար է առհասարակ հրաժարվել 150
հազար էլեկտրահաշվիչների արտադրության ծրագրից եւ այդ նպատակով տրամադրված
8,5 մլն դոլարը վերաբաշխել վարկային ծրագրի մյուս բաղադրիչների վրա։ Մեզ
հետ զրույցում հայկական ընկերության՝ «Էներգիա-կոնցեռն» ՓԲԸ նախագահ Է.
Գրիգորյանը նշեց, որ պաշտոնական պատասխան իրենց այդպես էլ չի տրվել
համապատասխան ԾԻԳ-ի կողմից, թեեւ երկու անգամ դիմել են։

Փորձեցինք մենք պարզաբանումներ ստանալ որոշ հարցերի առնչությամբ, ասենք,
օրինակ, ինչո՞ւ այդ «ոչ նպատակահարմարությունն» ի հայտ եկավ այսքան երկար
ժամանակ հետո։ ԾԻԳ-ում մեզ պատասխանեցին, որ իրենք առհասարակ լրագրողների
հարցերին չեն պատասխանում եւ առաջարկեցին դիմել Էներգետիկայի
նախարարություն, իսկ նախարարությունից պատասխանեցին, որ տվյալ հարցով
զբաղվող անձինք արձակուրդի մեջ են։

Ընդ որում, նշենք, որ էներգետիկայի հարցերով զբաղվող ԾԻԳ-ի կողմից սա
առաջին ծրագիրն էր, որը սոցիալական ուղղվածություն ուներ։ 3 տարի հետո 150
հազար ընտանիք կարող էին որոշ չափով տնտեսել իրենց առանց այն էլ սուղ
միջոցները, բայց…

Հիմա հարցը դիտենք մյուս՝ արտադրողի կողմից։ «Էներգիա-կոնցեռնը» մի քանի
տարի առաջ ձեռնամուխ է եղել էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների
արտադրության գործին։ Ու թեեւ մեր մեջ արմատացած է այն գաղափարը, որ
«իմպորտնին» միշտ լավ է տեղականից, այս ձեռնարկությանը հաջողվել է հավաքել
բանիմաց մասնագետների խումբ եւ իր որակյալ արտադրանքի շնորհիվ ձեռք բերել
սպառողների վստահությունը։ Մրցույթի մասին հայտարարությունից հետո
«Էներգիա-կոնցեռնն» ավելի եռանդուն աշխատանքներ ծավալեց, մասնավորապես`
որակի բարելավման եւ տեխնիկական կատարելագործման ուղղությամբ եւ
համագործակցություն հաստատելով նույն ոլորտում զբաղված ճապոնական մի
ընկերության հետ՝ մրցույթին մասնակցելու համատեղ հայտ ներկայացրեց։ Ու երբ
առաջին մրցույթում, իսկ հետո երկրորդ փուլում հաղթելուց հետո արդեն
պատրաստվում էին քայլեր ձեռնարկել արտադրության ընդլայնման ուղղությամբ…
սկզբում նրանց անակնկալ մատուցեցին մրցույթի արդյունքները չեղյալ
հայտարարելու որոշմամբ, իսկ հետո հաջորդեց էլ ավելի «հաճելի» անակնկալ՝
ընդհանրապես հրաժարվեցին հաշվիչների ձեռքբերման ծրագրից։

Արտասահմանյան ցանկացած լուրջ ընկերություն իր գործունեությունը
պլանավորում է մոտակա տասնյակ տարիների համար, իսկ մեզ մոտ չես կարող
գուշակել, թե ինչ կկատարվի վաղը…

Իսկ ի՞նչ կտար այս ձեռնարկությանը, եւ ընդհանրապես մեր տնտեսությանը, եթե
գործարքն, այնուամենայնիվ, կայանար։ Իր ողջ գործունեության ընթացքում
ընկերությունը վաճառել է ընդամենը 30.000 հաշվիչ, իսկ այս դեպքում 3 տարվա
ընթացքում միայն անապահով ընտանիքների համար պետք է արտադրվեր 150 հազար
հաշվիչ։ Արտադրության ծավալները կմեծանային մի քանի անգամ։ Պրն Գրիգորյանի
խոսքերով, իրենց մոտ ներկայումս աշխատում է 30-40 հոգի, իսկ գործարքի
կայացման դեպքում կբացվեր նվազագույնը 300 նոր աշխատատեղ։ Երբ մոտ 15
աշխատատեղ ունեցող ինչ-որ օբյեկտ է բացվում, այն էլ՝ անորոշ ժամանակով, ով
չի ալարում, այդ մասին խոսում է, իսկ երբ հրաժարվում ենք 300 հոգու համար
ապրուստի միջոց ստեղծելուց, եւ եղած աշխատողների ապագան էլ վտանգի տակ
դնում՝ դրա մասին մոռանում են։ Հիշո՞ւմ եք «Մենք ենք, մեր սարերը»…«Երբ
մեկը 5 տոկոսով պլանը գերակատարում է, շքանշան են տալիս, նկարը թերթում
տպում են, բայց որ մեր աչքի առաջ…»։ Գրեթե նույն պատկերն է, ավելի գորշ
գույներով։

Ընդ որում, եթե մրցույթի արդյունքները չեղյալ չհամարվեին, ֆինանսական
միջոցների առկայությունը ընկերությանը թույլ կտար բացի հաշվիչների
արտադրությունից աշխատել նոր ծրագրերի վրա։ Նշենք նաեւ, որ արտադրության
ծավալների ընդլայնումը մուլտիպլիկատորի էֆեկտով բարենպաստ ձեւով
կանդրադառնար նաեւ հարակից ոլորտների վրա։

Ահա այն ամենի շատ կարճ նկարագրությունը, ինչ մենք կորցրինք… Իսկ ինչո՞ւ, ո՞վ է մեզ ստիպում գործել մեր շահերի դեմ. անհասկանալի է։

Հետաքրքիր է, լուրջ արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությանը
զարգացման հիանալի հնարավորությունից զրկելը մեր տնտեսական
քաղաքականության ո՞ր դրույթներին է համապատասխանում՝ աղքատության
հաղթահարմա՞ն, բարձր տեխնոլոգիաների զարգացմա՞ն (ի դեպ, սա համարվում է
բարձր տեխնոլոգիաների ոլորտ), արտադրության զարգացմա՞ն, միջազգային
շուկաներ դուրս գալո՞ւ, տեղական արտադրողին օգնելո՞ւ, միջին խավի
ձեւավորմա՞ն…։

Այնուամենայնիվ, «Էներգիա-կոնցեռնը» մեր սպառողներին ուրախացնելու բան
ունի։ Պրն Գրիգորյանը նշեց, որ բառացիորեն մի քանի օր առաջ պայմանագիր է
կնքվել «Արդշինինվեստ» բանկի հետ, եւ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է
ձեռք բերել երկսակագնային հաշվիչ, կարող է բանկին վճարել 5900 դրամ
(27.000-ի փոխարեն), եւ հաշվիչը 20 օրվա ընթացքում կտեղադրվի։

Մեզ մնում է միայն բարի նախանձով նայել չինացիներին։ Նրանք պետական
մակարդակով, իրենց դեսպանատան միջոցով ամեն ինչ արեցին, որ իրենց
ընկերությունը հաղթի (թեեւ չինացիների համար 8,5 միլիոնանոց գործարքը
այնքան էական նշանակություն չունի, որքան մեզ համար), իսկ մենք ամեն ինչ
արեցինք, որ մեզ մոտ ոչինչ չստացվի։