«Ես առիթ եմ ունեցել նախկինում եւս ծանոթանալու օմբուդսմենի զեկույցների հետ, եւ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ ընդդիմության շահերի պաշտպանը միայն, սակայն այս զեկույցից հետո պարզ դարձավ, որ արդեն օմբուդսմենի մոտ օրինաչափ է դառնում ընդդիմության շահերը պաշտպանող միակողմանի զեկույց պատրաստելը, որը, կարծում եմ, չի նպաստի մեր երկրի ժողովրդավարացմանը»,- անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության իրավունքի մասին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի վերջին զեկույցին, երեկ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` պաշտպանին խորհուրդ տալով միակողմանի զեկույցների փոխարեն՝ համակողմանի զեկույցներ պատրաստել: «Եթե վատն ասում են, ճիշտ կլինի, որ լավն էլ մատնանշեն»,- ասել է Շարմազանովը: «tert.am»-ի հարցին, թե` Հայաստանում չկա՞ն խոսքի ազատության սահմանափակման հետ կապված խնդիրներ, նա պատասխանել է. «Համաձայն ենք, որ կան նման խնդիրներ: Սերժ Սարգսյանի վարչակարգը տարբերվում է նրանով, որ խնդիրները չեն թաքցվում, բայց խնդիրների մասին խոսելիս պետք է նաեւ առաջընթացի մասին խոսել»: