Ջորջ Ֆրիդման, «STRATFOR» «Կովկասյան կաթսան»

10/07/2010

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթվա վերջին բավականին հետաքրքիր այցելություններ կատարեց։ Նրա երթուղին ընդգրկում էր Լեհաստանն ու Ուկրաինան, ինչը բավականին ուշագրավ է՝ հատկապես վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած Օբամա-Մեդվեդեւ հանդիպման լույսի ներքո։ Սակայն նա այցելեց նաեւ մի տարածաշրջան, որը վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ «ռադարների» վրա այնքան էլ շատ չի երեւում` Կովկաս (Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան)։

Լեհաստանյան ուղեւորությունը համընկավ բալիստիկ հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման հետ։ Ուկրաինա կատարած այցը պարզապես նպատակ ուներ ցույց տալ ԱՄՆ դրոշը մի երկրում, որն արագորեն շարժվում է դեպի ռուսական ուղեծիր։ Երկու դեպքում էլ ուղեւորությունն ավելի շատ վերաբերում էր ՌԴ-ին։ Անկախ նրանից, թե որքան ջերմ է մթնոլորտը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ, փաստն այն է, որ ռուսները շարունակում են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը եւ փորձում են օգուտ քաղել նաեւ Եվրոպայում ստեղծված անհավասարակշիռ իրավիճակից։ ԱՄՆ ուշադրությունը դեռեւս կենտրոնացած է Իրաքի եւ Աֆղանստանի վրա, եւ նրանք լրացուցիչ հզորություններ չունեն ռուսներին դիմակայելու համար։ Այս իրողությունը հնարավոր չէ թաքցնել։ Այդ իսկ պատճառով, պետքարտուղարի այցը ավելի շատ խորհրդանշական էր։ Սակայն, երբ կա թեկուզ փոքր նյութ, խորհրդանիշն էլ է կարեւորվում։ Այն, որ Լեհաստան եւ Ուկրաինա կատարած այցելությունները ակնհայտորեն ՌԴ-ին էին ուղղված, ավելի հետաքրքիր են դարձնում պետքարտուղարի մյուս այցելությունները՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։ Կովկասյան շրջագայության ընթացքում Քլինթոնի հնչեցրած հայտարարությունները, ինչպես եւ սպասվում էր, դրական էին։ Նա աջակցություն հայտնեց Վրաստանին՝ առանց ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության խոստում տալու՝ Վրաստանի հյուսիսային անջատողական շրջաններում տեղակայված ռուսներին դիմակայելու համար։ Ադրբեջանում եւ ՀՀ-ում նաեւ երկու երկրներին կոչ արեց լուծել ԼՂՀ խնդիրը։ ՀՀ-ն ուժի գործադրման միջոցով վերահսկողություն սահմանեց այդ տարածքի նկատմամբ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ադրբեջանի համար ԼՂ-ի վերադարձը, ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, նրա ազգային անվտանգության եւ քաղաքական ռազմավարության հիմնարար բաղադրիչն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինիս նահանջը քաղաքականապես հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ Քլինթոնի՝ բանակցելու կոչը եւ ԱՄՆ-ի օգնության նրա առաջարկը առանձնապես մեծ նշանակություն չունեն, եթե հաշվի առնենք, որ Վաշինգտոնի օգնությունն այս հարցում ոչ թե երկկողմանի, այլ միջազգային բանակցությունների շրջանակներում է։ Սա մասնավորապես ճշմարիտ է թվում հատկապես Քլինթոնի այն հայտարարությունից հետո, երբ նա կարծես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման պատասխանատվությունը դրեց Թուրքիայի վրա եւ նշեց, որ այժմ Թուրքիան պետք է կատարի հաջորդ քայլը։ Հաշվի առնելով, որ նրա այցը այս տարածաշրջան առաջին հայացքից քիչ բան տվեց (իհարկե, մտադրություններն էլ մեծ չէին), հարկ է նշել, որ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչու նա այցելեց այդ տարածաշրջան, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։

Կովկասի ռազմավարական նշանակությունը

Կովկասն այն կետն է, որտեղ հանդիպում են Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։ Գրեթե ողջ 19-րդ դարի ընթացքում այս երեք ուժերը պայքարել են միմյանց դեմ՝ տարածաշրջանում գերիշխանություն ունենալու համար։ Այս հակամարտությունը սառեցվեց Խորհրդային իշխանության տարիներին, սակայն վստահաբար կարելի է ասել, որ այն նորից թափ է առել։ Այս երեք գլխավոր ուժերից ոչ ոք ուղղակիորեն չի վերահսկում տարածաշրջանը։ Սակայն, նրանցից բացի, ընթանում է նաեւ երկրորդական մրցակցություն, որին մասնակցում են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Ընդ որում, մրցակցությունն ընթանում է ոչ միայն հենց երկրորդական ուժերի միջեւ, այլեւ՝ երկրորդական եւ գլխավոր ուժերի միջեւ։ Եվ քանի որ տարածաշրջանում ներգրավված են ռուսները, իրանցիները եւ թուրքերը, անխուսափելիորեն գլոբալ ուժերը նույնպես այստեղ իրենց շահերն ունեն։ Քլինթոնի այցը վկայում է հենց այդ մասին։ Աշխարհի բոլոր տարածաշրջաններից այս մեկը դասվում է ամենապայթյունավտանգների շարքին։ Այն այժմ հանգիստ է, սակայն 1990թ. Բալկանների նման, անդորրը միշտ չէ, որ հանգստացնում է բոլոր խաղացողներին։ Այդ իսկ պատճառով, այս փոքրիկ վայրում ներգրավված են յոթ ուժեր։ Պատկերավոր ասած, սա ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի կողմից ձեւավորված կաթսա է, որը երբեմն-երբեմն խառնվում է ԱՄՆ-ի կողմից։ Վերջինիս համար, ի դեպ, 3 գլխավոր խաղացողներից յուրաքանչյուրը այս կամ այն չափով մարտահրավեր է ներկայացնում։ Կովկասյան տարածաշրջանը ցամաքային կամուրջ է Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ։ Այն կապում է Թուրքիան եւ Իրանը ՌԴ-ի հետ։ Հյուսիսային մասով անցնում է Մեծ Կովկաս լեռնաշղթան, հարավային մասով՝ Փոքր Կովկասը։ Մեծ Կովկասը ՌԴ-ի հարավային սահմանն է։ Այս լեռներից դեպի հյուսիս տարածվում են ՌԴ-ի գյուղատնտեսական տարածքները՝ հարթ եւ առանց բնական արգելքների։ Այսպիսով, 19-րդ դարի սկզբից ՌԴ-ն պայքարել է Կովկասյան տարածքի համար, որպեսզի թույլ չտա Թուրքիայի կամ Պարսկաստանի կողմից որեւէ հավակնության դրսեւորում։ Կովկասյան լեռները դժվարանցանելի են հիմնական ռազմական ուժերի համար։ Եվ քանի դեռ ՌԴ-ն դիրքեր է զբաղեցնում Կովկասում ինչ-որ տեղ, նրա հարավային սահմանն ապահով է։ 19-րդ դարի ընթացքում (բացառությամբ սկզբնական շրջանի) եւ Խորհրդային իշխանության տարիներին ԽՍՀՄ-ի դիրքը Կովկասում սահմանակցում էր Թուրքիային եւ Իրանին։ ՀՀ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը ԽՍՀՄ-ի կազմում էին՝ ապահովելով խորը ներգրավվածություն Կովկասում եւ հետեւաբար՝ անվտանգություն։

Խորհրդային Միության անկումից հետո խորհրդային երեք հանրապետությունները անջատվեցին Մոսկվայից, եւ ՌԴ-ի սահմանը ետ քաշվեց դեպի հյուսիս 160-320 կիլոմետրով։ Ռուսները դեռ պահպանում էին որոշակի դիրք Կովկասում, սակայն այն ապահով չէր։ Կովկասի հյուսիսային մասը գրավում են Չեչնիան, Ինգուշեթիան, Դաղստանը, որոնցից յուրաքանչյուրում ժամանակ առ ժամանակ բռնկվում են իսլամիստական դրսեւորումներ։ Եթե ՌԴ-ն անուշադրության մատներ հյուսիս-արեւելյան Կովկասը, ապա նրա դիրքերը կխախտվեին։ Իսկ հակառակ դիրքորոշումը նշանակում է՝ անվերջանալի պայքար։

ՌԴ-ն հարավային մասով այժմ մեծ մասամբ սահմանակից է Վրաստանին։ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով առաջացած քաոսի պայմաններում Վրաստանի մի շարք շրջաններ ՌԴ-ի աջակցությամբ փորձեցին անջատվել Վրաստանից։ Վրաստանի տեսանկյունից՝ ՌԴ-ն վտանգ էր ներկայացնում։ Իսկ ՌԴ-ի տեսանկյունից՝ Վրաստանը կրկնակի վտանգ էր ներկայացնում։ Առաջին. ռուսները կասկածում էին, որ վրացիներն աջակցում էին չեչեն ասպտամբներին 1990-ական թթ. (Վրաստանը դա հերքում էր)։ Սակայն ավելի մեծ վտանգ ռուսների համար ներկայացնում էր այն, որ ԱՄՆ-ը ընտրել էր Վրաստանին՝ որպես այս տարածաշրջանում իր գլխավոր դաշնակից։ Ի պատասխան դրա՝ ՌԴ-ն 2008թ. հակադարձեց Վրաստանին՝ ցույց տալով ԱՄՆ-ի անզորությունն այս տարածաշրջանում։ Ռուսները նաեւ սերտ հարաբերություններ հաստատեցին ՀՀ-ի հետ, որտեղ շարունակում են պահպանել իրենց 3000 հոգանոց ռազմական ներկայությունը։ Հայերը թշնամաբար են տրամադրված թուրքերի նկատմամբ՝ պահանջելով ճանաչել 1915-1916թթ. զանգվածային կոտորածները։ Հայերը եւ թուրքերը վերջերս սկսեցին բանակցություններ վարել՝ հարաբերությունները կարգավորելու համար, բայց դրանք ձախողվեցին, մեր կարծիքով, ՌԴ-ի միջամտության արդյունքում։ Խնդիրն ավելի խճճվեց, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց՝ զայրացնելով թուրքերին։ ՀՀ-ի դեմ ուղղվող մեղադրանքներից մեկն այն է, որ նրանք իրենք էլ իրականացրել են ադրբեջանցիների կոտորածներ։ Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում նրանք պատերազմ էին վարում Ադրբեջանի դեմ՝ իրականացնելով հարյուր-հազարավոր ադրբեջանցիների էթնիկ զտումներ ԼՂ-ում եւ ստեղծելով փախստականների լուրջ խնդիր ադրբեջանցիների համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց այդ արշավը, իսկ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով սառեցվեց։

Ադրբեջանի կարեւորությունը

Ադրբեջանը, այդուհանդերձ, իրեն չի կարող թույլ տալ պայքարել Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի դեմ, քանի որ ընդհանուր հյուսիսային սահման ունի Ռուսաստանի հետ։ Բացի այդ, Ադրբեջանն ունի մեկ այլ լուրջ խնդիր՝ իրանական հարցը։ Իրանում ապրում են ավելի շատ ադրբեջանցիներ, քան Ադրբեջանում. Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնին ադրբեջանական արմատներ ունի։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը գրավեց ողջ Ադրբեջանը (նկատի ունի՝ իրանական մասը.- խմբ.), սակայն Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ճնշման տակ դրա մեծ մասը թողեց Իրանի տարածքում։ Մնացած մասը դարձավ խորհրդային հանրապետություն եւ հետագայում՝ անկախ պետություն։ Ադրբեջանին իրանցիները շատ են մտահոգում։ Ադրբեջանն արմատապես տարբերվում է Իրանից։ Այն իսլամական երկիր է, բայց աշխարհիկ։ Պահպանում է սերտ եւ պաշտոնական հարաբերություններ Իսրայելի հետ։ Աջակցել է Աֆղանստանում մղվող պատերազմին եւ հնարավորություններ ընձեռել ԱՄՆ-ի համար։ Ադրբեջանցիները հայտարարում են, որ Իրանը իր հոգեւորականներին ուղարկում է երկրի հյուսիս՝ շիիթական դպրոցներ կառուցելու, ինչը վտանգ է ներկայացնում ռեժիմի համար։ Ակնհայտ է նաեւ, որ այնտեղ գործում է նաեւ Իրանի հետախուզական ցանցը։ Այս խառնաշփոթին ավելացնենք այն, որ Ադրբեջանը երկար ժամանակ եղել է խոշոր նավթարտադրող եւ վերջերս էլ դարձել է նաեւ գազ արտահանող։ Վրաստանի տարածքով անցնող գազամուղով այն արտահանում է Թուրքիա։ Թուրքիայի տեսանկյունից՝ սա ապահովում է այլընտրանք էներգիայի ռուսական եւ իրանական աղբյուրներին, ինչն ակնհայտորեն գոհացնում է ԱՄՆ-ին։ ՌԴ-ն համարում է, որ Ադրբեջանը թուլացնում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանի դոմինանտ էներգառեսուրսների արտահանող։ ՌԴ-ի շահերը ենթադրում են առաջ գնալ դեպի հարավ՝ Վրաստանի խորքը, ինչը հստակ երեւաց 2008-ին։ Եթե նրանք կարողանային դա անել՝ Վրաստանի կառավարությունը եւ քաղաքական իրավիճակը փոխելու միջոցով, ապա կմիավորեին իրենց դիրքերը հայաստանյան դիրքերի հետ եւ կվերածվեին մի ուժի, որը կանգնած կլիներ եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի դեմ։ Ռուսները նաեւ դեմ չէին լինի միավորել ադրբեջանական արտահանումները իրենց էներգետիկ քաղաքականության մեջ, ինչը կկենտրոնացներ ուժերը Ռուսաստանի ձեռքում` կմեծացներ նրա ազդեցության շրջանակը։ Սա պարզորոշ երեւաց վերջերս, երբ Ռուսաստանը փորձում էր գնել Ադրբեջանական բնական գազը եվրոպական գներով։ Թուրքիան դրան դեմ էր ճիշտ նույն պատճառով, ինչ պատճառով ռուսները ցանկանում էին դա անել։ Հետեւաբար, բնական է, որ Թուրքիան պետք է աջակցի Վրաստանին։

Իրանը Ադրբեջանի նկատմամբ գերակայություն ունենալու երկու պատճառ ունի։ Առաջին՝ Թեհրանը դրանով մուտք կստանա դեպի Բաքվի նավթային ռեսուրսները, եւ երկրորդ՝ ձեռք կբերի ՌԴ-ի հետ ռազմավարական սակարկություն անելու ուժ, ինչը ներկայումս չունի։ Երկարաժամկետ հեռանկարում՝ Իրանի միակ ամենախոցելի կետն այն է, որ այդ երկրում ապրող ադրբեջանցիները կարող են ցանկություն հայտնել միանալ Ադրբեջանի անկախ հանրապետությանը։ Իհարկե, այդ վտանգը դեռ շոշափելի չէ, սակայն, եթե իրանական քաղաքականության մեջ խոցելիություն կա, ապա դա հենց այդ խնդիրն է։ Այժմ սա դիտարկենք ամերիկյան քաղաքականության տեսանկյունից։ Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ Ադրբեջանը սահմանակցում է ինչպես ՌԴ-ին, այնպես էլ Իրանին։ Հենց միայն այս ռազմավարական աշխարհագրական դիրքի պատճառով Ադրբեջանը մեծ կարեւորություն ունի ԱՄՆ-ի համար։ Եթե դրան գումարենք Բաքվի նավթը եւ ամերիկյան ընկերությունների ներդրումները, ապա Ադրբեջանը դառնում է ավելի գրավիչ։ Սրան էլ եթե ավելացնենք այն հանգամանքը, որ նավթի արտահանումը Թուրքիայի օգտին է եւ թուլացնում է ՌԴ-ի ազդեցությունը, այս երկրի արժեքն ավելի է բարձրանում։ Եվ վերջապես, հարկ է նշել, որ Թուրքիան բարկացրեց Ադրբեջանին՝ փորձելով կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ առանց ԼՂՀ հարցը կապելու այդ գործընթացին։ Այսպիսով, ԱՄՆ-ը հնարավորություն ունի շահավետ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը նրան թույլ կտա վերահսկողություն սահմանել Թուրքիայի նավթի աղբյուրի նկատմամբ։ Այն պարագայում, երբ Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ-ից նկատելիորեն թուլանում է, Վաշինգտոնին կօգնի ցանկացած բան, որը կուժեղացնի այդ կախվածությունը։ Ավելին, Ադրբեջանը պլատֆորմ է, որի միջոցով ԱՄՆ-ը կարող է անհարմարություններ պատճառել Իրանին, կամ բանակցություններ վարել նրա հետ։ Ամերիկյան ռազմավարությունը պետք է ներառեր նաեւ Վրաստանը, սակայն այս երկիրը միշտ լինելու է ավելի թույլ, քան ՌԴ-ն։ Եվ քանի դեռ ԱՄՆ-ը այնտեղ լուրջ ռազմական ներկայություն չունի, ռուսները կարող են գործել՝ բացահայտ եւ ծածուկ, ըստ իրենց հայեցողության։ Վրացական ռազմավարությունն իր հերթին պահանջում է ուժեղ թիկունք, որն ապահովում է Ադրբեջանը, ոչ միայն ռազմավարական տեսանկյունից, այլեւ՝ որպես կապիտալի աղբյուր։ Վրաց-ադրբեջանական հարաբերությունները բարիդրացիական են, այդպիսին են նաեւ Թուրքիայի հարաբերությունները այս երկու երկրների հետ։ Ադրբեջանի համար ամենահրատապ հարցը ԼՂՀ հակամարտությունն է։ ԱՄՆ-ի համար սա ամենահրատապ հարցը չէ, բայց այդպիսի հարց է տարածաշրջանում կայուն պլատֆորմի ձեւավորումը։ Հայաստանը՝ տարածաշրջանի տնտեսապես ամենաթույլ պետությունը, ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, եւ նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքեր։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի համար որեւէ տարբերություն չկա, թե ով կկառավարի ԼՂ-ում, եւ այն, որ սեղանին կա ՄԱԿ-ի բանաձեւ, որը կարող է ծածկույթի (պատրվակի) դեր կատարել, դժվար է հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ի դիրքորոշումը չեզոք։ Եթե ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանին, ինչը պաշտոնական քաղաքականություն է, ապա Ադրբեջանին գոհացնելը եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների դաշտ բերելը ձեռնտու կլինի Վաշինգտոնին՝ մեծացնելով ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կառավարելու ունակությունները։ ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Ադրբեջան այցելեց մեկ ամիս առաջ, իսկ Քլինթոնը՝ նախորդ շաբաթ։ Որքան բարդ է այս տարածաշրջանի քաղաքականությունը արտաքին աշխարհի համար, այնքան մեծանում է նրա կարեւորությունը Միացյալ Նահանգների համար։ Իրավիճակը կարելի է ներկայացնել նաեւ հետեւյալ բանաձեւով. Բոսնիան եւ Կոսովոն անհասկանալի իրողություններ էին աշխարհի համար, մինչ այն պահը, երբ նրանք պայթեցին։ Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան եւ Աբխազիան նույնքան անհասկանալի են հիմա։ Մեզ համար պարզ չէ՝ Քլինթոնը զուտ քաղաքավարության կո՞չ էր անում, թե՞ իր մտքում հստակ ռազմավարություն ուներ։ Սակայն ամերիկյան դիրքորոշման տրամաբանությունից ելնելով, Կովկասի մասին հարկավոր է մտածել ռազմավարական ձեւով։ Իսկ եթե այդպես էլ արվում է, տրամաբանությունը եւ տարածաշրջանային դինամիկան մատնանշում են ուժեղ հարաբերություններ Ադրբեջանի հետ։