Հայաստանում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ավելացում է նկատվում, սակայն դա ավելի շատ բացատրվում է հաճախումների եւ հետազոտությունների թվի աճով: Երեկվա ասուլիսում այս մասին հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: «Կրծքագեղձի քաղցկեղը չունի բուժման որեւէ միջոց: Պետք է այն հայտնաբերել բջջային փուլում եւ կանխարգելել: Այդ պատճառով յուրաքանչյուր կին տարեկան մեկ անգամ պետք է հետազոտության ենթարկվի: Տարվա մեջ ձեզ համար ամիս սահմանեք եւ հաճախեք բժշկի: Տարին մեկ անգամ հետազոտվելով` կինը կարող է մեկ տարի հանգիստ ապրել»,- ասել է նա:
Ըստ Խ. Հակոբյանի` ինչպես քաղցկեղի մյուս տեսակները, այնպես էլ կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է բուժել եւ երկարացնել հիվանդի կյանքը, եթե հիվանդությունը հայտնաբերվի առաջնային փուլում: Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին, նա նշել է, թե առաջինը ժառանգական գործոնն է: Եթե ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, այդ ընտանիքի կանայք 30 տարեկանից սկսած պետք է տարեկան մեկ անգամ անպայման բուժզննում անցնեն:
Քաղցկեղի առաջացման երկրորդ պատճառը, նրա ասելով` երկարատեւ եւ խորը սթրեսներն են, որոնցից հայ կանայք զերծ չեն: Աղտոտված օդն ու էկոլոգիապես ոչ մաքուր սննդամթերքը նույնպես նպաստում են այս հիվանդության առաջացմանը:
Կրծքագեղձի քաղցկեղից հնարավորինս զերծ մնալու համար մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չծխել, ալկոհոլ քիչ օգտագործել, չգիրանալ, մարմնամարզությամբ զբաղվել: Ըստ մասնագետի` մուգ մաշկ ունեցող կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ: Իսկ թե ինչո՞վ է դա պայմանավորված` հայտնի չէ: Այդ գաղտնիքը, Խ. Հակոբյանի ասելով` բժշկությունը դեռեւս չի կարողացել բացահայտել:
Խաչանուշ Հակոբյանի ասելով` իր ղեկավարած բուժհիմնարկում հետազոտություններն իրականացվում են նորագույն բուժսարքավորումների միջոցով, եւ մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ ճառագայթման վտանգն էլ ավելի փոքր է: Մամոգրաֆիկ հետազոտության արժեքը, որի մեջ մտնում է նաեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը, 11.000 դրամ է:
Միայն սոնոգրաֆիկ հետազոտությունն արժե 6000 դրամ: «35 տարեկանից սկսած կանայք պետք է պարտադիր մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվեն: Ես չեմ կարծում, որ մեր կանայք տարեկան 11.000 դրամ չեն կարող հատկացնել իրենց առողջությանը»,- ասել է նա: