Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում մեծ մասամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Բացի զուտ քարոզչական` սովորական դարձած հռետորությունից, Ալիեւն իր ելույթում խոսել է նաեւ կոնկրետ դետալների մասին: «Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մասնակցում է այդ բանակցություններին եւ ցուցաբերում կառուցողականություն… Առաջին հերթին, օկուպացիոն ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող բոլոր զբաղեցված տարածքներից: Հինգ շրջաններ ազատվում են անմիջապես, իսկ երկուսը` Քելբաջարն ու Լաչինը` որոշ ժամանակ անց: Առաջարկությունները նախատեսում են հնգամյա ժամանակաշրջան: Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները տեղակայված են ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ, եւ, ինչ-որ իմաստով, պետք է ձեռնարկվեն այդ շրջաններ ադրբեջանցի բնակչության վերադարձի համար անվտանգության ավելի զանգվածային միջոցներ: Սակայն բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ գործում է ճանապարհ, այսինքն՝ միջանցք, եւ Ադրբեջանը համաձայնել է այս առաջարկներին»,- ասել է Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ ԼՂ վարչական սահմանին պետք է տեղակայվեն խաղաղարար ուժեր, որոնք պետք է ներկա գտնվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր կողմերը կստանձնեն անվտանգության միջոցների ապահովումը: Այն, որ Ալիեւի այս հայտարարությունները, հատկապես դրանց տոնայնությունը ուղղված են ներքին լսարանին, հասկանալի է: Բայց այս հայտարարություններում նա ներկայացնում է նաեւ կոնկրետ դրույթներ` հինգ շրջաններ, հնգամյա ժամկետ, խաղաղապահ զորքեր, եւ այլն, եւ այլն: Եթե դրանք ասվում են զուտ քարոզչության նպատակով, ապա հայկական կողմը պետք է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնի: Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: ԱԳՆ-ի մակարդակով տարածվում է ընդհանուր ձեւակերպումներից կազմված ու Ալիեւի ստոր կերպարը բացահայտող մի հայտարարություն, իսկ իշխող քաղաքական ուժը` Էդուարդ Շարմազանովի շուրթերով, Ալիեւին գրողի ծոցն է ուղարկում` բառի բուն իմաստով: «Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու եւ սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե Ալիեւ սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները: Ինքն իր հետ բանակցած Ալիեւ փոքրիկը չի ցանկանում ի վերջո հասկանալ, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներում հստակ նշված է, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը…»,- երեկ ասել է Շարմազանովը: Սույն երիտասարդին կարելի է, իհարկե, պարգեւատրել «Արիության» մեդալով: Կարելի է նույնիսկ Ալիեւին անարգանքի սյունին գամելու մրցույթ անցկացնել: Սակայն իրականում այս հիստերիկ արձագանքը վկայում է այն մասին, որ հայկական կողմը Ալիեւին հերքելու փաստարկներ չունի: Հակառակ դեպքում նրա նկատմամբ միանգամայն արդարացի հայհոյանքը կարելի էր գոնե համեմել մի քանի հակափաստարկներով: