Հուլիսի 10-ին վերջապես տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը:
Ու թեեւ հայտարարվել է, թե այս համագումարն արտահերթ է, սակայն ժամկետի առումով այն համընկնում է այդ կուսակցության հերթական համագումարի օրվա հետ:
Նախորդ հերթական համագումարը տեղի է ունեցել 2008թ. հուլիսի 11-ին: «Ժառանգության» կանոնադրության համաձայն՝ կուսակցությունը պետք է 2 տարին մեկ հրավիրի հերթական համագումար: Այսինքն՝ հուլիսի 10-ը «Ժառանգություն» կուսակցության հերթական` 6-րդ համագումարի ճիշտ օրն է: Իսկ համագումարը արտահերթ է համարվել հավանաբար այն պատճառով, որ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն անցած աշնանը տեղի ունեցած ներկուսակցական խմորումներից հետո արտահերթ համագումար էր պահանջել: Նախապես խոսակցություն կար, որ այդ արտահերթ համագումարը պետք է կայանա այս տարեսկզբին: Գարնանն էլ հայտարարվեց, որ այն տեղի է ունենալու մայիսի 9-ին: Սակայն համագումարն այդ օրն էլ չկայացավ, կուսակցության պատասխանատուները դա բացատրեցին տեխնիկական պատճառներով: Եվ հուլիսի 10-ին վերջապես տեղի կունենա, իրենց ասելով` բովանդակությամբ արտահերթ համագումարը: «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ համագումարը ժամկետների առումով կարծես թե հերթական է դառնում, բայց օրակարգում հարցերի եւ բովանդակային առումով արտահերթ է: Իսկ ի՞նչն է համագումար դարձրել արտահերթ: «Նախկինում կատարված աշխատանքների գնահատականները, նաեւ ապագա քայլերի վերաբերյալ ուղենիշները: Հենց դրանք էլ համագումարին կդարձնեն ջրբաժան եւ արտահերթ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Նախօրեին տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության նիստ, որը քննարկել է համագումարի հետ կապված հարցերը` օրակարգը, կազմակերպչական եւ այլ հարցեր: Ա.Մարտիրոսյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, կամ ընդհանրապես ներկայացնել համագումարի օրակարգը: «Չեմ ուզում ձեր հետաքրքրասիրությունն ամբողջովին բավարարել, որ համագումարն ավելի հետաքրքիր լինի»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Այնուամենայնիվ ավելացրեց, որ համագումարը ընտրելու է կուսակցության վարչություն, որն էլ իր հերթին ընտրելու է վարչության նոր նախագահ: Եվ չի բացառվում, որ այս համագումարի ժամանակ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նորից դառնա կուսակցության վարչության նախագահ: Հիշեցնենք, որ Ր.Հովհաննիսյանը «Ժառանգության» վարչության նախագահի պաշտոնը Անահիտ Բախշյանին էր հանձնել 2008-ի հերթական համագումարի արդյունքում: Իսկ անցած աշնանը ներկուսակցական խմորումների արդյունքում «Ժառանգությունում» տեղի ունեցավ նոր «իշխանափոխություն»` Ա.Բախշյանը հրաժարական տվեց, եւ վարչության նախագահ դարձավ Ա.Մարտիրոսյանը: Հենց նույն ժամանակ էլ Ր.Հովհաննիսյանը հրաժարվեց խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից, փոխարենն այն զբաղեցրեց պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Իսկ մինչ այդ պարոն Հովհաննիսյանը հրաժարվել էր ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամությունից: Այստեղ էլ նրան փոխարինեց Զարուհի Փոստանջյանը: Իսկ հնարավո՞ր է, որ համագումարից հետո Ր.Հովհաննիսյանն ընդհանրապես վերադառնա «Ժառանգության» այս բոլոր ղեկավար պաշտոններին: «Չեմ բացառում, եւ իմ ցանկությունը՝ որպես ներկա վարչության նախագահ՝ դա է»,- պատասխանեց Ա.Մարտիրոսյանը:
Ր.Հովհաննիսյանը նաեւ հայտարարել էր, թե այս համագումարը ջրբաժան է լինելու կուսակցության համար: Ո՞րն է ջրբաժանը, այդ ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն, կամ ծրագրեր ընդունվեն, որ ջրբաժան է լինելու: «Ես կարծում եմ, որ ջրբաժանը կվերաբերի «Ժառանգության» գործունեությանը եւ այն ծրագրային դրույթներին, որոնք եղել են նախկինում եւ որոնք կլինեն ապագայում»,- ավելին չցանկացավ մանրամասնել Ա.Մարտիրոսյանը` ավելացնելով, թե որոշ հարցերի պատասխաններ էլ կտա այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ:
Պատգամավորը նաեւ ավելացրեց, թե որպես վարչության ներկա ու նախկին նախագահներ՝ ինքն ու Ա.Բախշյանը կպատասխանեն պատվիրակների հարցերին: Իսկ համագումարի ժամանակ կքննարկեն ներքին ու արտաքին քաղաքական հարցեր: Արդյո՞ք քննարկվելու են առաջիկա համապետական` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Հատկապես, որ 2011թ. լրանալու է Ր.Հովհաննիսյանի` ՀՀ-ում բնակվելու 10-ամյակը, եւ նա վերջապես կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Ա.Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախագահական ընտրություններից առաջ կհասցնեն դեռ մի համագումար էլ հրավիրել: Իսկ խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշ հարցեր կարող է քննարկեն: Պատգամավորը չասաց, թե իրենց համագումարին որ կուսակցություններին կամ որ գործիչներին են հրավիրել: Ասաց միայն, թե հրավիրատոմսեր չեն բաժանել, համագումարը բաց է, եւ ով ցանկություն կունենա` կարող է մասնակցել: Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսից որեւէ ներկայացուցիչ կմասնակցի՞ արդյոք «Ժառանգության» համագումարին: «Դաշնակցությունից» Սպարտակ Սեյրանյանն էլ ասաց, թե դեռ չեն որոշել: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե այդ հարցը չի կարող մեկնաբանել: ՍԴՀԿ Վահան Շիրխանյանական թեւի ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենց մասնակցությունը հնարավոր է: ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ ավելացրեց. «Համագումարն իրենք են անում, մենք գնանք ի՞նչ անենք»: