«Խաղաղապահ բրիգադը գտնվում է համալրման փուլում»

08/07/2010

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Խաղաղապահ բրիգադը եւ քանի՞ զինծառայող ունի:

– Խաղաղապահ բրիգադը ստեղծվել է 2004 թվականին` որպես Խաղաղապահ գումարտակ, իսկ 2007թ. սեպտեմբերից արդեն վերակազմավորվել է Խաղաղապահ բրիգադի, եւ մինչ օրս մենք գտնվում ենք համալրման փուլում: Այժմ ունենք 800-ից ավելի զինծառայող, եւ մինչեւ 2015 թվականը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է ավարտենք համալրումը եւ ունենանք ամբողջությամբ կազմավորված բրիգադ:

– ՀՀ խաղաղապահ ուժերի զարգացումը եւ օտարերկրյա զինված ուժերի հետ դրանց փոխգործակցության ապահովումը պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից են: Ինչպե՞ս է անդրադառնում բարեփոխումների անցկացումը Ձեր ծառայության վրա:

– Բարեփոխումներից ամենակարեւորը մեզ համար գումարտակի վերակազմավորումն էր բրիգադի: Ներկայումս մենք գտնվում ենք համալրման փուլում: Բացի անձնակազմի համալրումից, մենք համալրվում ենք համապատասխան տեխնիկայով եւ սպառազինության միջոցներով:

Երկրորդը մարտական պատրաստության մշակվող նոր ծրագիրն է, որտեղ հաշվի են առնվում օպերատիվ կարողությունների հայեցակարգի գնահատման սկզբունքները: Բացի դրանից, մենք ավարտում ենք երկրորդ գումարտակի համալրումը եւ շուտով կսկսենք երրորդ հրաձգային գումարտակի համալրումը:

– Վերջերս Աֆղանստանում ծառայող մեր խաղաղապահները պարգեւատրվեցին գերմանական հրամանատարության կողմից: Ինչպե՞ս ստացվեց, որ շատ կարճ ժամանակահատվածում նրանք կարողացան իրենց այդպես դրսեւորել, եւ ինչի՞ համար նրանք պարգեւատրվեցին:

– Ճիշտն ասած, մենք եւս չէինք սպասում, որ այսքան շուտ կլինի պարգեւատրումը: Մեր զորամաս գերմանական կողմի հրահանգիչների այցից եւ դրա կառուցվածքին, համալրվածությանը, մարտական պատրաստության գործընթացին ծանոթանալուց հետո նրանք բավականին գոհ մնացին եւ չէին թաքցնում դա: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք չէին պատկերացնում, թե այդքան պատրաստված ստորաբաժանում կտեսնեն` մտածելով, թե սկսելու են զրոյից պարապել զորախմբի հետ: Բայց նրանք բավականին ուրախացան, երբ տեսան, թե ինչ զորքի հետ գործ ունեն:

Հետագայում նրանց գնահատականն ավելի բարձրացավ, երբ առաքելության մեկնողները Գերմանիայի Դաշնության Զինված ուժերի բազաներից մեկում վերապատրաստում անցան, եւ արդեն այդ լավ տրամադրվածության ներքո մեր զորախումբը տեղափոխվեց Կունդուզի նահանգ: Առաքելության ընթացքում անվտանգության միջոցառումները բարելավելու հետ կապված նորարարություններ ներմուծելու եւ ծառայությունը գերազանց կազմակերպելու համար նրանք արժանացան գերմանական պարգեւների: Կցանկանայի շեշտել, որ բոլոր նախաձեռնությունների հեղինակը մեր զորախմբի ավագն է` փոխգնդապետ Արկադի Տոնոյանը: Չանտեսելով մնացածներին` նշեմ, որ նրանք պարգեւների արժանացան հենց հրամանատարի անմիջական ղեկավարությամբ: Մայիսի 28-ին եւս 5 զինծառայողներ պարգեւատրվեցին մեդալներով:

– Դուք 1986-1988թթ. ծառայել եք Աֆղանստանում: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան այդ ժամանակաշրջանի եւ ներկայիս իրավիճակի միջեւ:

– Նշված տարիներին ծառայությանս ընթացքում բազմիցս եղել եմ Կունդուզ նահանգում` հենց օդանավակայանում, որտեղ այժմ ծառայություն են անցնում մեր զինծառայողները: 21 տարի անց, երբ նորից մեկնեցի Աֆղանստան, այդ տարածքում ոչ մի փոփոխություն չկար. կարծես ժամանակը կանգ էր առել: Մի տարբերությամբ, որ օդանավակայանից քիչ հեռու գերմանական բազա է կառուցվել: Ծառայությունը տարբերվում է նաեւ նրանով, որ մեր զորախումբն այժմ ապահովում է կոնկրետ օդանավակայանի եւ թռիչքուղու անվտանգության գործընթացը, իսկ ես լեռնահրաձիգ եմ եղել, եւ իմ ծառայությունն ավելի շատ ռազմական գործողությունների մեջ է անցել:

– Մենք խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում նաեւ Կոսովոյում: Ի՞նչ հիմնական նմանություններ ու տարբերություններ կան Կոսովոյում եւ Աֆղանստանում ծառայության միջեւ:

– Հակամարտություններն իրենց բնույթով տարբեր են լինում, հետեւաբար, Կոսովոյում եւ Աֆղանստանում մեր ծառայությունները տարբերվում են իրարից:

Կոսովոյում տիրող իրավիճակն այժմ համեմատաբար խաղաղ է, եւ մեր հիմնական գործողություններից մեկը պարեկությունն է ու տարբեր կարեւորություն ունեցող շինությունների հսկողությունը: Իսկ Աֆղանստանում տեղի բնակչության հետ շփումը սահմանափակ է: Օդանավակայանը հսկվում է ամբողջ օրվա ընթացքում, հաճախակի են դարձել գիշերային վայրէջքները, հետեւաբար, ավելացել է լարվածությունը: Ցանկացած ինքնաթիռի թռիչքի կամ վայրէջքի համար պատասխանատու է մեր զորախումբը: Եթե Կոսովոյում ծառայությունը կրում են հունական գումարտակի կազմում` համատեղ, այստեղ օդանավակայանի տարածքում ողջ պատասխանատվությունն ընկած է միայն մեր զորախմբի ուսերին:

– Ինչպե՞ս է լուծվում շփման հարցը. մեր զինծառայողները տիրապետո՞ւմ են անգլերենի կամ որեւէ այլ լեզվի, որպեսզի Աֆղանստանում կամ Կոսովոյում շփվեն այլ զինծառայողների հետ:

– Սպայակազմի ճնշող մեծամասնությունը տիրապետում է անգլերեն լեզվի, մի մասը տիրապետում է հունարեն լեզվի (Հունաստանի Ցամաքային զորքերի ակադեմիայի շրջանավարտները), իսկ 3 սպաներ իտալական զինվորական ուսումնական հաստատության շրջանավարտներ են: Զինվորներն ունեն օտար լեզվի դպրոցական մակարդակի իմացություն, ինչը քիչ է ծառայություն տանելու համար, դրա համար զորամասում ունենք անգլերեն լեզվի կենտրոն, եւ առաքելության մեկնելուց առաջ զինվորների հետ անպայման անցկացվում են դասընթացներ: Լեզվի իմացությունն աստիճանաբար ավելի պահանջված է դառնում: Եթե Կոսովոյում ջոկի հրամանատարների լեզվի իմացությունն այնքան էլ կարեւոր չէ, ապա գերմանական կողմը խնդրում է, որպեսզի նրանք եւս տիրապետեն անգլերենի:

– Կոսովոյում մեր զինծառայողներն աշխատում են, հունական, Աֆղանստանում` գերմանական հրամանատարության ներքո: Արտերկրի իրենց գործընկերների հետ փոխգործակցության ի՞նչ մակարդակի են հասել մեր զինծառայողները:

– Ինչպես սպաները, այնպես էլ շարքային անձնակազմի ներկայացուցիչները մասնակցում են բազմազգ զորավարժությունների ու դասընթացների: Շփման ընթացքում նրանք ծանոթանում են միմյանց հետ, ուսումնասիրում են զենքը, զինամթերքը, տակտիկան, բարձրանում է փոխգործակցության մակարդակը, ինչի արդյունքում մենք մշտապես շնորհակալական խոսքեր ենք լսում: Մասնավորապես, Կոսովոյում տեղակայված բազմազգ ուժերի ամերիկացի գեներալը մեր պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ շնորհակալական խոսքեր էր ասել մեր զինվորների հասցեին, իսկ Իրաքի հետպատերազմյան վերականգնողական գործընթացին մասնակցելու համար ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը շնորհակալական նամակ էր հղել ՀՀ նախագահին: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ գերմանական կողմը շատ կարճ ժամանակում պարգեւատրել է մեր զինծառայողներին, իսկ գերմանացիները պարգեւներ բաժանելուց շռայլ չեն:

– Կարո՞ղ ենք ասել, որ լավագույն ավանդույթները տեղափոխվել են Խաղաղապահ բրիգադ:

– 11 եւ ավելի տարիներ ծառայելով Հատուկ նշանակության գնդի հրամանատարի պաշտոնում` միանգամից վերափոխվել հնարավոր չէ: Միաժամանակ, չեմ կարծում, որ խաղաղապահ զորքերը պետք է ավելի թույլ պաշտպանություն ունենան, քան հատուկ նշանակության զորքերը: Ճիշտ է, ի տարբերություն հատուկ նշանակության զորքերի, երբ ամեն ինչ պետք է գաղտնի ու աննկատ արվի, խաղաղապահներն իրենց բոլոր գործողություններն ի ցույց են դնում` ցույց տալով, որ պատրաստ են ցանկացած գործողության: