Հատկապես վերջին տարիներին որեւէ մրցանակաբաշխության մենք ոչ միայն հեգնանքով ենք վերաբերվում, այլեւ ակնհայտ քամահրանքով, դժգոհությամբ:
Նման կերպ շատերն արձագանքեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կազմակերպված մրցանակաբաշխությանը: «Մեզ մոտ ի՞նչ գիտություն կամ ի՞նչ տեղեկատվական տեխնոլոգիաներ, եթե գիտնականը ստանում է առավելագույնը 45.000 դրամ, իսկ թղթակցական նամակագրական կապը մեր ինտերնետ-սերվերներից ավելի արագ է աշխատում»,- դժգոհում են որոշ թերահավատներ: Նրանք նույնիսկ չփորձեցին ընկալել եւ գնահատել, թե ինչպիսի մեծ իրադարձություն էր աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթի (Roger Keith Barrett) այցը Հայաստան, որի ընթացքում նա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին: Քրեյգ Բարրեթը ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում ուսման բարելավման առաջատար պաշտպան է: Վերջերս ԱՄՆ-ի նախագահի կողմից նա ճանաչվել է մասնավոր հատվածի առաջատարներից մեկը` որպես ազգային կրթության, գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի նախաձեռնող: Նա ավելի քան 40 տեխնիկական, նյութերի հատկությունների միկրոկառուցվածքի ազդեցությունների թեմայով հրապարակումների հեղինակ է եւ «Նյութերի ճարտարագիտության սկզբունքները» նյութագիտության դասագրքի հեղինակ է: Ք. Բարրեթը Հայաստան էր եկել տիկնոջ` Բարբարա Բարրեթի հետ, ով 2009թ. Ֆինլանդիայում ԱՄՆ-ի դեսպանն էր: «Եթե չլիներ այս մրցանակաբաշխությունը, ինչ-որ բան հաստատ պակաս կլիներ: Եվ ես զարմանում եմ, երբ ասում եք, որ մրցանակաբաշխությունները ֆիկտիվ բնույթ են կրում մեզանում: Ես պատրաստ եմ բանավիճել նրանց հետ, ովքեր այդպես են մտածում»,- մեզ հետ զրույցում նշեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն, ՏՏ ոլորտի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Դեռեւս 1 տարի առաջ հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը: Ըստ այդմ` ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին: Մրցանակաբաշխության կոմիտեի կազմում ընդգրկվել էին նաեւ հայտնի մարդիկ, ինչպիսիք են` «Ֆորբս» ամսագրի հրատարակիչ Ռիչ Կարգլաարդը, Մայքլ Մելոնը` ՏՏ ոլորտի լրագրող, Ռիչ Գոլդմանը` «Սինոփսիս» ընկերության փոխնախագահը: Բացի մրցանակաբաշխության կոմիտեից, ձեւավորվեց նաեւ ընտրող հանձնաժողով: «Կազմկոմիտեի հիմնական առաքելությունն ընտրող հանձնաժողովին հավակնոտ թեկնածուների կազմը ներկայացնելն էր: Ի դեպ, նշենք, որ հանձնաժողովը ներկայացված մի քանի թեկնածուներից միանշանակ ընտրեց Քրեյգ Բարրեթին»,- նկատեց Հ. Մուսայելյանը: Հարցին, թե ի՞նչ առնչություն ունի «Սինոփսիսը» ՏՏ ոլորտի մրցանակաբաշխության հետ, նա պատասխանեց. «6 տարի է` «Սինոփսիսը» Հայաստանում է, եւ բացի այն, որ մենք ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, մեր առաքելություններից ենք համարում նաեւ մեր երկրում IT տեխնոլոգիաների զարգացումը, ենթակառուցվածքների զարգացումը, ինովացիոն միջավայրի կայացումը: Այս համատեքստում էլ ընկերությունը պատկերացնում է իր զարգացումները»: «Հայաստանը, չունենալով արտադրության նյութական հումք եւ ներկայացնելով ինտելեկտուալ արտադրանք, իր կայուն ներգրավվածությունն է ապահովում տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման գերակայության ոլորտում: Աշխարհի ամենալուսավոր մարդիկ գալով Հայաստան` կբարձրացնեն նաեւ երկրի հեղինակությունը: Նորարարությունը հնարավոր չէ քարից ու շաղախից ստեղծել, պետք է լինի միջավայր»,- Բարրեթի այցի օրերին ասել էր «Սինոփսիս-Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Քրեյգ Բարրեթը շրջել է աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ ՀՀ-ում առաջին անգամ էր գտնվում: 2009-ին, երբ ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանվեց այս մրցանակաբաշխությունը, պայմանը մեկն էր` մրցանակակիրները պետք է ստանան այն Երեւանում` անձամբ նախագահի կողմից: IT ոլորտի հսկան, մրցանակը ստանալով, նշեց. «Հաճելի է ներկա գտնվել եւ մրցանակ ստանալ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարած աշխատանքների համար: Սակայն մրցանակը միայն իմը չէ, այլեւ հազարավոր մարդկանցը, ովքեր իրենց ջանքերն են գործադրել ոլորտը զարգացնելու համար: Ես ինձ օրհնված եմ զգում»: «Կրթությունն ամեն երկրում շատ հրատապ թեմա է»,- հայաստանյան այցի ընթացքում ասել է Ք. Բարրեթը` ավելացնելով, որ Հայաստանում ոլորտի խնդիրներին լավ ծանոթ չէ, սակայն բուհերի ուսանողների հետ հանդիպումից իր տպավորությունները շատ դրական են. «Ուսանողները պայծառ են, ուշիմ եւ ագրեսիվ»: Հարցին, թե երբեւէ հնարավո՞ր է, որ դպրոցներում ուսուցիչներին փոխարինեն համակարգիչները, Ք. Բարրեթը պատասխանել է. «Լավ ուսուցիչը դասասենյակի լավագույն տեխնոլոգիան է»: Նրա համոզմամբ` տեխնիկայի շնորհիվ աշակերտները սկսում են ավելի արագ եւ շատ սովորել, բայցեւ երբեք ուսուցչի եւ աշակերտի կենդանի շփումը չի կարող փոխարինվել տեխնիկայով: Intel-ի նախկին նախագահը գոհ էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Հայաստանյան եւ ՀՀ-ում գործող ընկերությունների մասին Բարրեթը տեղեկացել էր շուրջ 20 տարի առաջ: Նա նաեւ ծանոթ էր ՀՀ-ում «Սինոփսիս» ընկերության գործունեությանը, որի բաժանորդներից է նաեւ Intel-ը: Ք. Բարրեթը վստահեցրել է, որ բուհերի ու մասնավոր հատվածի միջեւ համագործակցության արդյունքում ոլորտի կատարելագործման համար մեծ ներուժ կա: Իսկ ՀՀ ղեկավարության հետ Բարրեթը քննարկել է տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման, համակարգչային կուրսերում անհատական ուսուցման մասին հարցերը: Հ. Մուսայելյանն անդրադարձավ նաեւ «Սինոփսիսի» նախաձեռնած եւ արդեն կյանք ստացած՝ ՀՀ նախագահի լավագույն ուսանող եւ ուսանողուհի մրցանակաբաշխությանը եւ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային: «ՏՏ ոլորտի մրցանակաբաշխությունը մեր հերթական հավակնոտ նախաձեռնությունն է, որպեսզի Հայաստանում ՏՏ ոլորտը ճանաչվի որպես գերակա ճյուղ: Ի դեպ, Բարրեթն այս առումով մեզ ներշնչեց: Նա ասաց, որ ինքը` որպես «Ինտել» կորպորացիայի գործադիր նախագահ, դեռ Խորհրդային Միության ժամանակ առնչվել էր
ՀՀ-ի հետ` միկրոսխեմաներ գնելով: Ցավալին այն է, որ մեզանում այս օրերին բավական անտրամաբանական շեշտադրումներ եղան, թե ընդհանրապես մրցանակաբաշխություն կազմակերպելով՝ ինչպե՞ս կարելի է IT տեխնոլոգիաները զարգացնել` առանց հասկանալու, որ արդեն բավական է այդ մարդկանց այցը Հայաստան: Մեր նպատակը այդ ոլորտում հսկայական ներդրում ունեցող մարդկանց Հայաստան բերելն է»,- ասաց նա` այս մրցանակաբաշխության մեջ կարեւորելով հատկապես Ք. Բարրեթի ընտրությունը, որը մրցանակաբաշխության համար լավագույն մեկնարկ է ապահովում: Մրցանակաբաշխության կոմիտեն արդեն զբաղված է 2010թ. թեկանածուների ընտրության հարցով: