Ազատ են արձակել

05/07/2010

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Դատարանի նման որոշումը անակնկալ է եղել նույնիսկ Դավթի համար: «Ժամը 2-ին բացեցին խցի դուռը, ասացին` արի պետի հետ հանդիպման: Նա ինձ ասաց, որ ազատ եմ, եւ խորհուրդ տվեց զգույշ լինել: Պատճառաբանությունը թղթում է գրված, որ գործի քննությունը ավարտվել է, եւ պարզվել է, որ իմ գործին խոչընդոտելու հնարավորությունը նվազել է, դրա համար էլ ինձ անհապաղ ազատ արձակեցին: Դատարանում կապացուցվի, որ ես մեղավոր չեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Դավիթը: Դավիթն ազատ է արձակվել` քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Նրա գործը քննելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Նիստի օրը դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Քիրամիջյանը անազատության մեջ էր մայիսի 31-ից, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Հունիսի 3-ին նույն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը` երկու ամիս ժամկետով: