ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը համոզված է, որ եթե հայկական կողմը շփման գծում իրեն պասիվ դրսեւորի, ապա չի բացառվում, որ ադրբեջանական կողմի ճնշումներն ավելանան: Խոսելով ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման մասին` Ա. Մելիքյանը երեկ նշեց, որ կատարվածում կա նաեւ հայկական կողմի մեղքը, սակայն մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ դիվերսիոն խմբի եւ հայ զինվորների ուժերի միջեւ տարբերություն է եղել. «Այլ հարց է, որ հայ հրամանատարները պետք է հաշվի առնեին նաեւ այդ կարգի դեպքերը եւ պատրաստ լինեին: Պետք է լուրջ հետաքննություն կատարվի` պարզելու, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները հենց այդ տարածքում գրոհել: Արդյո՞ք գիտեին, որ հայկական դիրքերը թուլություն են ցուցաբերել այդ հատվածում»,- նկատեց Մելիքյանը` հավելելով, թե ԼՂՀ հարցում Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է քաղաքական նոր շեշտադրումներ մտցնել: «Ցավոք, Ղարաբաղից շատ բան կախված չէ, քանի որ քաղաքական ուղեգիծը որոշվում է Երեւանում: ԼՂՀ-ն շատ է ուզում մասնակցել բանակցային գործընթացին, սակայն որեւէ մեկը նրան դա թույլ չի տալիս»,- ասաց նա: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց. «Կարծում եմ` ֆուտբոլային դիվանագիտությունը բարեհաջող վախճանվել է: Պետք է հետեւություններ անել: Պետք է ոչ թե պատահական քայլեր անել` խառնելով իրավիճակը, այլ ուղղորդված քաղաքականությամբ հասնել հաջողության»:
Նա անդրադարձավ նաեւ հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին` ասելով, թե թուրքական կողմն առնվազն ունեցել է իր մասնակցությունը ծրագրմանը: Ըստ նրա, շփման գծում հայկական կողմը պետք է ավելի ուշադիր լինի, քանի որ նմանատիպ սադրանքների քանակը կարող է աճել: «Ապագայում Թուրքիան ավելի ակտիվ ներգրավված կլինի այս կարգի գործողություններին, եւ մենք պետք է պատրաստ լինենք ադեկվատ պատասխան տալ նրան, եթե հնարավոր է` նաեւ կանխակալ գործողություններ կատարելու միջոցով»,- ասաց Ա. Մելիքյանը: