Մենք ու մեր արդյունաբերությունը

05/07/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ հրապարակվեցին այս տարվա առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, շատերը էյֆորիայի մեջ ընկան ու սկսեցին մեկը մյուսի հետեւից հիացմունք արտահայտել պլպլան թվերի վերաբերյալ։ Եվ չնայած մասնագետներն իրենք էլ խոստովանում են, որ այդ ցուցանիշները բնակչությանն ամենեւին էլ հետաքրքիր չեն, հեռուստատեսային բոլոր լրատվական ծրագրերը մի քանի օր շարունակ գովերգում էին 8.8% ՀՆԱ աճի ցուցանիշն ու փորձում համոզել, որ միայն այդ թիվը բավական է երջանիկ լինելու համար։

8.8% տնտեսական աճի (պատկերավոր ասած) ցուցանիշից բացի, հատուկ ուշադրության էր արժանանում նաեւ մեկ այլ ցուցանիշ` արդյունաբերության ոլորտի 12.1% աճը։ «Վերջին տարիներին նման բան երբեք չի եղել, որ արդյունաբերությունն այսպիսի աճ ունենա»,- ասում էին ոմանք։

Եթերից հորդող այս ոգեւորությունը մեզ ստիպեց ետ գնալ մի երկու ամիս առաջ, ավելի կոնկրետ` 2010թ. ապրիլի 13-ը։ Մի փորփրեք ձեր հիշողությունը` փորձելով հիշել, թե ի՞նչ հիշարժան օր է ապրիլի 13-ը։ Ամենեւին էլ հիշարժան չի։ Պարզապես այդ օրը հայրենի հեռուստաալիքները ալեկոծեցին Հայաստանի բնակիչների հոգիները` հաղորդելով, որ գումարվել է Հայաստանի Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստը։ Ալեկոծողը ոչ թե նիստն էր, այլ այդ նիստում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքը. «Հանձնախումբը երկու խնդիր է լուծելու` մշակելու է Հայաստանի Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել»: Այսինքն, Ա. Բաղդասարյանը խոստանում էր, որ շուտով հնարավոր է, այսպես կոչված, «ՎԵ ՊԵ ԿԱ»-ի (ռուսերեն՝ «Վոեննո-պրոմիշլեննի կոմպլեկս» արտահայտության հապավումն է) գործարանները վերստին աշխատեն։ Ավելին, նշվում էր, որ «Ռուսաստան եւ Բելառուս այցերից հետո արդեն գրանցվել են առաջին արդյունքները. այդ երկրների Ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, տեղում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Ռազմաարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների միջեւ կապերն աշխուժացնելու որոշակի հիմքեր արդեն ստեղծվել են»։

Այն ժամանակ մենք այդ թեմային անդրադարձանք` նշելով, որ այդ հեռանկարը խիստ կասկածելի է՝ թե՛ նախկին շուկաների կորստի, թե՛ գործարանների բարոյական ու ֆիզիկական մաշվածության, թե՛ համապատասխան կադրերի բացակայության պատճառով։ Ի՞նչ եղավ դրանից հետո։ Հրապարակման հաջորդ օրը մեզ զանգահարեց Անվտանգության խորհրդի մամլո քարտուղարը եւ բավականին բարեհամբույր կերպով նկատեց, որ մեր հոռետեսությունը արդարացված չէ։ Ի պատասխան մեր այն դիտարկման, թե քանի՜-քանի՜ նման հայեցակարգեր են մնացել թղթի վրա, նա հավատացրեց, որ այս դեպքում առնվազն մեկ ամսից շոշափելի արդյունքներ կտեսնենք. պատվիրակություններ են եկել, պայմանավորվածություններ կան եւ այլն։ Մի խոսքով, խոստացանք, որ եթե որեւէ կոնկրետ քայլ լինի, եւ մեզ այդ մասին տեղեկացնեն, անպայման գրենք` ընդունելով, որ իրոք սխալվել ենք՝ լավատես չլինելով։

Անցավ երկուսուկես ամիս։ Այդ ընթացքում ոչ մի կոնկրետ տեղեկություն չստացանք, որ ռազմաարդյունաբերական ոլորտում որեւէ առաջընթաց կա։ Եվ հիմա, երբ հանկարծ պաշտոնական վիճակագրությունը սկսեց համոզել, որ արդյունաբերությունը հսկայի քայլերով առաջ է գնում՝ մի պահ մտածեցինք. մի՞թե «Վե Պե Կա»-ի գործարաններն, իրոք, սկսել են աշխատել, ու պարզապես այդ մասին մոռացել են ասել։

Եվ այսպես, ինչի՞ հաշվին է գրանցվել մեր արդյունաբերության 12.1% աճը։ Արդյո՞ք ռազմաարդյունաբերության ոլորտը թեկուզ փոքր լումա ունեցել է այս գործում։ Մինչ այդ հարցին պատասխանելը, նախ հստակեցնենք՝ ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես մեր արդյունաբերության ոլորտը։

2010թ. հունվար-մայիս ամիսներին այս ոլորտը տվել է 305 միլիարդ դրամի արտադրանք։ Դրանից՝ 18.9%-ը բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերությանը եւ բացահանքերի շահագործմանը, 16%-ը՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարմանը։ Մշակող արդյունաբերությանը բաժին է ընկնում ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 62.2%-ը։ Թվում է՝ վատ ցուցանիշ չէ։ Բայց լավատեսությունը վերանում է, երբ դիտարկում ես մշակող արդյունաբերության կառուցվածքը (նկար 1.):

Մշակող արդյունաբերություն կոչվածի ուղիղ 50%-ը բաժին է ընկնում սննդի, խմիչքների եւ ծխախոտի արտադրությանը։ Տեսակարար կշռով հաջորդ կարեւոր բաժինը հիմնային մետաղների արտադրությունն է, որին բաժին է ընկնում մշակող արդյունաբերության 27.1%-ը։ Զգալի կշիռ ունի նաեւ «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն» կոչված բաժինը՝ 8.3%։ Մնացած բաժինների ծավալները կարող եք ինքներդ տեսնել նկարում։

Հիմա վերադառնանք մեր ռազմաարդյունաբերական համալիրին։ Ի՞նչ էին արտադրում մեր գործարանները կոմունիստների օրոք։ Չնայած դա մեծ մասամբ գաղտնի էր, իրական արտադրությունը կարող էր քողարկված լինել, օրինակ, բաժակների արտադրության ներքո, սակայն մեր տարեց հայրենակիցների խոսքերով՝ արտադրվել են հիմնականում էլեկտրոնային սարքավորումներ՝ կոնդենսատորներ, պլատաներ եւ այլն։

Իսկ նկարում նշված 12 բաժիններից ո՞ր մեկի մեջ կարող էր դա տեղավորվել։ Այս կամ այն չափով՝ էլեկտրական սարքավորանքի արտադրության մեջ, այդպես չէ՞։ Եվ առհասարակ, միայն այդ բաժինն է այս կամ այն չափով համապատասխանում գիտելիքահենք, ինովացիոն, ապագային միտված մեր տնտեսության տեսլականին։ Ցավալին այն է, որ այն կազմում է մեր մշակող արդյունաբերության ընդամենը 0.6%-ը։ Կարեւորը՝ ունենք գեղեցիկ հայեցակարգեր եւ պուպուշ նպատակներ։

1. սննդամթերքի արտադրություն

2. խմիչքների արտադրություն

3. ծխախոտային արտադրատեսակների արտադրություն

4. հագուստի արտադրություն

5. պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում

6. քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրություն

7. այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն

8. հիմնային մետաղների արտադրություն

9. պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն

10. էլեկտրական սարքավորանքի արտադրություն

11. ոսկերչական արտադրատեսակների արտադրություն

12.գործունեության այլ տեսակներ