Խուսափել է

05/07/2010

«Ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում» հարցին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ, ըստ էության` խուսափել է կոնկրետ պատասխանել. «Ես խորհրդարանի պատգամավոր եմ, որը վավերացրել է մի շարք փաստաթղթեր, գործնականում ՌԴ բոլոր պայմանագրերը: Այդ պայմանագրերից է Հավաքական անվտանգության պայմանագիրը, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված են ՌԴ ռազմաբազա եւ զինծառայողներ: Էլ ի՞նչ կարող եմ ասել այս առնչությամբ, եթե պարտավորություններ կան այդ պայմանագրում: Կարծում եմ` Ռուսաստանին կարելի է շատ հարցերում հանդիմանել, բայց հազիվ թե կարելի է հանդիմանել այն բանում, որ նա երբեւէ հրաժարվել է իր պարտավորությունները կատարելուց: Մի սկսեք պատերազմ, եւ այդ հարցի կարիքն այլեւս չի լինի»: Նաեւ հավելել է. «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա Ղարաբաղի ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել, բայց հարգելով միջնորդների ջանքերը եւ հաշվի առնելով բանակցային գործընթացը, մենք կոչ ենք անում հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Անդրադառնալով հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությանը` ԼՂ հակամարտության վերաբերյալ, նա նշել է, որ իր տպավորությամբ՝ հայ հասարակությունը թերագնահատում է այդ փաստաթուղթը։ «Եթե նույնիսկ առաջին անգամ չէ, որ լսում եք նմանօրինակ հայտարարության մասին, դա չէ կարեւորը: Կարեւոր է, որ այն հնչում է նախագահների շուրթերից` դա է կարեւորում այդ հայտարարությունը»,- ասել է ռուս պատգամավորը: «Կարեւոր չէ, թե որ տարբերակն եք կարդում` անգլերե՞նը, թե՞ ռուսերենը: Կարեւորն այն է, որ նախագահները խոսում են տարածքների ազատման մասին, որոնք Ղարաբաղ չեն, այլ ուղղակի շրջապատում են Ղարաբաղը: Այսինքն` նախագահները տարբերում են այդ տարածքների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ չեն դիտարկում Ղարաբաղը` իբրեւ հայկական կողմից «օկուպացված»,- ասել է նա: Մյուս կարեւոր գործոնն այն է, որ խոսվում է անվտանգության միջանցքի պարտադիր առկայության մասին, սակայն չի մանրամասնվում, թե ի՞նչ միջանցքի մասին է խոսքը` Քելբաջարի՞, Լաչինի՞, թե՞ այլ: Սա էլ պատգամավորը բացատրում է նրանով, թե տողատակով կարելի է կարդալ հետեւյալը` կարգավորման ցանկացած տարբերակով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին տեսնում եւ ցանկանում է տեսնել Ադրբեջանը։ «Եվ իմ տեղեկություններով, հենց այս հանգամանքն է վրդովեցրել Ալիեւին Սանկտ Պետերբուրգում, քանի որ, եթե խոսք կա միջանցքի մասին, ապա, ինքնաբերաբար, կա նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»,- ավելացրել է նա: