Գոդոյին կամ հրաշքին սպասելիս

05/07/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ինձ հանդիպած ընտանիքն այն բացառիկներից է, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է շփոթահար լինել` տեսնելով ընտանիքի երեխաների կողմից ցուցաբերվող պատկառանքը ՀՀ եռագույնի նկատմամբ: Այս երեխաների առօրյան անցնում է մշտական կրակոցների ու վախի մեջ, բայց նրանք շարունակում են հավատալ կյանքի հրաշքներինգ

Թթենու կանաչ ճյուղն առանձնակի հմայք էր հաղորդել փայտյա փոքրիկ տնակին: Տան բակում խաղացող երեխաները, ինձ տեսնելով, սկսեցին շփոթահար վազվզել այս ու այն կողմ, ասես փորձում էին գտնել հարմար թաքստոց: Բակի ծռմռված ցանկապատից հետեւում էի նրանց անկեղծ զարմանքին ու վախվորած աչքերին: Հանկարծ երեխաներից մեկը մոտեցավ ցանկապատի ժանգագույն դռնակին եւ ուշադիր նայեց ինձ: Ոսկեհեր աղջիկը ձեռքին ամուր բռնել էր Հայաստանի դրոշը եւ ցուցադրաբար օրորում էր: «Անունդ ի՞նչ է»,- հարցրեցի: Նա չարաճճիորեն ժպտաց ու միանգամից նետվեց տուն: «Ի՞նչ եք ուզում: Ասեք»,- հարցրեց ընտանիքի հայրը` բարկացած նայելով ինձ: «Մենք լրագրողներին ու էս պետությանը չենք հավատում: Էկել եք Ձեր աշխատանքի համար, էլի: Հո մեր խնդիրներո՞վ չեք հետաքրքրվում: Ձեր ինչի՞ն ա պետք: Ու ընդհանրապես, տեսնես էս պետությունը հիշում ա՞, որ սահման կա, սահմանում ապրող մարդիկ,,,»,- ասաց հայ-ադրբեջանական սահմանում գտնվող Վազաշեն գյուղի բնակիչը: Ոսկեհեր աղջիկը կրկին ցանկապատի մոտ էր եւ ակնապիշ հետեւում էր ձեռքերիս դողին: «Դուռը բաց է, եկեք: Ձեզ նման հազարը գալիս-գնում են: Հա, գալիս են տեսնեն, թե մարդիկ կրակոցների մեջ ո՞նց են մնում»,- քմծիծաղ տալով` շարունակեց վազաշենցի Կարեն Մադաթյանը:

Տան դողացող աստիճանները նմանվում էին զառամյալ ծերունու` ատամնաթափ ու կնճռապատ: Աստիճանների անմիջապես ներքեւում փռվել էր գորշ խոզը, որն, ասես, հոգնել էր իր կյանքից: «Ես ծնվել եմ էս գյուղում: Էստեղ էլ մեծացել եմ, ամուսնացել»,- ասաց Կարեն Մադաթյանը` 5 երեխաների հայրը: «5 երեխա ունեմ, բայց էս պետության համար երեւի էդ կարեւոր չի: Տարիներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ գրեցի: Նա այն ժամանակ վարչապետ էր: Մինչ օրս պատասխանը չկա: Հա, գիտենք, որ նա շատ զբաղված ա, բայց մենք իսկապես օգնության կարիք ունենք: Գյուղում եմ ապրում, բայց մի մետր հող չունեմ, որ մշակեմ: Մի քանի ամիս առաջ էլ Տավուշի մարզպետարանից ասացին, որ օգնություն պիտի տան: Էնքան տարան-բերեցին, որ իրենց տված 20.000 դրամն էլ համարյա ծախսեցի ճամփեքին: Հա, 20.000 դրամ էին տվել»,- նշեց Կարենը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է: «Էրեխեքի նպաստով ու իմ հաշմանդամության թոշակով ենք ապրում: Էն էլգ»,- աղջկա` Բելլայի վարսերը գորովալից հարդարելով՝ խոսում էր զրուցակիցս` հյուծված ու մի տեսակ գունատ: «Թոքերս հիվանդ են»,- շարունակեց նա: Այդ պահին սենյակում նստած 4 երեխաները հուզմունքով նայեցին իրենց հորը: Բելլան, որ նստել էր Կարենի մոտ, քնքշությամբ արձագանքեց. «Պապ, ես մեծանալու եմ ու լավ աշխատելու եմ, որ բուժեմ քեզ»։ Այս խոսքերից հետո հայրը փորձեց հայացքը աղջկանից թաքցնել: «Էրեխեքս էնքան լավ են սովորում: Դպրոցում շատ գոհ են, բայց ինչ արած: Չենք հասցնում»,- շարունակեց ընտանիքի մայրը` Սուսաննան, ով ստիպված է հարեւանների համար փայտածուխ պատրաստել` տան հոգսերի բեռը թեթեւացնելու համար: «Է՜, էս երեսս էլ սաղ մուր ա: Կներեքգ Ի՞նչ անեմ: Ստիպված եմ: Ապրուստի միջոց իսկապես չունենք: Սրանից ավելի թշվառ վիճակ չկա»,- ծորացող ժպիտով ասաց կինը` թվարկելով տան խնդիրները: «Գիտես, մեզ եթե մի քիչ օգնեն, մենք ոտքի կկանգնենք: Ուղղակի մի քիչ օգնեն, բայց դե ո՞վ պիտի մեզ լսի»,- ասացին նրանք, ովքեր մինչ օրս չունեն իրենց սեփական տունը: «Էս տունը մերը չի: Բարեկամներիցս մեկինն ա: Տվել էր, որ ժամանակավոր ապրենք, բայց հիմա էլ ասում ա, որ պիտի դուրս գանք: Ինքն ուզում ա ռեմոնտ անի ու մեջն ապրի»,- ավելացրեց Կարենը` այդպես էլ չգտնելով հարցի պատասխանը: «Բա որտե՞ղ ենք ապրելու»,- հարցն այսպես էլ մնաց առկախ: «Ես որոշել եմ, որ մեծանամ, զինվոր եմ դառնալու: Մեր հայրենիքին իսկական զինվորներ են պետք»,- հանկարծակի աշխույժով նշեց 9-ամյա Բորիսը: «Մենք գյուլլի վզզոցն էլ ենք լսում: Վախտ ա եղել դաժե, որ վրաներս են կրակել: Հենց մի 10 օր առաջ: Էդ պահերին անկախ քեզանից կռանում ես»,- ասաց ընտանիքի հաշմանդամ հայրը: Ու երբեւէ չես էլ մտածի, որ կարիքավոր այս ընտանիքում մեծանում են արեւոտ երեխաներ, ովքեր` անկախ ամեն ինչից` ցրտից, սովից, կրակոցների մշտական վախից, շարունակում են սիրել աշխարհն ու մարդկանց` հավատալով հրաշքների: «Բայց կլինի՞ որ»,- հարցական ասաց Կարենը, ում ձայնը դեռ լսելի էր գյուղի փոշոտ ճանապարհին: