Ռուսաստանը պատրաստվում է մոդեռնիզացնել իր դպրոցական համակարգը` մտադրվելով լրջորեն վերափոխել դպրոցական դասագրքերն ու ուսումնական մեթոդիկաները: Հիմնական շեշտադրումը մեդիա-ուսուցման տարբերակների մշակումն ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված մեթոդիկաների ներմուծումն է:
Այս օրերին Ռուսաստանում անցկացվում է «Մեր նոր դպրոցը» նախաձեռնությանը նվիրված ֆորումը, որի մասնակիցներն են գրահրատարակիչները, ուսուցիչները, պետական այրերը: Արդեն հայտարարվել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին մի քանի մոսկովյան դպրոցներ, որպես էքսպերիմենտ` օգտագործելու են էլեկտրոնային գրքերը, որոնք դուրս կմղեն թղթե դասագրքերը: «Բուքռիդեր»-ների` էլեկտրոնային դասագրքերի, թեթեւ ու առողջության համար անվտանգ փաթեթները կարող են լրիվ փոխարինել աշակերտների պայուսակների պարունակությանը: Ուսուցման նյութի մուլտի-մեդիական մատուցումը հարուստ կլինի տարաբնույթ հղումներով` link-երով, ու հնարավորություն կտա երեխաներին ինքնուրույն «փորփրել» ուսուցման նյութը` այն դիտարկելով որպես ինֆորմացիայի պահեստ ու միաժամանակ` խաղ: Թեեւ Ռուսաստանը դեռեւս պատրաստ չէ իր դպրոցական նյութն ամբողջովին տեղափոխել էլեկտրոնային կրիչների վրա, սակայն արդեն կիրառվելու են «թեթեւացրած» գրքերը, որոնց մեջ եղած ինֆորմացիայի նկատելի քանակը կլինի դիսկերի վրա: Դիսկերի վրա կլինեն նաեւ տարբեր առարկաների թեստերը, որոնք աշակերտներին թույլ կտան գրել ու միաժամանակ ստուգել սեփական թեստային աշխատանքները: Դպրոցը հո երեխայի թշնամին չէ՞: Նոր ռիդերները կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն առարկաները կներկայացնեն 3D ֆորմատով` օգտագործելով եռաչափ անիմացիան, ինչը թույլ կտա երեխաներին` գործի դնել երեւակայությունն ու մանրամասն ուսումնասիրել, ասենք, մարդու կմախքը, կամ` այս կամ այն տեղանքի խոշորացված քարտեզը:
Բոլոր երկրներում էլ դպրոցական համակարգը գտնվում է որոնումների մեջ, իսկ հրատարակիչները լավ հասկանում են, որ մոտ ապագայում հիմնական մրցակցությունը ծավալվելու է տպագիր ու էլեկտրոնային գրքերի միջեւ: Չէ՞ որ հրատարակիչը միայն թղթի հետ չի գործ ունենում, նա նաեւ էլեկտրոնային բովանդակություն է ստեղծում: Դրա մասին է վկայում վիճակագրությունը (ընթերցողների 20%-ը գիրք է կարդում միայն էլեկտրոնային կրիչի վրա): Այդպես էժան է, մոբիլ ու հարմար: Եվ ամենակարեւորը` թեթեւ է: Մոբիլ «ռիդերը» կարող է փոխարինել 10 կգ-անոց պայուսակին, ինչը շատ ակտուալ է դպրոցականների առողջության համար: Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները շատ լավ հասկանում են, որ 7-10 դասագիրք ու նույնքան էլ տետր ամեն օր դպրոց տանող երեխան լուրջ փորձության է ենթարկում իր ողնաշարը:
Ուշագրավ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ուղղություն հռչակած Հայաստանը քայլ անգամ չի անում` դպրոցական ուսումնական պրոցեսը թարմացնելու համար: ԿԳ նախարարությունը խորհրդային տարիներից ժառանգած ու արդեն նեխման աստիճանի հասած դպրոցական համակարգի վերափոխումը դիտարկում է միայն օտարալեզու կրթություն ստանալու շանս ստեղծելով: Կարծես` հենց դա է մեր դպրոցի առաջնային խնդիրը, այլ ոչ թե հնաոճ ու անհոդաբաշխ դասագրքերն ու նյութի «անկենդան» մատուցման ձեւը: Գոնե օրինակ վերցնեին ուղենիշ հանդիսացող, «մեծ եղբայր» Ռուսաստանից, որը միաժամանակ փորձում է մի քանի ուղղություններով ամրապնդել իր դպրոցը. տարածում (կամ էլ պարտադրում) է ռուսական լեզվով ուսուցումն ու օրինակելի (այս դեպքում` էլիտար) դպրոցների ցանց է ստեղծում: Իսկ օրինակելի դպրոցներում ոչ թե կարեւորը լեզուն է, այլ` նպատակը: Դպրոցը պետական գործիքներից, թերեւս, ամենակարեւորն է, որն օգտագործվում է 21-րդ դարում ապրող երեխայի շուրջը կրեատիվ ու բովանդակալից դաշտ ստեղծելու համար: Իսկ հայկական դպրոցը մնացել է 19-րդ դարում եւ լավագույն ձեռքբերումը համարում է սովետական պաթետիկ ոճով գրված հումանիտար առարկաների դասագրքերը: Էլ չխոսենք այն մասին, որ քիմիայի կամ մաթեմատիկայի դասագրքերը լեցուն են սխալներով ու վրիպակներով: Հին դպրոցական համակարգին կառչելն արդեն ոչ միայն անհեռանկարային քայլ է դառնում, այլեւ՝ ուղղակի կործանիչ հապաղում: Միգուցե ժամանակն է «Նոր հայկական դպրոց» ծրագրի առաջին քայլն անել: Եվ սկսել դա դասագրքերի մաֆիան վերացնելով ու բարձր տեխնոլոգիաների մասնագետներին ուսուցման ծրագրեր պատվիրելով: Հարկավոր է օգտվել օտար լեզվով գրված ծրագրերից, այլ ոչ թե` իրար բախել հայկականն ու օտարը: