Աշխարհում առաջինն ենք

08/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Մենք առաջարկում ենք լուրջ գործիք, որի արդյունավետ կիրառումը կնպաստի
Հայաստանի մրցակցային առավելությունների եւ թերությունների իրատեսական
գնահատմանը եւ կենսունակ տնտեսական ռազմավարության մշակմանը»,- վստահ է
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ
Հերգնյանը:

Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներգրավվել է «Մրցունակության
համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) մեջ: Վերջինս Համաշխարհային տնտեսական
ֆորումի (ՀՏՖ) հիմնական արտադրանքն է, որը հրապարակվում է 1979 թվականից:
ՀՏՖ-ն ոչ առեւտրային անկախ կազմակերպություն է, որի նպատակը
ձեռներեցության զարգացումն ու տնտեսական աճի խթանումն է:
Կազմակերպությունը յուրաքանչյուր երկրում ունի գործընկեր. Հայաստանում
ՀՏՖ-ի հետ համագործակցում է «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնը:
Գնահատման ժամանակ ՄՀԶ-ն օգտվում է հանրությանը մատչելի վիճակագրական
տվյալներից, ինչպես նաեւ՝ ընկերությունների ղեկավարների հարցումներից
(Հայաստանում հարցմանը մասնակցել է 107 ընկերություն):

Ի՞նչ է ՄՀԶ-ն: Այն հանդես է գալիս 3 ինդեքսների տեսքով՝ աճի
մրցունակության, բիզնեսի մրցունակության եւ մրցունակության համաշխարհային
ինդեքսներ: Առաջինն իր մեջ ներառում է 3 խոշոր բաղադրիչ՝ տեխնոլոգիաներ,
մակրոտնտեսական միջավայր եւ հանրային ինստիտուտներ (այդ թվում՝
կոռուպցիա): Այս ինդեքսով Հայաստանը 117 երկրների շարքում զբաղեցնում է
79-րդ տեղը, սակայն առանձին կոմպոնենտներով շատ հետաքրքիր պատկեր է
ստացվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պաշտոնապես հայտարարվել է
Հայաստանի տնտեսության գերակա ճյուղ, իսկ տեխնոլոգիաների ինդեքսով մեր
երկիրը զբաղեցնում է ընդամենը 94-րդ տեղն աշխարհում: Կամ, «հպարտանում
ենք» մեր մակրոտնտեսական կայունության ցուցանիշով (55-րդ տեղ)՝ անտեսելով
հարեւան Ադրբեջանի կարգահամարը համաշխարհային ցուցակում՝ 18: Բիզնեսի
մրցունակության ինդեքսով Հայաստանը 88-րդ տեղում է՝ զիջելով ԱՊՀ երկրներից
Ռուսաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Ղազախստանին: Իսկ 3-րդ՝
մրցունակության համաշխարհային ինդեքսով, որը ներառում է առաջին 2
ինդեքսները եւ հնարավորություն է տալիս գնահատել երկրի մրցունակությունը
եւ՛ միկրո, եւ՛ մակրո միջավայրերում, Հայաստանը 81-րդ տեղն է զբաղեցնում:

Բավական հետաքրքրական է, որ հարցումներին մասնակցած հայկական
ընկերությունները համոզված են, թե գործարարների համար ամենախնդրահարույց
գործոնները հարկային քաղաքականությունը, կոռուպցիան եւ ֆինանսավորման
աղբյուրների անմատչելիությունն են: Ընդունելի է, իհարկե, որ
կաշառակերությունը խոչընդոտ է բիզնեսի համար, սակայն այն դարձնել «մատի
փաթաթան» եւ անտեսել մյուս գործոնները, սխալ է: Այսօր Հայաստանն ունի շատ
ավելի լուրջ հիմնախնդիրներ, որոնք արգելակում են գործարարության
զարգացումը: Ֆինանսական շուկայի զարգացածության մակարդակ, մտավոր
սեփականության պաշտպանություն, ձեռնարկությունների սոցիալական
պատասխանատվության կարեւորություն, պրոֆեսիոնալ կառավարիչների նկատմամբ
վստահություն, մարքեթինգի գործիքների օգտագործում, փոքր բաժնեմասով
բաժնետերերի շահերի պաշտպանվածություն եւ այլն, բոլոր այս չափանիշներով
մեր երկիրն աշխարհում վերջին հորիզոնականներն է զբաղեցնում:

Կրկին անդրադառնանք այն լուրջ թերություններին, որ առկա են տեղեկատվական
եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում: Բջջային
հեռախոսների մատչելիությամբ Հայաստանը վերջին տեղում է, հեռախոս/ֆաքս
ենթակառուցվածքի որակով՝ 105-րդ տեղում, ինտերնետից օգտվողների քանակով՝
86-րդ տեղում, անհատական համակարգիչներ ունեցողների քանակով՝ 89-րդ:
Այսքանից հետո բնական է, որ ՏՀՏ ոլորտում մրցակցության որակով 109-րդ
երկիրն ենք, իսկ տեխնոլոգիական մակարդակի պատրաստվածությամբ՝ 96-րդը:
Ինչպես տեսնում ենք, դեռ «շատ հաց ու պանիր պետք է ուտենք» ոլորտը
զարգացնելու ու մրցունակ դարձնելու համար, բայց ցանկության դեպքում
նպատակներին կարելի է հասնել:

Այնուամենայնիվ, Հայաստանն ունի մրցունակության որոշ ուշագրավ
առավելություններ: 2004թ. իրական արտարժութային փոխարժեքով մեր երկիրը
28-րդ տեղում էր, տնտեսական անկում չունենալու ակնկալիքներով` 29-րդ
հորիզոնականն է զբաղեցնում, իսկ կազմակերպված հանցագործությունների թվով՝
38-րդը: Բարձր է նաեւ մեր հանրապետությունում գիտնականների ու
ճարտարագետների առկայության ցուցանիշը եւ գործատու-աշխատող
փոխհարաբերությունների մակարդակը: Սակայն կա ցուցանիշ, որով Հայաստանը
զբաղեցնում է 1-ին տեղն աշխարհում. դա արտասահմանցիներին աշխատանքի
ընդունելու հեշտությունն է, ինչը միգուցե պայմանավորված է մեր ժողովրդի
անսահման հյուրասիրությամբ:

Տնտեսության զարգացման տարբեր փուլերի համար կարեւոր է ինչպես`
կառավարության եւ մասնավոր սեկտորի գործունեությունը առանձին-առանձին,
այնպես էլ` նրանց արդյունավետ փոխհամագործակցությունը: Իսկ ի՞նչ ծրագրեր է
իրականացնում «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնը: Մասնագետների
վերապատրաստման նպատակով վերջինս կազմակերպում է Մայքլ Պորտերի կողմից
մշակված Հարվարդի բիզնես դպրոցի «Մրցունակության միկրոտնտեսագիտություն»
դասընթացի դասավանդումը Երեւանի պետական համալսարանում, պատրաստում է
տարբեր ուսուցողական օրինակներ, իրականացնում հետազոտություններ, այդ
թվում՝ բիզնեսում բարոյական արժեքների ներդրման ուղղությամբ, կազմակերպում
քննարկումներ: Իսկ կենտրոնի կողմից ՄՀԶ արդյունքների ներկայացումը
պետության եւ տնտեսության բոլոր օղակներին կօգնի ճիշտ քաղաքականություն
մշակելու հարցում, եթե վերջինները ճիշտ գնահատեն Հայաստանի մրցունակության
առավելություններն ու թերությունները: