Կտրոնն ազդո՞ւմ է տղամարդու պոտենցիայի վրա

05/07/2010

Գերմանացի գիտնականները պարզել են, որ խանութում գնումների դիմաց տրվող կտրոնների թանաքը պարունակում է թունավոր նյութ, որը կարող է հանգեցնել իմպոտենցիայի: Խոսքը բիսֆենոլ-A նյութի մասին է, որի օգնությամբ թանաքը ներթափանցում է ջերմազգայուն թղթի մեջ եւ որը բացասաբար է ազդում տղամարդկանց հորմոնների արտադրության վրա։ Այն կարող է փոխել տղամարդկանց սեռական հորմոնների հավասարակշռությունը՝ հօգուտ կանացի հորմոնների: Վնասակար քիմիական նյութի կուտակումը հանգեցնում է սեռական ցանկության նվազման, բացասաբար է ազդում պոտենցիայի վրա, ինչպես նաեւ նպաստում է որովայնի եւ գոտկատեղի հատվածի ճարպակալմանը:

Պարզվում է, որ բիսֆենոլ A-ի վնասակարությունն արդեն վաղուց հայտնի է Կանադայում եւ ԱՄՆ-ի 3 նահանգներում, որտեղ այն արգելված է: «Տնտեսական անվտանգություն» գործակալության հաղորդմամբ` թունավոր միացությունը կարող է ներթափանցել օրգանիզմ այն ժամանակ, երբ տղամարդը սուպերմարկետի կտրոնին ձեռք տալուց հետո ձեռքով դիպչում է իր բերանին: