«Լայնահեն աճի» եւ մնացած բաների մասին

05/07/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Խնդիրը ոչ թե այն է, որ տնտեսագետները չեն կարողանում կանխատեսումներ անել, այլ այն, որ քաղաքական գործիչները պահանջում են չափից դուրս լավատեսական կանխատեսումներ։

Ռուդոլֆ Պեններ

Լրագրողները երբեմն հաշվի չեն առնում այս իրողությունը եւ հարցեր են ուղղում, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանին։ Վերջինս, ի տարբերություն իշխանական շատ տնտեսագետների, չափից դուրս լավատեսական մտքեր չի արտահայտում, բայց ի տարբերություն ընդդիմադիրների՝ չի էլ քլնգում կառավարությանը։ Օրինակ՝ երեկ լրագրողները փորձում էին կանխատեսում լսել, թե ինչպիսի՞ն կլինեն այս տարվա ցուցանիշները։ Կոնկրետ թիվ (տնտեսական աճի վերաբերյալ) պրն Բոստանջյանը չնշեց, գերադասելով հետեւյալ ձեւակերպումը. «Արեւի քաղաք չեմ նկարագրի 2010-ին, բայց նահանջ էլ չի լինի։ Մենք այս տարի կկայունանանք»։ Չնայած սրան, Վ. Բոստանջյանը վստահ է, որ կգերազանցենք բյուջեով նախատեսված ցուցանիշը։

«Անկումն այն է, երբ մարդիկ ստիպված են լինում ձգել գոտիները։ Ճգնաժամն այն է, երբ արդեն շալվար էլ չկա»։

Բորիս Պանկին

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները՝ մասնավորապես 8.8% ՀՆԱ աճը, շատերը տարբեր կերպ մեկնաբանեցին։ Ոմանք քննադատաբար են մոտենում հարցին։ Օրինակ՝ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ նախաճգնաժամային մակարդակը դեռ չենք վերականգնել: Ըստ նրա` անցած տարվա 5 ամիսների կտրվածքով անկումը կազմել էր 15-16 տոկոս, այս տարվա ընդամենը 8.8 տոկոս աճը դեռ չի հատուցում այդ ամենը: Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ հակառակը, ընդգծում է, թե բյուջեի ցուցանիշները բարձր են ոչ միայն ճգնաժամային` 2009 թվականին գրանցված ցուցանիշներից, այլեւ գերազանցում են մինչճգնաժամային` 2008 թվականի ցուցանիշները: «Առավել քան ակնհայտ է, որ ամեն ինչ խոսում է Հայաստանի տնտեսական աճի մասին եւ որեւէ այլ փաստարկ, որը հակառակը կապացուցի՝ գոյություն չունի»,- ասել է նա: Պատգամավորը նաեւ ավելացրել էր, որ առկա իրողությունները թույլ են տալիս պնդել, որ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացման փուլում է:

Շատերը, ի տարբերություն Գ. Մինասյանի, դիտարկում են հարցը այլ կողմից՝ իսկ ի՞նչ է շահում 8.8% ցուցանիշից բնակչությունը։ Օրինակ՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ հայտարարվող թվային ցուցանիշները եւ իրական կյանքն իրար հետ առնչություն չունեն։ «Որքան էլ մեր կառավարությունը գովաբանի այդ 8,8% աճը, ակնհայտ է, որ այն նույնիսկ այդ թվային տեսքով հիմնված է երկու գործոնների վրա, որոնք արտաքին են»։ Ա. Մինասյանի կարծիքով՝ առաջին գործոնը հանքահումքային արտադրանքի գների աճն է, իսկ երկրորդը՝ համաշխարհային տնտեսության աշխուժացումը, ինչը որոշակիորեն նպաստել է տրանսֆերտների ավելացմանը եւ գնագոյացման համակարգում համակարգաստեղծ ապրանքների գների աճին։ «Թղթի վրա մենք ունեցել ենք տնտեսական աճ, որը չունի ո՛չ որակական կողմ, ո՛չ էլ բերել է տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիայի մեծացմանը, ինչի մասին սիրում է խոսել մեր կառավարությունը»,- ասել է Ա. Մինասյանը։ Աճի որակով ոգեւորված չէ նաեւ Վ. Բոստանջյանը։ Նա նշում է, որ դա, իհարկե, այն աճը չէ, որը բերում է զբաղվածության, բարեկեցության աճի։ Դա ավելի շուտ միտում է, որ նահանջ չունենք։ Այսինքն՝ գոտիները դեռ չենք թուլացնում, սակայն ուրախ ենք, որ շալվարը դեռ մեր վրա է։ Ավելին՝ Վ. Բոստանջյանը կարծում է, որ 8.8% ցուցանիշը բնակչությանը չպետք է հետաքրքրի, դա մասնագետների համար է։ Բնակչությանը ավելի շատ հետաքրքրում է, թե իր վրա այդ աճն ինչպես է ազդել։ «Ինչքան էլ բարձրաձայնես՝ հալվա-հալվա, մեկ է՝ բերանդ դրանից չի քաղցրանա»։ Բ. Ասատրյանն էլ հարց է տալիս. «ՀՀ քաղաքացիներս 1/10-րդով ավելի լա՞վ ենք ապրում: Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է: Սա մեր տնտեսության առանձնահատկությունն է: Ինչպես նախորդ տարի տնտեսական անկման հետեւանքները այդքան ծանր մենք չզգացինք, այնպես էլ, ցավոք, այս տարի աճը չենք զգա»։

Վերը նշվածը, իհարկե, ամենեւին չի խանգարում, որ կառավարությունը հպարտությամբ խոսի ցուցանիշների մասին ու փորձի հիմնավորել այդ ձեռքբերումները։ Եվ ոչ միայն կառավարությունը։ Օրինակ՝ բոլորովին վերջերս հանրությանը ոչ այնքան հայտնի տնտեսագետ Արման Գաբրիելյանն ասել է. «Չնայած 2009թ.-ի անկման խորությանը, կառավարությանը հաջողվեց առանց ցնցումների տնտեսությանը տանել աճի ուղիով: Համեմատության համար նշեմ, որ ճգնաժամից առաջ անհամեմատ առավել բարվոք վիճակում գտնվող երկրների, ինչպես, օրինակ, Հունաստանին ու Լատվիային, դա չհաջողվեց: Ավելին, ուշագրավ է, որ 2005թ.-ից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի աճը Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում, ուր այն առայժմ 4.3% է»։ Փաստորեն հպարտանալու նոր բան ենք գտել։ Աճում ենք, բայց մարդկանց մեծամասնությունը դա իր մաշկի վրա չի զգում։ Սակայն պետք է ուրախանանք, որ մեր ինչ-որ ցուցանիշ գերազանցել է ադրբեջանցիների ինչ-որ ցուցանիշի։ Նույն տրամաբանությամբ՝ կարելի էր եւ առանձնապես չսրտնեղել ճգնաժամից, քանի որ, այսպես կոչված, «ճգնաժամի աքսիոմի» համաձայն՝ յուրաքանչյուր ճգնաժամ վերածվում է ինչ-որ մեկի հարստությանը (Լեոնիդ Սուխորուկով)։ Սակայն ամենաարդիականը հնչում է Կոնֆուցիոսի՝ 2.5 հազար տարի առաջ ասած հետեւյալ միտքը. «Այն երկրում, որտեղ լավ են կառավարում, ամաչում են աղքատությունից։ Այնտեղ, որտեղ վատ են կառավարում՝ հարստությունից»։ Ասել է թե՝ վատ կառավարվող երկրում ամոթ է շրջել շքեղ մեքենաներով եւ մարդկանց համոզել, թե գնաճը ցածր է, եւ պետք չի սրտնեղել։ Ինչպես ասել է Ֆրանկլին Ռուզվելտը, ասել, որ գնաճը ցածր է, դա նույնն է, եթե ասում են, որ կինը մի քիչ հղի է։

Վերջում ավելացնենք, որ մեր կառավարության գործունեությունից ամենից շատ ոգեւորվում են հատկապես միջազգային կառույցները։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը։ «Տնտեսության ակտիվությունն ըստ ամենայնի վերականգնվում է, որին սատարում է քաղաքականության ուժգին արձագանքը: 2009 թ. խորը անկումից հետո տնտեսությունն ըստ ամենայնի վերադառնում է դեպի լայնահեն աճ: Պետական ֆինանսները կայուն բարելավվում են, մասնավոր հատվածի վարկավորումն ավելանում է, իսկ բանկերի շահութաբերությունը եւ ակտիվների որակը վերականգնվում են: Սթենդ-բայ համաձայնագրի շրջանակում օժանդակություն ստացած հակաճգնաժամային քաղաքականությունները, մասնավորապես` վերադարձը լողացող փոխարժեքի ռեժիմի, մեղմ դրամավարկային եւ հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականություններին` օգնելու թողարկման կորստի նվազեցմանը, առարկայական դեր են կատարել տնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման եւ աղքատության վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ,- ահա այսպիսի խուճուճ ձեւակերպումներով հագեցած հաղորդագրություն է տարածել ԱՄՀ-ն՝ տեղեկացնելով ամենակարեւորի մասին,- Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը այսօր հաստատել է Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի (EFF) շրջանակում եռամյա համաձայնագիր 133.40 միլիոն ՓՀԻ (197.4 միլիոն ԱՄՆ դոլարի) համարժեք գումարով եւ Երկարաձգվող վարկավորման ծրագրի (ECF) շրջանակում եռամյա համաձայնագիր`133.40 միլիոն ՓՀԻ (197.4 ԱՄՆ դոլարի) համարժեք գումարով` Հայաստանի Հանրապետության համար»։

Ի՞նչ կարելի է ասել այս ամենի մասին։ Կառավարության մասով՝ մեր պաշտոնյաները հաստատ սա կներկայացնեն որպես հերթական հաջողություն։ ԱՄՀ-ի (եւ մեզ պարտքով փող տվող մյուս կառույցների) մասով՝ կհիշեցնենք Ռոբերտ Ֆրոստի խոսքերը՝ բանկիրը մի մարդ է, ով արեւոտ եղանակին ձեզ անձրեւանոց կտա, որպեսզի անձրեւոտ եղանակին այն ձեզնից ետ վերցնի։ Իսկ մեր՝ ՀՀ բնակչության մասով, ամենից հարմար են Հերբերտ Հուվերի խոսքերը. «Անիծված են պատանիները, քանի որ նրանք են ժառանգելու պետական պարտքը»։