«Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ չէ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի պետական համալսարանի ԱՊՀ-ի խնդիրներով զբաղվող տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Վլասովը: «Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը հնարավոր առավելագույն ջանքը կգործադրեն, որպեսզի հակամարտությունը չսրվի: Բացի այդ, 2008 թվականի ռուս – վրացական պատերազմը ցույց տվեց, որ ցանկացած հակամարտություն ներկա պայմաններում շատ արագընթաց բնույթ ունի: Հաղթող կողմը պետք է բավարար ուժ կուտակի` ռազմական գործողությունները բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում ավարտելու համար: Այդ դեպքում հաղթող կողմը միջազգային հանրությանը փաստի առաջ է կանգնեցնում` ասելով` իրավիճակը փոխվել է, եւ հարկավոր է ֆիքսել այդ փոփոխված կացությունը,- նշել է Վլասովը` ավելացնելով,- Այսօր, սակայն, ո՛չ Երեւանը եւ ո՛չ էլ Բաքուն իրենց առջեւ դրված խնդիրներն արագորեն լուծելու հնարավորություն չունեն»: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների վերջին հայտարարությանը` ռուս վերլուծաբանը եւս նկատել է, որ փաստաթղթի ռուսերեն եւ անգլերեն տեքստերում տարբերություններ կան:
«Այդ երկու տեքստերի տարբերությունները բավական սկզբունքային են: Չեմ բացառում, որ տեղի ունեցածը շտապողականության արդյունք է, երբ որոշ բառեր թարգմանության ժամանակ տեքստից պարզապես դուրս են մնացել: Խոսքը, օրինակ, Լեռնային Ղարաբաղին հարող շրջանների կարգավիճակի մասին է` արդյո՞ք դրանք օկուպացված տարածքներ են, թե՞ ոչ: Ես չեմ կարծում, որ գործ ունենք քաղաքական հակասությունների հետ, որովհետեւ այդ պարագայում անհնար կլինի խոսել միջնորդների միասնական դիրքորոշման մասին»,- ասել է Վլասովը: Նրա համոզմամբ՝ «այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացում գնդակը հենց միջնորդների դաշտում է»: «Հստակ երեւում է, որ Երեւանը դադար է վերցրել: Ամերիկացիները ոչ ֆորմալ առումով հեռացել էին հարավկովկասյան կարգավորման գործընթացից, այժմ, սակայն, կարծես փորձում են վերադառնալ: Բաքուն վերջին շրջանում շատ կոշտ հռետորաբանություն է օգտագործում, սակայն հստակ չէ, թե որքանով է այն արտացոլում Ղարաբաղի խնդրի լուծման համար մինչեւ վերջ գնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս ամենին գումարած` Հայաստանի այսօրվա ղեկավարության վրա ազդում են թե՛ Սփյուռքի եւ թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումները»,- նշել է Վլասովը: