ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ` Երեւանում գործող «Որակի միջազգային դպրոցը» (QSI International School of Yerevan) եւ ՀՀ-ում գործող նման միջազգային այլ դպրոցները ապօրինի են գործում: Նշենք, որ QSI-ի դպրոցներ գործում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` ՀՀ-ում: Այս մասին նախարարն ասել է օրերս «Առավոտ» թերթին տված հարցազրույցում: «Այդ դպրոցը, փաստացի, դպրոց չէ մեզ համար: Այսինքն, մենք կարող էինք ասել, որ այն ապօրինի է, եթե պետությունն իրեն տար ատեստատ, ինչպես տալիս է մնացած մասնավոր դպրոցներին: Իրենք փաստացի աշխատում են, քանի որ որեւէ մեկը չի կարող արգելել ձեզ կամ ինձ հավաքել երեխաներ եւ իրենց սովորեցնել ինչ-որ առարկաներ. անպայման չէ, որ անունը լինի դպրոց: Մենք այդ դպրոցը, որպես պետություն, չենք ճանաչում, այն արտոնագրված չէ: Այս դպրոցը մեզ համար դպրոց չէ, քանի որ գործում է օրենքից դուրս: Այդ դպրոց կոչվածը տեղ է, որտեղ հավաքվում են, դասավանդում են, սովորում, գնահատականներ դնում: Այդ ամենն արվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը զուգահեռ, եւ չտեղավորվելով մեր օրենսդրական դաշտում: Ես անգամ առաջարկել եմ, որ այդ դպրոցը գործի ԱՄՆ դեսպանատան տարածքում»,- ասել է նախարարը: Իր խոսքում Ա. Աշոտյանը շեշտում է նաեւ, որ «Որակի միջազգային դպրոցի» շրջանավարտները չեն ստանում ՀՀ հանրակրթության երկրորդ կամ երրորդ աստիճանի մասին վկայող որեւէ պետական փաստաթուղթ: Սա, փաստորեն, նշանակում է, որ այդ դպրոցն ավարտած աշակերտները հետագայում Հայաստանի որեւէ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս` ունենալու են խնդիրներ, քանի որ նրանց տրված ավարտական վկայականը ճանաչված չէ մեր պետության կողմից: Նշենք, որ QSI դպրոցը գործում է 1995 թվականից: Դպրոցում սովորում են 3-17 տարեկան երեխաներ: Դասավանդումն իրականացվում է բացառապես անգլերեն լեզվով եւ նախատեսված է արտասահմանում ծնված երեխաների համար: Այդ պատճառով էլ այսօր այդ դպրոցում սովորում են հիմնականում դեսպանների, դեսպանատների աշխատակիցների երեխաներն ու նաեւ այն հայ գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները, ովքեր ծնվել են արտասահմանում: Նշենք նաեւ, որ ուսման վարձը բավականին բարձր է` մինչեւ 30 հազար դոլար: Մենք տեղեկացանք, որ QSI` «Որակի միջազգային դպրոցն» են հաճախում նաեւ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի 3 թոռնիկները: Հ. Վարդանյանից փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս է վերաբերվում Ա. Աշոտյանի վերոնշյալ հայտարարությանը եւ արդյո՞ք մտահոգված չէ, որ իր թոռնիկները սովորում են պետության կողմից չճանաչված եւ ապօրինի դպրոցում: «Այդ դպրոցն ավարտելուց հետո իմ թոռնիկները սովորելու են արտասահմանյան համալսարաններում, այնպես որ, ընդունո՞ւմ է Աշոտյանն այդ դպրոցի դիպլոմը, թե չի ընդունում` դա իր պրոբլեմն է: Այդ դպրոցի տրված վկայականը արտասահմանում ամեն տեղ ընդունվում է: Իմ թոռնիկները ծնվել են արտասահմանում, երբ իմ երեխաներն այնտեղ ուսում էին ստանում: Դրա համար էլ իրավունք ունեն այնտեղ սովորելու, թե՞ չէ` չէին ընդունի նրանց: Ես նույնիսկ տեղյակ էլ չէի, որ Հայաստանում այդ դպրոցի հետ կապված խնդիր կա»,- ասաց Հ. Վարդանյանը: Անգլերեն լեզվով կրթության մասին էլ Հ. Վարդանյանն ասաց. «Իմ թոռնիկներից մեկը 4 տարի անընդմեջ Բուշ կրտսերի կողմից պատվոգիր է ստացել: Եթե ուզում եք, ամենալավ հայկական դպրոցից մի 10, 20 աշակերտ հրավիրեք ու իմ թոռնիկների հետ լեզվի թեստ անցկացրեք ու տեսեք՝ իմ թոռնիկնե՞րն են լավ տիրապետում հայերենին, թե՞ հայկական դպրոցի աշակերտները: Ճիշտ է, ուսումը անգլերեն է, բայց հայերենին շատ լավ են տիրապետում: Ես էլ ռուսական դպրոց ու ինստիտուտ եմ ավարտել, դուք կարծում եք՝ պակա՞ս հայ եմ»: Հայաստանի պայմաններում հանրակրթական դպրոցի համար խիստ բարձր վարձավճարների հետ կապված էլ, Հ. Վարդանյանը նկատեց. «Գործարար Վարդանյան ընտանիքի համար ո՞նց կարող է դպրոցի վարձը բարձր լինել: Ես հազարավոր այլ երեխաների վարձ եմ մուծում, ինչի՞ պետք է իմ թոռնիկների համար պրոբլեմ ունենամ»: