«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ երեկ կնքել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով արդեն երկրորդ սինդիկացված վարկի պայմանագիրը` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Սա ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին սինդիկացված վարկն է կովկասյան տարածաշրջանում: Սինդիկացված վարկում իրենց մասնակցությունը ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող չորս ֆինանսական հաստատություններ` Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ), ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերը եւ շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպությունը: Սինդիկացիայի գործընթացի ժամանակ մասնակից ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկը գերազանցեց ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված նվազագույն 8 մլն ԱՄՆ դոլարը` կազմելով 10 մլն ԱՄՆ դոլար:
Վարկը բաղկացած է 2 առանձին վարկերից: Առաջին 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը տրամադրվելու է ՎԶԵԲ-ի կողմից 36 ամիս ժամկետով, իսկ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը` ավստրիական UniCredit Bank Austria AG, անգլիական FBN Bank (UK) Limited բանկերի եւ շվեյցարական Blue Orchared Finance ֆինանսական կազմակերպության կողմից 12 ամիս ժամկետով, եւս 12 ամիս երկարաձգման հնարավորությամբ: Վարկի գումարն ուղղվելու է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների վարկավորմանը: Ընդ որում, 1 վարկառուի գծով վարկի առավելագույն գումարը կազմելու է 500 հազ. ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ: Մինչ օրս ՎԶԵԲ-ը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ համատեղ իրականացրել է շուրջ 34 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր: