Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի զորու չէ իրականացնել թուրքահայության հոգեւոր հովվապետությունը: Այդ իսկ պատճառով պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական կառավարությանը` համապատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվություն ստանալու համար: Իսկ ահա պատրիարքի ընտրության կազմակերպման նախաձեռնող մարմինն էլ պահանջել էր ոչ թե համապատրիարք ընտրել, այլ հենց պատրիարք: Ըստ «Հյուրիեթի», Թուրքիայի իշխանությունները գտել են հարցի լուծման լավագույն տարբերակը: Որոշում է կայացվել ընտրել փոխանորդ պատրիարք: Ճիշտ չի համարվել գործող պատրիարքի կենդանության օրոք կամ առանց նրա կամավոր հրաժարականի նոր պատրիարքի ընտրություն կազմակերպել: Այսպես նշված է կառավարության որոշման մեջ: Այն նախօրեին ուղարկվել է Պոլսո պատրիարքարան: