Ծաղիկները ոչ միայն գեղագիտական հաճույք են պարգեւում, հանգստացնում, լավ տրամադրության աղբյուր հանդիսանում, այլեւ առողջարար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա:
Խորհրդային ժամանակաշրջանում շատ քիչ քաղաքական գործիչների աշխատասենյակներում, գերատեսչական շենքերում կային ծաղիկներ: 1993թ. «Սպիտակ տնից» Կրեմլ են տեղափոխվում Բորիս Ելցինի երեք օգնականները` Վիկտոր Իլյուշինը, Գենադի Բուբուլիսը եւ Դմիտրի Ռյուրիկովը: Նրանց անձնական իրերի` փաստաթղթերով լի արկղերի հետ Կրեմլ են տեղափոխվում սենյակային ծաղիկներով լի արկղեր: Բոլորը ապշում են այդ տեսարանից: Կրեմլի «տերերը» երբեւէ աչքի չեն ընկել ծաղիկների նկատմամբ հետաքրքրությամբ: Իսկ Ելցինի օգնական Լեւ Սուխանովն ամեն առավոտ քնքշորեն շոյում էր իր աշխատասենյակի Ֆուրկրեա սելլա կոչվող (ՂցՐՍՐպՈ րպսսՈ (Furcraea selloa) ծաղկի թերթիկները եւ զրուցում նրանց հետ: Կրեմլյան հավաքարարները զարմացած էին։ «Փոշի՞ն եք ստուգում»,- հարցնում էին նրանք անսովոր այդ արարքը տեսնելով: Սուխանովին ծաղիկները ուժ էին տալիս, կյանքի էներգիայով լցնում: Երբ Սուխանովը մահացավ, պատմում են, որ ծաղիկը գլուխը երկար ժամանակ կախ էր գցել: Այսօր էլ այդ ծաղիկը Կրեմլում է գտնվում: 1993թ.-ից Կրեմլում ծաղիկներ խնամողների, ֆլորիստ-դիզայներների հատուկ ծառայություն բացվեց, որոնք այժմ ծաղիկների խնամքը գիտական հիմքերի վրա են դրել: Այս բաժնի աշխատակիցները ոչ միայն ջրում են, այլեւ հետեւում են, որպեսզի դրանց թփերի վրա լսող, նկարող սարքեր` «ժուչոկներ» դրված չլինեն, ինչպես ժամանակին անում էին անգլիացիները: Ծաղիկները շատ էմոցիոնալ են եւ լավ հիշողություն ունեն: Նրանք կարող են հիշել այն մարդուն, ով երբեւէ իրենց հետ վատ է վարվել: Կրեմլում հիմնականում արեւադարձային ծաղիկներ են` Ցիացիստիպուլա եւ Լիրատա տեսակի ֆիկուսներ, Ֆիլոդենդրոն, Մոնստերա, Դրացենա, Ասպիդիստրա, եւն: Ընդ որում, Կրեմլում խստիվ արգելված է տանից որեւէ ծաղիկ բերելը: Միայն թե համակարգիչներով շատ աշխատող աշխատակիցներին թույլատրվում է կակտուս պահել, որը պաշտպանում է ճառագայթներից:
Վլադիմիր Պուտինի աշխատասենյակում տարբեր տեսակի` ասիական, ֆրիդմանի անգլոնեմաներ (anglaonema) էին տեղադրված: Կիսաստվերի սիրահար այս ծաղիկները մեծ քանակությամբ թթվածնի հրաշալի աղբյուր են: Չինաստանի նախագահները միշտ շրջապատված են եղել ծաղիկներով` ֆիկուսներ, փշատերեւ բոնսայի ծառեր (Bonsai Tree), պալմաներ, բեգոնյաներ: Ֆրանսիայի Ելիսեյան պալատը` նախագահական նստավայրը, բարոկկո ոճով է կառուցված եւ Լուվրին արժանի հնաոճ իրերով է զարդարված: Նախագահի աշխատասենյակում ծաղկեփնջեր չկան: Որոշ սրահներում սպիտակ վարդերի, նարգիզների եւ կակաչների փնջեր են տեղադրված: ԱՄՆ Սպիտակ տան ծաղկատեսակները սովորաբար որոշում է տվյալ ժամանակահատվածում ղեկավարող նախագահի կինը: Ժաքլին Քենեդին, օրինակ, շատ էր սիրում քաջվարդը (պիոն): Հիլարի Քլինթոնը սիրում էր թերթիկների ծայրերը կարմիր եւ բաց դեղնավուն երանգի վարդերը: Լորա Բուշը լիլիաները եւ պետունյաներն էր նախընտրում: Իսկ ահա Սպիտակ տան այգին մշտապես խնամել են այգեպանները` հարստացնելով նորանոր ծաղիկներով: Առաջին ծառն այնտեղ տնկել է Վուդրո Վիլսոնը, եւ մինչ օրս, որպես ավանդույթ, յուրաքանչյուր նախագահ իր ծառն է տնկում: Նախագահ Քարտերը կարմիր բարդի է տնկել, Ռեյգանը` կալիֆոռնիական մագնոլիա, Քլինթոնը` հոնի ծառ:
Խլորոֆիտում (Chlorophytum)
Սենյակային բույսերից ամենաօգտակարներից է այս ծաղիկը, որը շատերին է ծանոթ` իր մանր, սպիտակ ծաղիկներով եւ երկար-նեղ տերեւներով: Հագուստների արհեստական կտորներից, տնային տարբեր պարագաներից արձակված թունավոր նյութերը վերացնում են եւ շատ արագ ոչնչացնում են վնասակար բացիլները:
Դրացենա, ֆիկուս
Այս ծաղիկը 70%-ով մաքրում է օդը լինոլեումե հատակից արձակված բենզոլից եւ այլ գազերից: Օդը լավ մաքրում են նաեւ ֆիկուսի տեսակները եւ դիֆֆենբախիան:
Դափնի (լավր), կակտուս
Դափնու ծառը շատ օգտակար է ստամոքսի, աղիների, սրտային հիվանդություններով տառապողների համար: Կակտուսների բազմաթիվ տեսակներ կան, որոնք արդեն մեծ տարածում ունեն նաեւ մեզանում: Կակտուսը օդը մաքրում է էլեկտրամագնիսական ճառագայթներից, նվազեցնում է տվյալ տարածքի մթնոլորտի իոնիզացման աստիճանը: Այդ պատճառով կակտուսները խորհուրդ է տրվում տեղադրել հեռուստացույցի, համակարգչի մոտ:
Խորդենի (Geranium)
Այս ծաղկի բազմաթիվ տեսակները եւս լայն տարածում ունեն մեզանում: Խորդենին հիշատակվել է դասականների գրական աշխատանքներում: Այն վերացնում է ստրեպտոկոկային եւ ողկույզաձեւ` ստաֆիլոկոկ մանրէները, այդ պատճառով խորդենին խորհուրդ է տրվում տեղադրել նույնիսկ ննջասենյակում: Նրա բույրը հանգստացնում է նյարդերը, հակասթրեսային հատկություն ունի:
Պեպերոմիա (Peperomia), ալոէ, կիտրոն
Այս ծաղիկը եւս բազմաթիվ տեսակներ ունի: Այն պաշտպանում է մրսածությունից, իսկ իր դրական էներգիայի շնորհիվ օգնում է դիմակայել դեպրեսիվ տրամադրություններին: Ալոէի օգտակար հատկանիշների մասին բոլորը գիտեն: Ալոէի տերեւների հյութը գործածվում է տարբեր հիվանդությունների ապաքինման համար` բորբոքային, թարախային պրոցեսների կանխարգելման դեպքում: Այն լայնորեն կիրառվում է դեմքի մաշկի եւ մազերի խնամքի համար նախատեսված դիմակների մեջ: Ցիտրուսային ծառերը` կիտրոն, մանդարին, նարինջ, գրեյպֆրուտ, աշխատունակությունն են բարձրացնում: Շատ օգտակար են այդ ծառերի եթերային յուղերը, որ իջեցնում են զարկերակային ճնշումը: Նպաստում են մտավոր, ուղեղի աշխատանքի ակտիվացմանը: Կիտրոնազգի ծառերը պայքարում են սթրեսների, վախերի դեմ: Կիտրոնը, էվկալիպտը եւ կալանխոեն լավագույնս մաքրում են օդը:
Ի դեպ, մի խորհուրդ, որն արդեն տարածում ունի նաեւ մեզանում. հյուր գնալիս ոչ թե ծաղկեփունջ տարեք, այլեւ հողի մեջ աճեցված, գեղեցիկ ծաղկամանով ծաղկատեսակ: Այն երկար կյանք ունի, գեղեցիկ է եւ շատ օգտակար: