Լոլիկը

05/07/2010

Լոլիկն իր մեջ կալիում է պարունակում, որը օգտակար է սրտի լավ աշխատանքի համար: Լոլիկի մեջ պարունակվող մագնեզիումն օգնում է օրգանիզմին ընտելանալ եղանակի փոփոխություններին, իսկ երկաթը՝ օգտակար է արյան պակասության համար, ցինկը՝ մազերի աճի, վերքերի բուժման, մաշկի բջիջների վերականգնման համար, կալցիումը՝ ոսկորների ամրացման համար: Այս բանջարեղենը նաեւ ֆոսֆոր է պարունակում, ինչպես նաեւ` վիտամիններ B1, B2, B3, B6, B9, E եւ մեծ քանակությամբ վիտամին C։ Մեկ բաժակ լոլիկի հյութը պարունակում է մարդու օրգանիզմին կես օրվա համար անհրաժեշտ վիտամին C եւ պրովիտամին A, որը պահպանում է օրգանիզմի դիմադրողականությունը։

Դիմակներ լոլիկով

Յուղոտ մաշկի համար. դեմքին քսել լոլիկի հյութը, թողնել չորանա։ Տրորել լոլիկը, ավելացնել 1 ձվի սպիտակուց, պահել դեմքին 10-15 րոպե, լվանալ գոլ ջրով: Դիմակը կարող եք կրկնել շաբաթը երկու անգամ։

Նորմալ մաշկի համար. լոլիկը տրորել, ավելացնել 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1ճ/գ կաթ, 1 թ/գ արեւածաղկի յուղ։ Պահել դեմքին 10-15 րոպե, լվանալ: Կարող եք կրկնել շաբաթը 2 անգամ։

Չոր մաշկի համար. 2 ճ/գ լոլիկի հյութին ավելացնել 2 ճ/գ ալյուր, քսել դեմքին, դեմքը ծածկել թանզիֆով, դեմքին պահել 10-15 րոպե եւ լվանալ: Կարող եք կրկնել շաբաթը 2 անգամ։