Ճանաչել դե յուրե

05/07/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստել է օրենքի նախագիծ` «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում հունիսի 29-ը որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր դե յուրե ամրագրելու նպատակով: «Հունիսի 29-ը Հայաստանի նորանկախ պետականության պաշտպանության ու կայացման, ինչպես նաեւ` Արցախի հերոսամարտում հայոց հաղթանակի համար իրենց նվիրական դերակատարումն ունեցած անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: «Ժառանգություն» խմբակցությունը, հիմք ընդունելով 2000թ. հոկտեմբերի 23-ի ՀՀ Կառավարության որոշումը, որով հունիսի 29-ը սահմանված է որպես անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր, ինչպես նաեւ` ԼՂՀ տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի նույնաբովանդակ 11-րդ հոդվածը, առաջարկում է այդ օրն ամրագրել դե յուրե»,- նշված է «Ժառանգության» հայտարարության մեջ: Ըստ «Ժառանգության» պատգամավորների, նախագծի կենսակոչման արդյունքում հստակեցում կմտնի անհայտ կորած ազատամարտիկների կատեգորիայի համար, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն օրենքով ամրագրելը կարեւոր կլինի նրանց ընտանիքների, ժառանգների, ողջ հասարակության, ինչպես նաեւ սերունդների համար` նրանց հայրենանվեր օրինակով դաստիարակելու առումով: