Հրաժարվել է

29/06/2010

Հունիսի 12-ին Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի մահից հետո այդ պաշտոնը դեռեւս թափուր է: Կոալիցիոն քվոտայով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված այդ պաշտոնում նոր վստահելի մարդ նշանակելու համար ԲՀԿ առաջնորդը դեռեւս փնտրտուքների մեջ է: Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մարզպետի պաշտոնն առաջարկել է ԲՀԿ-ական Սերգեյ Ադումյանին, ով արդեն 6 տարի աշխատում է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում` որպես տնօրեն, եւ նրա համար բավականին վստահելի մարդ է հանդիսանում: Ս. Ադումյանը քաղաքակիրթ ձեւով հրաժարվել է այդ բավական խոստումնալից պաշտոնից` պատճառաբանելով, իբրեւ հեռուստատեսային աշխատանքն իրեն ավելի հոգեհարազատ է: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ս. Ադումյանը հրաժարվել է, քանի որ առջեւում ընտրություններ են, եւ պատշաճ գործունեություն չծավալելու դեպքում կարող էր զրկվել ոչ միայն մարզպետի պաշտոնից, այլեւ Գ. Ծառուկյանի աջակցությունից ընդհանրապես: Նրա «հրաժարումից» հետո միայն ԲՀԿ առաջնորդը որոշել է Վայոց ձորի մարզը վստահել Սերգեյ Բագրատյանին: Նշենք, որ Ս. Բագրատյանը 2007-ին թիվ 39 ընտրատարածքից մեծամասնական կարգով մասնակցել է պատգամավորական ընտրություններին, սակայն պարտվել է ՀՀԿ-ական Սամվել Սարգսյանին: Ս. Բագրատյանը գործարար է եւ ղեկավարում է հեղուկ վառելիքի եւ սննդի առեւտրով զբաղվող «Սերգեյ Գրուպ» ընկերությունը: Նա ունի նաեւ տպագրական բիզնես, բացի այդ, Նորագավիթում գտնվող նույնանուն ռեստորանի սեփականատերն է: Վայոց ձորի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ մարզպետի թեկնածուները 3-ն են, սակայն բոլորի անունները չեն հիշում, քանի որ ամենահավանական թեկնածուն Ս. Բագրատյանն է: Ներկայումս մարզը ժամանակավորապես ղեկավարում է փոխմարզպետ, ՀՀԿ-ական Սամվել Թարվերդյանը: Նշենք նաեւ, որ թեեւ ԲՀԿ-ն արդեն նախորդ հինգշաբթի կառավարությանը ներկայացրել էր Ս. Բագրատյանի թեկնածությունը, սակայն նրա նշանակման հարցը կառավարության վերջին նիստում չքննարկվեց, ինչն էլ առիթ դարձավ խոսակցությունների, որ նա վարչապետի համար ցանկալի թեկնածու չէ: